Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հատկապես Արարատյան արտեզյան ավազանում ջրի հորիզոններն իջել են. Ինչպե՞ս խուսափել անապատացումից. JAMnews

Հունիս 17,2024 10:24

JAMnews. Փորձագետներն ահազանգում են, որ Արարատյան դաշտավայրի 500 մետր խորությամբ եռաշերտ ստորերկրյա ջրավազանը օդի տաքացման և գյուղացիների ու ձկնաբուծարանների կողմից անխնա օգտագործման արդյունքում տարեց տարի կրճատվում է։ Արդյունքում՝ Արմավիրի մարզի 32 գյուղեր դարձել են սակավաջուր, մինչդեռ այստեղ ժամանակին ծաղկել է գյուղատնտեսությունը հենց արտեզյան ջրերի շնորհիվ։

Հիդրոլոգ Բենյամին Զաքարյանն ասում է, որ մինչև 2005 թ-ը Արարատյան դաշտավայրում արտեզյան ջրերը հասանելի էին 2-3 մետր խորությամբ։ 2005-ից Հայաստանում սկսվել է ինտենսիվ ձկնաբուծությունը, ինչի հետևանքով արտեզյան ջրերը սկսել են նվազել և այժմ հասանելի չեն անգամ 15-20 մետր փորելու դեպքում։

Ձկնաբուծարանները շարունակում են սպառնալիք մնալ Արարատյան ստորերկրյա ջրավազանի համար

Հիդրոլոգ Բենյամին Զաքարյանի կարծիքով՝ ձկնաբուծարանները մեծ վնաս են հասցնում Արարատյան ստորերկրյա ջրավազանին։ Դրանց տված տնտեսական օգուտը պետության համար շատ ավելի քիչ է, քան այն վնասը, որ նրանք հասցնում են ՀՀ ջրային պաշարներին։ Ձկնաբուծարարնները մասնավոր են, ձուկը հիմնականում առաքվում է ՌԴ։ Եկամուտը ստանում են մասնավոր ընկերությունները, իսկ վնասը հասցվում է ՀՀ ջրի ազգային պաշարին։

Հիդրոլոգ Բենյամին Զաքարյանն ասում է, որ անգամ ձկնաբուծարանների՝ փակ ցիկլի անցումը հիմնովին չի լուծելու ջրի անխնա օգտագործման խնդիրը, քանի որ այդ տեխնոլոգիան 40 տոկոսով է կրճատելու ջրի օգտագործումը։

Հայաստանում կեղտաջրերի շատ քիչ տոկոսն է մաքրվում

Հիդրոլոգ, Ամերիկյան համալսարանի դասախոս Ալեն Ամիրխանյանը զգուշացնում է, որ  Հայաստանի ջրային պաշարներին սպառնում է ոչ միայն վերջին տարիներին արձանագրված սակավությունը, այլև աղտոտման խնդիրը։ Ջրերի մաքրման կայանները քիչ են, ցանցը մաշված է։ Շատ վայրերում կեղտաջրերը առանց մաքրման լցվում են գետեր ու Սևանա լիճ։

ՀՀն անդրսահմանային ջրերի օգտագործման խնդիր ունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ

Հայաստանում առկա է նաև անդրսահմանային ջրերի օգտագործման խնդիր, քանի որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բանակցություններ, պայմանավորվածություններ չկան դրանց օգտագործման շուրջ։ Հատկապես 2020 և 2023 թվականների Արցախում պատերազմական գործողությունների, 2021 և 2022 թվականների Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումից հետո ՀՀ որոշ ջրային ռեսուրսներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նաև Հայաստանի հարևան Թուրքիան իր տարածքում կառուցում է լայնածավալ ջրամբար Արաքս գետի վրա։ Դա կարող է մոտ 50 տոկոսով կրճատել Արաքսի ջրերի հոսքը Հայաստանում և լուրջ խնդիր առաջացնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930