Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հիշողության մեջ այսքան մեծ թվով տուժողներ լուսաձայնային նռնակներից մինչեւ այս պահը մենք չենք ունեցել»

Հունիս 17,2024 13:00

Ըստ Նինա Կարապետյանցի՝ եթե միջազգային դերակատարները իսկապես պատրաստ են աջակցել ՀՀ-ին, ՀՀ ժողովրդին, պետությանը՝ դառնալ ժողովրդավար, կայացած, ինստիտուցիոնալ պետություն, պետք է արձագանքեն՝ անկախ նրանից, թե ով ում նկատմամբ, ինչ վերաբերմունք ունի, քանի որ այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե օրվա իշխանությանը, ցույցերի կազմակերպիչներին կամ իրենց նախընտրած ուղիներին, այլ խոսքը վերաբերում է ՀՀ-ին ու հայաստանցիներին։

«Իմ հիշողության մեջ այսքան մեծ թվով  տուժողներ լուսաձայնային նռնակներից մինչեւ այս պահը մենք չենք ունեցել։ Իմ հիշողության մեջ սա ամենամեծ թիվն է տուժողների»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառմանը՝ այսպես պատասխանեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը։

Մեր այն փաստմանը՝ շարժման առաջնորդները հայտարարում են, որ ողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ ոստիկանության եւ գործող իշխանությունների վրա, մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ եւ պրոֆեսիոնալ, նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ, Նինա Կարապետյանցն այսպես արձագանքեց. «Սա ստանդարտ իրավիճակ է։ Պետք է հասկանալ, որ վերջին 30 տարիների ընթացքում բոլոր ցուցարարները մեղադրում են օրվա իշխանություններին, բոլոր ժամանակների իշխանությունները մեղադրել են ցուցարարներին։ Մենք հազարավոր, հարյուրավոր դեպքեր ենք տեսել նմանատիպ ցույցերի, մեծ բախումների հետ կապված, բայց նաեւ  պետք է հասկանալ, որ որեւէ իշխանություն մինչեւ այս պահն առանձնապես իրեն չի հռչակել՝ որպես ժողովրդավարության բաստիոն։ Այն, ինչ տեղի ունեցավ, դա ցավալիորեն կանխատեսելի էր, որ պետք է լինի ոստիկանության ուժի գործադրում. դրա մասին էին խոսում մի քանի իրադարձություններ։ Առաջինը՝ դեռ 2019-ին փակված գործերը, որոնք հարուցվել էին Սերժ Սարգսյանի ժամանակ՝ Էլեկտրիկ Երեւան, Սարի թաղ, լրագրողների նկատմամբ բռնություն։ Այդ գործերը Սերժ Սարգսյանի ժամանակ չէին փակվել, չէին կարճվել, որովհետեւ նա եւ իր թիմը  հասկանում էր, որ այդ գործերը հենց այդպես փակել չի կարելի. դա ինչ-որ հետեւանք պիտի ունենա։ Արհեստականորեն ձգձգում էին։ Սակայն Նիկոլ Փաշինյանի ժամանակ այդ գործերը փակվեցին։ Փակվեցին դեռեւս 2019-ին։ Դրան հաջորդեց բոլորովին վերջերս Լեւոն Երանոսյանի վերաբերյալ բացարձակ նույնանման իրավիճակ, որը մենք ունեցանք օրեր առաջ։ 2018-ին տեղի ունեցած գործընթացը, որի վերաբերյալ դատախազությունը քրեական գործ էր հարուցել, համարել էր, որ բավարար են հիմքերը դատարան ուղարկելու համար, մեղքը ապացուցված էր համարել եւ ապացույցները բավարար էր համարել, եւ տարիներ շարունակ այդ գործը քննվեց դատարանում, բայց մի քանի օր առաջ այդ գործը բարեհաջող կարողացան փակել՝ օգտագործելով օրենքի հնարավորությունները՝ մի մասը վաղեմության ժամկետով, մի մասն էլ համաներումով։ Այնքան ձգձգեցին, մինչեւ վաղեմության ժամկետով մի հոդվածով չեղարկեցին, մյուսով արդեն ընկնում էր համաներման օրենքի տակ։ Դա հաջորդ ցուցիչն էր, որ լինելու են բախումներ եւ վերջապես բախումներին նախորդող օրերին գործող իշխանության՝ տարբեր ռանգի չինովնիկներ անընդհատ խոսում էին բախումների մասին, եւ բախումներից ժամեր առաջ վարչապետը հանրային թիվ մեկ ամբիոնից հայտարարեց, որ ոստիկանությունը կատարում է իր գործողությունները, պատմեց՝ ինչպես է ինքը ներել այն ոստիկաններին, որոնք այդ թվում նաեւ իր նկատմամբ են բռնություն կիրառել ու ասաց, որ ոստիկանության պատասխանատվության հարց չի բարձրացվելու։ Ակնհայտ էր, որ իշխանությունները հրահանգ են տալու տանել բախումների եւ օգտագործել ուժ, շատ կոշտ գնալ բախումների։ Բոլոր ժամանակների իշխանությունները, ոստիկանությունը շատ լավ  տեղեկացված են, թե ինչպես է կարելի պրովոկատորների միջոցով այդ ամենը կազմակերպել։ Ամեն դեպքում այդ ուժը կիրառվելու էր, քանի որ ամեն ինչ խոսում էր դրա մասին»։

Իսկ թե արդյոք կա՞ր անհրաժեշտություն այդ ուժը կիրառելու եւ արդյոք դա իրավաչա՞փ էր, իրավապաշտպանն ասաց. «Իմ տեսած տեսանյութերով՝ հրապարակային  եւ ոչ հրապարակային տեսանյութեր, որ նայել եմ, ամբողջ  գնահատականը, դեռ պատկեր չունեմ։ Չեմ գտնում, որ այս պահի դրությամբ իմ ունեցած տեղեկություններով՝ անհրաժեշտություն է եղել լուսաձայնային նռնակներ  օգտագործելու։ Այն պատրվակը՝ իբր շշեր են նետվել ոստիկանության նկատմամբ, չի կարող հիմք հանդիսանալ լուսաձայնային նռնակներ օգտագործելու համար։ Այսինքն՝ այդ աստիճանի լարվածություն եւ այդ տեսակ հետեւանքների համար մի քանի շիշ նետելը բավարար հիմնավորում չէր կարող համարվել։ Այն տեսանյութերը, կադրերը, որ տարածվում են, որ մարդիկ, ցուցարարները շշեր ու քարեր են շպրտում, դրանք եղել են արդեն կրակոցից հետո, եւ դա գուցե արձագանքն էր ցուցարարների՝ տեղի ունեցածի նկատմամբ։ Պետք է շատ հստակ, ազնիվ լինել, որ այդ նույն տեսանյութերում  նաեւ ոստիկանների կողմից են շշեր եւ քարեր նետվում ցուցարարների  ուղղությամբ։ Դա այնքան ակնհայտ է։ Եթե ուժ գործադրել- չգործադրելու անհրաժեշտությունը դեռ կասկածի տակ է՝ կարիք կար, թե՝ ոչ, ապա այն մեթոդը, որով օգտագործել են լուսաձայնային նռնակները, դա արդեն իսկ ես հենց հիմա կարող եմ որպես հանցագործություն գնահատել։ Դա ունի հատուկ կարգ կիրառելու եւ այդ կարգն ամբողջությամբ խախտվել է՝ սկսած նրանից, որ  բարձրախոսով բավարար բարձր պիտի հայտարարվեր, որ օգտագործվելու են հատուկ միջոցներ, վերջացրած, թե ինչպես են մարդկանց ուղղությամբ, խիտ բազմության ուղղությամբ կրակել այդ նռնակները։ Դրա հետեւանքները մեծ թվով վնասվածք ստացած տուժողներն են»։

Ըստ Նինա Կարապետյանցի՝ շատ կարեւոր է, որ կազմակերպիչները, անկախ նրանից, թե մարդիկ ինչպես են վերաբերվում, ինչ գնահատական են տալիս, համաձայն են, թե՝ ոչ, կազմակերպիչները հստակ պիտի հասկանան, որ պրովոկացիաներ անպայման լինելու են. «Դա չի նշանակում, որ իրենք պետք է դադարեն ինչ-որ գործողություններ անել՝ երթեր, ցույցեր, հավաքներ, ելույթներ, որ կոշտ չլինեն իրենց գնահատականների մեջ կամ  իրենց վերաբերմունքը չձեւավորեն, բայց պիտի նաեւ գիտակցեն, որ մեծ թվով մարդկանց հավաքված լինելու պարագայում չի բացառվում, որ կարող են լինել մարդիկ, որոնց նյարդերը տեղի տան։ Պետք է անընդհատ ուշադիր լինել ու զգուշացնել հնարավոր պրովոկատորների մասին, քանի որ դա ավանդույթ է դարձել մեր պատմության մեջ, երբ հատուկ ներդրվում են մարդիկ՝ պրովոկատորներ, որոնք տանում են բախումների։ Եվ դա պետք է իշխանություններին։ Այնպես որ, պատասխանատվության մասնաբաժին ունեն ցուցարարների ղեկավարները. իրենք պետք է հնարավորինս ուշադիր լինեն, եթե իսկապես պատրաստ են խաղաղ ցույց անելու։ Բացառապես խաղաղ հավաքներն են պաշտպանված օրենքով»։

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք միջազգային հանրության արձագանքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունն է հայտարարություն տարածել, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Իրենք այդպես ավանդույթի համաձայն դիվանագիտական լեզվով կոչ են արել մշտապես երկու կողմերին, բայց նաեւ միջազգային կառույցները չպիտի անտարբեր մնան, քանի որ իրենց անտարբերության, լռության կամ իրենց կրավորականության, ոչինչ չասող հայտարարությունների արդյունքում է, որ բոլոր ժամանակների իշխանությունները թեւավորվել են ու համարել, որ իրենց գործողությունները դատապարտման ենթակա չեն, եւ իրենք ունեն սատարում տարբեր միջազգային կառույցների։  Հատկապես այն կառույցները, որոնք մեծ ներդրում ունեն ժողովրդավարության զարգացման մեջ ե՛ւ մասնագետների առումով, ե՛ւ աջակցության, ե՛ւ ֆինանսական աջակցության առումով, բարեփոխումների իրականացման հարցում, պիտի հասկանան՝ ուղղակի լռելը, ոչինչ չասելը կամ վերացական, զուտ ասելու համար հայտարարություն անելը շատ վտանգավոր է։ Եթե իսկապես պատրաստ են աջակցել ՀՀ-ին, ՀՀ ժողովրդին, պետությանը դառնալ ժողովրդավար, կայացած, ինստիտուցիոնալ պետություն, պետք է արձագանքեն՝ անկախ նրանից, թե ով ում նկատմամբ, ինչ վերաբերմունք ունի, քանի որ այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե օրվա իշխանությանը, ցույցերի կազմակերպիչներին կամ իրենց նախընտրած ուղիներին, այլ խոսքը վերաբերում է ՀՀ-ին ու  հայաստանցիներին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930