Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Վրացական «Արիլի»-ի համարում միայն հայ հեղինակներ են՝ դասական ու ժամանակակից

Հունիս 17,2024 12:00

Վերջերս Վրաստանի ամենահեղինակավոր գրական ամսագրերից մեկի՝ «Արիլի»-ի հերթական համարում ամբողջովին հայ գրականության ներկապնակն էր՝ դասական գրողներից մինչեւ ժամանակակից։

Մենք զրույցի հրավիրեցինք նշյալ ամսագրի հրավիրյալ խմբագիր ու թարգմանիչ Ասյա Դարբինյանին։ Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ արեւելագետ, վրացերենի դասախոս, թարգմանիչ մեր զրուցակիցը ծնունդով Թբիլիսիից է, ուսանել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի հայագիտության բաժնում, այնուհետեւ մագիստրատուրայում՝ «Ժամանակակից հայոց լեզու եւ թարգմանչական գործ» մասնագիտությամբ։ Ներկայումս վրացերեն է դասավանդում Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի կովկասագիտության բաժնում։ Թարգմանում է գեղարվեստական գրականություն եւ պոեզիա, նաեւ կատարում է համաժամանակյա թարգմանություններ։ Ասյա Դարբինյանը 2016թ. արժանացել է Վախուշտի Կոկետիշվիլիի անվան մրցանակի՝ տարվա լավագույն չափածո թարգմանության համար։ Այժմ աշխատում է թեկնածուական թեզի վրա՝ «Թումանյանը եւ վրաց գրականությունը» թեմայով։

Անդրադառնալով «Արիլի» ամսագրի վերոնշյալ համարին, նախ հետաքրքրվեցինք նման եզակի գաղափարի առնչությամբ։ «Այդ ամսագիրը գրողների գրական-հասարակական միավորում է, որը նախ լույս է տեսել գրական շաբաթաթերթի ձեւաչափով, ապա տարիների ընթացքում վերածվել է գրական ամսագրի։ «Արիլի»-ն հարուստ ավանդույթներով եւ բարձր ճաշակով պարբերական է, որը մեծ սեր ու ճանաչում է վայելում ընթերցողների շրջանում։ Ամսագիրը Վրաստանում լույս է տեսնում 1994թ.-ից, հիմնականում ծառայելով վրաց գրականության հանրահռչակմանը։ Ինչ վերաբերում է հայկական համարի տպագրության գաղափարին, ամսագրի խմբագիրները՝ Մալխազ Խարդեդիան եւ Լեքսո Դորեուլն, արդեն ունեցել են ֆրանսիական եւ իտալական համարների տպագրության փորձ՝ Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանատների հետ համագործակցության արդյունքում։ Խմբագիրներն ինձ հետ կապվեցին որպես Հայաստանի ՓԵՆ կենտրոնի հայ-վրացական հարաբերությունների համակարգող եւ թարգմանիչ, առաջարկեցին համագործակցել հայկական համարը կազմելու գործում։ Ֆինանսական աջակցության խնդրանքով դիմեցինք Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին, ով սիրով համաձայնեց»,- հայտնեց թարգմանիչը։ Նա հավելեց նաեւ. «Քանի որ ամբողջ հայ գրականությունը պետք է ներկայացվեր մեկ համարի շրջանակներում, դա շատ մեծ մարտահրավեր էր, ինչպես գիտեք՝ ամսագիրը սահմանափակ է էջերի քանակով։ Հետեւաբար մենք հնարավորինս փորձել ենք ներկայացնել ինչպես դասական գրողներին, այնպես էլ ժամանակակից»։ Խնդրեցինք ներկայացնել համարում տեղ գտած հայ հեղինակների անունները։ «Նարեկացի, Քուչակ, Սայաթ-Նովա, Չարենց, Սեւակ, Մաթեւոսյան, Վարուժան, Սիամանթո ու նաեւ Գիվի Շահնազար, Անահիտ Բոստանջյան, ժամանակակից գրողներից՝ Արփի Ոսկանյան, Արմեն Հայաստանցի, Կարեն Անտաշյան, Անուշ Քոչարյան, Աննա Դավթյան, Տաթեւ Չախեան, Անահիտ Հայրապետյան, Վիոլետ Գրիգորյան, Մարինե Պետրոսյան, Հասմիկ Սիմոնյան, Սարգիս Հովսեփյան։ Թող անհամեստ չհնչի, բայց իսկապես աննախադեպ  հանդես է ստացվել բոլոր իմաստներով՝ թե բովանդակությամբ, որ ներառում է եւ ժամանակակից, եւ դասական հայ գրողների գործեր, թե վրաց գործընկերներիս հեղինակած վերլուծական նյութերի, նաեւ հարցազրույցների խորությամբ։ Այս առիթով թույլ տվեք շնորհավորանքներ հղել բոլորիս»,- պատասխանեց Ասյա Դարբինյանը։

 Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
15.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930