Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչները դեռ չեն հաշտվում այն մտքի հետ, որ գյուղը դարձել է սահմանամերձ ու թշնամու դիտարկման տակ է։ Ու թեւ ադրբեջանական զորքերը Վերիշենից հեռու են մի քանի կիլոմետր, սակայն կառավարությունը մինչ օրս դեռ սահմանամերձ գյուղի կարգավիճակ չի տվել Վերիշենին։
44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցիները ներխուժեցին Սյունիքի մարզ եւ բռնազավթեցին ռազմավարական նշանակության բարձունքները, Սյունիքի մեծ թվով համայնքներ հայտնվեցին թշնամու թիրախում։ Բարձրավան, Որոտան, Շուռնուխ, Հարթաշեն, Վերիշեն, Տեղ, Խոզնավար, Արավուս․ սրանք Գորիսի շրջանի այն գյուղերից են, որոնք անվտանգային լուրջ խնդիրներ ունեն այսօր, որոշ գյուղերի գյուղատնտեսական նշանակության հողերն ու արոտավայրերը ադրբեջանցիները բռնազավթել են։ Մարդիկ լիարժեք չեն կարողանում զբաղվել անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ։
Վերիշեն համայնքի բնակիչ Գրիգոր Հայրապետյանն ասում է․ «Մի կերպ դիմանում ենք այս իրավիճակին, անհայտությանը, չգիտենք՝ ոնց կլինի Սյունիքի ապագան, բայց հուսով ենք, որ լավ կլինի։ Վերիշենը, որ նախկինում կոչվում էր Հին Գորիս եւ որի վարչական տարածքում է գտնվում Սեւ լիճը, արդեն դարձել է սահմանամերձ։ Բայց քանի որ բնակավայրից մինչեւ դիրքեր 5-6 կմ տարածք է, դրա համար կառավարությունն առայժմ մեզ սահմանամերձի կարգավիճակ չի տալիս։ Բայց եթե նրանք հետ չգնան, սահմանազատում չլինի, մեր վիճակը լավ չի լինի, մեր գյուղի վերջին տնից մինչեւ սահման 4 կմ է, հետեւաբար, մեզ սահմանամերձի կարգավիճակ պիտի տան»։
Կարդացեք նաև
2022 թվականի սեպտեմբերյան հարձակման օրերին Վերիշենը եւս եղել է թշնամու թիրախում, 4 տուն է վնասվել, վիրավորվել է քաղաքացիական անձ։ «Մեր ժողովուրդը չեն վախենում, բայց անհանգստանում են։ Կրակելու ժամանակ կարծես սովորություն կար ժողովրդի մեջ, իսկույն իջնում էին ապաստարան, մեր գյուղի բոլոր տներն էլ երկհարկանի են, ունեն ապաստարաններ։ Չգիտեմ՝ մենք ինչո՞ւ հասանք այս օրվա։ Երբ մենք ցավալիորեն նաեւ Ղարաբաղը կորցրինք, դա մեր պատմության ամենադժգույն ու դառը էջերից մեկն էր։ Մենք կորցրեցինք մեր տարածքները, որովհետեւ մեզ խաբեցին, Ռուսաստանը խաբեց, ասաց՝ ձեր կողքին ենք, բայց ստացվեց այնպես, որ մեր կողքին չէին»,- նշում է։
Վերիշենի բնակչուհի Աիդան ասում է, որ գյուղում անվտանգային խնդիրներն են սրվել, բայց հավելում է՝ առաջխաղացում ու դրական միտում էլ կա։ Հարցին, թե ո՞րն է դրականը, պատասխանում է․ «Առաջխաղացումն այն է, որ հիվանդանոց ենք գնում, փող չեն վերցնում, երեխաներին էլ անվճար ու շատ սիրալիր սպասարկում են»։ Այնուհետեւ շարունակում է․ «Բայց վատ է, որ մեր հողերը կորցրեցինք, բայց մենք չենք վախենում ու այստեղից դուրս չենք գալու։ Մեր տարածաշրջանում շատ գյուղեր են դարձել սահմանամերձ, մարդկանց համար սովորական է դարձել, տղամարդիկ գնում են պոստեր, կանայք էլ իրենց գործն են անում։ Վատ է, որ հարմարվեցինք այս իրավիճակին, մեր հողերը տվեցինք, ես ափսոսում եմ, որ մեր հողերը տալիս ենք։ Թե ո՞վ տվեց հողերը, մենք չենք հասկանում, դա քաղաքականություն է, մեկն ասում է՝ Նիկոլը տվեց, մյուսն ասում է՝ նախկինները տվեցին։ Բայց մենք ծանր ենք տանում, որ մեր հողերը կորցրեցինք»,- նշեց նա։
Վերիշենի բնակչուհի Արմինե Բակունցը ցույց է տալիս գյուղի չորս կողմի բարձունքները ու ասում․ «Չորս կողմում նստած են թուրքերը՝ այս մի տարածքի վերեւի հատվածում Սեւ լճի տարածքն է, մյուս կողմում սարի հետեւում Խոզնավար-Խնածախի հատվածն է, մյուս հատվածը Խնձորեսկի հատվածն է, իսկ այս սարի հետեւում՝ Իշխանասարն է։ Գորիսն ու հարակից գյուղերը ափի մեջ են։ Այս պահին մենք ամբողջությամբ դիտարկման տակ ենք, գյուղի որ հատվածից վերեւ բարձրանանք, իրենք կան, իրենց դրոշը ծածանվում է»։
Նրա խոսքով՝ այնպիսի իրավիճակ է, ոչ մարդիկ կարծես հարմարվել են առկա իրավիճակին։ «Շատ մարդիկ էլ կարծես ճար չունեն, ո՞ւր գնան, մնում են իրենց գյուղում։ Շատերն էլ հոգով ուժեղ են, կառչած են իրենց արմատներին։ Ես նրանցից մեկն եմ, չեմ գնալու ոչ մի տեղ, մինչեւ վերջին պահը ես կմնամ այստեղ»։
Արմինեն նշում է, որ իրենք երբեւիցե չեն պատկերացրել, որ այսպիսի իրավիճակում կհայտնվեին։ «Իմ ամուսնու եղբայրները Արցախի ազատագրված տարածքներում էին բնակվում, ես շրջել եմ ազատագրված տարածքներում, այնքան հեռու էր այստեղից, ո՞ւմ մտքով կանցներ, որ մի օր ադրբեջանական դիրքերը մեզ մոտ կգտնվեին։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Մենք Սյունիքը պետք է պահենք, եթե չլինի Սյունիք, չի լինի Հայաստանը։ Սյունիքն այս պահին էլ ամուր է, այստեղ կան մարդիկ, ովքեր պատրաստ են նույնիսկ իրենց ամենավերջին ճիգերը ներդնել, որ Սյունիքը կանգուն մնա»,- նշեց Արմինե Բակունցը։
Արմինե Բակունցն ընտանիքի հետ Վերիշենում պեմզաբլոկի արտադրություն է հիմնել։ Ասում է՝ զարգացնելու են իրենց բիզնեսը՝ նպաստելով գյուղի ու մարզի զարգացմանը։ Ասում է՝ «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման. EU4IMPACT Armenia» ծրագրի շահառու են դարձել՝ մասնակցելով դասընթացների ու ստանալով ֆինանսական աջակցություն։
Արմինեն ասում է․ «Ես լավատես եմ տրամադրված եւ հոգի եմ դնում այս գործի մեջ։ Բնականաբար, ռիսկերը հաշվի ենք առել։ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ, երբ նաեւ մեր գյուղն էին գնդակոծում, այդ շրջանում ոչ մի վաճառք չունեինք, ժողովուրդը չգիտեին՝ ինչ անել, մնալ, թե՞ չմնալ գյուղում։ Բայց հիմա իրավիճակը կայուն է։ Ես այս գյուղում եմ ծնվել, չեմ էլ մտածում այստեղից տեղափոխվելու մասին»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ