Մեր դատարաններում օտարերկրացիների գործերով թարգմանների պակաս չի զգացվում: Հաճախ լսում ես եգիպտերեն, հնդկերեն, չինարեն, վրացերեն, քրդերեն……
2023թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ ՍՎ 127-րդ սահմանապահ ջոկատի «Նյուվադի» սահմանապահ ուղեկալի կողմից պահպանվող 10-րդ տեղամասով՝ Շվանիձոր-Նռնաձոր ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրի հարակից տարածքով անցնող փշալարային ցանցի տակով, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության, Թուրքիայի քաղաքացին հատել էր ՀՀ պետական սահմանը եւ մուտք գործել ՀՀ տարածք։
Այս տարվա հունվարի երեքից գործը դատարանում է: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանն էր նախ ստանձնել գործի վարույթը: Օտարերկրացու նկատմամբ հունվարի երեսունին խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Նա անազատության մեջ է 2023-ի հոկտեմբերի 23-ից:
Հանրային մեղադրողն էր Ն. Արշակյանը: Հունվարի 31-ին արագացված վարույթի հատուկ կարգով նա դատապարվեց 7 ամիս ժամկետով անազատության:
Կարդացեք նաև
Քրեական վերաքննիչ դատարան բողոք է բերել մեղադրողը, ով պահանջում է 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում: Վերաքննիչ դատարան կալանավորին չեն ներկայացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, ինչը պատճառ էր դարձել նիստը հետաձգել եւ նշանակել հունիսի 26-ին: Վերաքննիչ քրեական դատարանում այդ գործով նախագահող դատավորը Կարեն Հովհաննիսյանն է:
Մեկ այլ սահմանախախտ էլ 2023 թվականի հուլիսի 12-ին Վրաստանի Սադախլո գյուղի հատվածով մոտեցել էր հայ-վրացական սահմանային հատվածին եւ շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցման կետերը, առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության, Տավուշի մարզի վարչական տարածքով հետիոտն ապօրինի հատել է Հայաստանի պետական սահմանը եւ մուտք գործել ՀՀ, որտեղ ներկայացել է ՉԺՀ համապատասխան հյուպատոսական մարմին ու ստացել է իր անվամբ ՉԺՀ քաղաքացու նոր անձնագիր, որով օգոստոսի 4-ին փորձել է Բագրատաշեն սահմանային անցակետով ելք կատարել ՀՀ-ից:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Բադալյանը ստանձնել էր այս գործի վարույթը:
Հանրային մեղադրողն է Հ. Աղասարյանը:
Չյու Պեյ համայնքի Պա Տաո Շաո գյուղում հաշվառված օտարերկրացին դատապարտվել էր 1 տարի 25 օր անազատության: Նրա կալանքը փոխվել էր՝ ընտրվել բացակայելու մասին արգելք: Ապացույց ճանաչված «սահմանահատումների մասին պատմությունները» կպահվեն գործի նյութերում:
Հանրային մեղադրողը պահանջում է մասնակի բեկանել կամ փոփոխել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ մեղադրյալի նկատմամբ որպես լրացուցիչ պատիժ նշանակել ՀՀ տարածքից վտարելը՝ 7 տարի ժամկետով: Մեղադրյալի գործով մի անգամ հետաձգվել է նիստը թարգմանի բացակայության պատճառով: Հունիսի 20-ին բողոքի քննությունն է:
Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացին էլ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին, ժամը 12:50-ի սահմաններում, «դեռեւս ինքնությունները չպարզած անձանց» օժանդակությամբ փորձել է ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ անցնել Վրաստանի Հանրապետություն: Այս գործն էլ բացահայտվել էր Տավուշի մարզում: Հանրային մեղադրողն էր Վ.Ղազարյանը:
Ըստ մեղադրական եզրակացության, նա էլ թաքնվել էր մեկ այլ օտարերկրացու մեքենայի բեռնախցիկում, փորձելով Բագրատաշենը… Նրա նկատմամբ էլ ընտրվել էր կալանքը որպես խափանման միջոց, սահմանափակում էր կիրառվել այլ անձանց հետ հաղորդակցվելու համար, ապա այն վերացվել: Նա էլ դատապարտվել էր 5 ամիս ժամկետով անազատության: Մեղադրողը պահանջում է բեկանել դատավճիռը, Հայաստանից վտարել տասը տարով:
Դատարանում առկա սահմանախախտների գործերից մեկով, մեկ այլ եգիպտոսցի, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, Երեւան-Միլան չվերթով, 2024 թվականի հունվարի 17-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանային վերահսկողություն անցնելու ընթացքում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողներին ներկայացրել է պետական մարմնի կողմից տրվող, իրավունք վերապահող, դեռեւս չպարզված ժամանակ եւ հանգամանքներում ձեռք բերված, իր լուսանկարով եւ անվամբ՝ Իտալիայի Հանրապետության կեղծ նույնականացման քարտ եւ նույն տվյալներով՝ Իտալիայի կեղծված կացության կարգավիճակի քարտ, փորձել էր հատել ՀՀ պետական սահմանը, սակայն բռնվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից:
Նա կալանավորվել էր եւ ժամկետը լրանալուն մնացել է երեք օր, մինչեւ հունիսի 17-ն է: Մարտի 4-ին Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Սուսաննա Գզողյանը ընդունում է վարույթ, հանրային մեղադրողը Դ. Ներսիսյանն է: Նա էլ ապահովված է թարգմանով:
Նա դատապարտվել էր չորս ամսով ազատազրկման, պատժի սկիզբն էլ հաշվելով այս տարվա հունվարի տասնյոթը: Մեղադրողը միջնորդել է նրան տասը տարով վտարել Հայաստանից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.06.2024