Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների համար բնակապահովության ծրագիր. հարցեր եւ պատասխաններ

Հունիս 16,2024 20:47

Հունիսի 15-ից մեկնարկեց Արցախից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիրը: Ծրագրի հետ կապված արցախցիները բազմաթիվ հարցեր ունեն, որոնցից որոշների պատասխանները փորձեցինք ստանալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանից:

-Պարոն Խաչատրյան, հունիսի 15-ից Արցախից բռնի տեղահանվածների բնակարանաշինության, բնակարանային ապահովության ծրագիրն ուժի մեջ է: Կարո՞ղ եք ներկայացնել՝ ի՞նչ է նախատեսվում ծրագրով, ի՞նչ առաջնահերթություններ են սահմանված:

-Ծրագրին շահառու դառնալու ընթացակարգը դեռեւս մայիսին, կառավարության 710 որոշմամբ էր հաստատվել: Հունիսի 14-ին կառավարության նիստում հաստատվեց կարգը, որով նկարագրվում է ծրագրից բխող քայլերի հաջորդականությունը, ընթացակարգը: Եվ, ըստ այդմ, հունիսի 15-ից մեր պոտենցիալ շահառուները՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածները, կկարողանան առցանց եղանակով դիմել աջակցությունից օգտվելու համար:

-Մի քիչ մանրամասնեք, ի՞նչ է սահմանվում ծրագրով՝ ովքե՞ր, ի՞նչ ընթացակարգերով կարող են դիմել:

-Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնց թիվը գնահատվում է շուրջ 25 հազար ընտանիք, կարող են դառնալ այս ծրագրի շահառու: Ծրագրի շահառու դառնալուն պես, ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ անկախ տարիքից եւ սեռից, այսինքն, փոքրերը նույնպես, կունենան աջակցության որոշակի չափ՝ հավաստագրի տեսքով: Այդ հավաստագրերն իրենք կարող են ուղղել կոնկրետ բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելուն, կառուցելուն: Աջակցության չափը՝ կախված բնակավայրից, 3-5 միլիոն դրամ է՝ յուրաքանչյուր անձի մասով:

5 միլիոնի համար մենք ունենք շուրջ 240 բնակավայրեր, այդ թվում նաեւ՝ քաղաքային, որտեղ մեր հայրենակիցները կկարողանան ավելի բարենպաստ պայմաններով բնակարաններ ձեռք բերել: Ունենք շուրջ 150 բնակավայր, որտեղ հավաստագրի արժեքը կլինի 4 միլիոն դրամ: Մնացած բոլոր բնակավայրերում հավաստագրի աջակցության չափը կլինի 3 միլիոն դրամ: Ծրագիրը բոլորի համար է, բայց փուլային դիմում ենք նախատեսում. առաջին փուլով կարող են դիմել 3 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածների ընտանիքները, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ունեցող ընտանիքները: Ինչպես նաեւ ընտանիքները՝ անկախ կազմից, եթե իրենք աջակցության չափի 50 տոկոսից ավելիի չափով կկարողանան հիփոթեքային գործարք կնքել բանկի հետ. այսինքն, եթե վճարունակ են:

-Ո՞ր քաղաքային բնակավայրերի մասին է խոսքը, քանի որ դժգոհությունները շատ են, որ առաջարկները գյուղական, սահմանամերձ բնակավայրերի համար են:

-Հինգ միլիոն արժողությամբ հավաստագրերի ցանկում կան գյուղական եւ քաղաքային բնակավայրեր Արարատի մարզից, Գեղարքունիքի մարզից, Տավուշի մարզից, Վայոց ձորի մարզից, Սյունիքի մարզից: Քաղաքային բնակավայրերից, օրինակ, Գորիս քաղաքն ունենք, Ճամբարակը եւ այլն: Ընդհանուր առմամբ, 11 քաղաքային բնակավայր 4 կամ 5 միլիոնանոց հավաստագրերի ցանկում են:

-Ենթադրենք, թե մարդիկ 5 մլն-անոց հավաստագրով, ավելի լավ պայմաններով նախատեսված սահմանամերձ գյուղ կամ քաղաք գնան բնակվելու, բայց գաղտնիք չէ, որ ենթակառուցվածքների, աշխատավայրերի խնդիր կա Երեւանից դուրս: Ինչպե՞ս պիտի ապրեն:

-Ընտրությունը կատարվել է այն մոտեցմամբ, որ վերջին տարիներին այս բնակավայրերում որոշակի պետական ներդրումներ են կատարվել եւ առաջիկայում նույնպես շարունակվելու են ներդրումները: Հիմնականում ենթակառուցվածքային ներդրումներ են՝ դպրոցներ, մանկապարտեզներ, ամբուլատորիա, ճանապարհներ, Հյուսիս-Հարավ մայրուղին եւ այլն: Հետագայում զբաղվածության որոշակի հնարավորություններ ստեղծելու եւ ավելի գրավիչ դարձնելու համար, հնարավոր է որոշակի տնտեսական բարեփոխումներ իրականացվեն՝ գուցե հարկային համակարգում, որպեսզի այս բնակավայրերը զբաղվածության իմաստով է՛լ ավելի գրավիչ դառնան:

-Որքանո՞վ է իրատեսական այդ գումարով բնակապահովման հարց լուծել:

-Յուրաքանչյուր ընտանիք ունի ե՛ւ 3, ե՛ւ 4, ե՛ւ 5 միլիոն դրամանոց հավաստագրից օգտվելու հնարավորություն՝ կախված նրանից, թե իր ընտրած բնակավայրը, որտեղ պետք է ձեռք բերի տունը, որն է: Եթե, օրինակ, ընտանիքը ցանկանա տուն կառուցել կամ բնակարան ձեռք բերել Գորիս քաղաքում, ապա, 6 հոգանոց ընտանիքի դեպքում, աջակցության չափը կկազմի 30 միլիոն դրամ (յուրաքանչյուրին՝ 5 մլն դրամ): Եթե կցանկանա ձեռք բերել Հրազդան քաղաքում, ապա նույն 6 հոգանոց ընտանիքի համար, աջակցության չափը կկազմի 18 միլիոն դրամ (յուրաքանչյուրին՝ 3 մլն դրամ):

-Հայտնի է, որ ծրագրին մասնակցելու գլխավոր պայմանը ՀՀ քաղաքացիություն ստանալն է: Բացի նրանցից, ովքեր ՀՀ քաղաքացիություն չեն ստացել, էլ ովքե՞ր չեն կարող օգտվել այս ծրագրից:

-Ծրագրից բացառություն այն ընտանիքներն են, ովքեր արդեն ԼՂՀ առանձին շրջաններից տեղահանվածների ծրագրով արդեն ձեռք են բերել բնակարան կամ ունեն հավաստագրերը, բայց դեռ չեն իրացրել: 2600 -ից ավելի ընտանիքների մասին է խոսքը: Մյուս խումբն էլ այն ընտանիքներն են, որոնք Հայաստանում ունեն իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ տուն:

-Ծրագրի մանրամասները քննարկվե՞լ են արցախցիների հետ:

-Դեռ այս տարվա հունվար ամսին, կառավարությունը սկսել է քննարկումները տարբեր շահագրգիռ կողմերի հետ. 11 մարզային այցելություն եւ հանդիպում ենք ունեցել, որոնց ժամանակ, տեղահանված մի քանի հարյուր մեր հայրենակիցների հետ՝ ուղիղ հարց ու պատասխանով մենք  քննարկումներ ենք ունեցել, որոնց արդյունքում բավականին փոփոխությունների է ենթարկվել ի սկզբանե նախատեսված ծրագիրը, բնականաբար, հօգուտ մեր հայրենակիցների: Նաեւ ունեցել ենք տարբեր շահագրգիռ խմբերի՝ ՀԿ-ների, ԼՂ որոշ շահագրգիռ անդամների հետ, նրանց մեջ էին նախկին պաշտոնյաներ նույնպես, ունեցել ենք քննարկումներ կառուցապատողների, բանկերի հետ: Կարծում եմ, բավական քննարկված է ծրագիրը, հիմնական խնդիրները բարձրացված ու նախագծված են:

-Տարբեր տեսակի վարկային պարտավորություններ, ասենք՝ հիփոթեքային, ունեցողները կարո՞ղ են օգտվել ծրագրից:

-Ծրագրի շրջանակներում, այո, այդ խմբի համար եւս կա նախատեսված աջակցություն. նախատեսում ենք, որ գործող հիփոթեք ունեցող ընտանիքներին, ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի մասով, 2 միլիոն դրամ կուղղվի հիփոթեքի մայր գումարի մարմանը: Ասենք, 6 հոգանոց ընտանիքն ունի 2020 կամ 2018 թվականին հիփոթեքով վերցրած բնակարան, այս պահին մնացորդը կազմում է 14 հազար դրամ, ապա, իրենց կուղղվի 12 միլիոն դրամ՝ 90 տոկոսով վարկը մարելով:

-Ոչ բազմանդամ ընտանիքների համար՝ 1-3 անձ ունեցող, արտոնություններ լինելո՞ւ են՝ հաշվի առնելով բնակարանների արժեքի եւ տրամադրվող գումարի անհամաչափությունը:

-Եթե 2 կամ 3 հոգի նկատի ունեք տարեց մարդկանց, նրանց համար մեկ այլ ծրագիր է նախապատրաստվում: Մենք ունենք բազմաթիվ գույքեր՝ պետական եւ համայնքային նշանակության, որոնք նախապատրաստվում են իբրեւ սոցիալական բնակարաններ՝ խոցելի խմբերի համար: Սա նաեւ հնարավորություն կտա այդ բնակարաններում ապրողներին՝ լինել պետության հոգածության ներքո:

Իսկ երիտասարդ կազմով ընտանիքներին՝ 2-3-4 անդամ ունեցող, կարծում ենք, որ ծրագրով, այնուամենայնիվ կկարողանան բնակարան ձեռք բերել: Տեսեք, նույն Գորիսում, 2-3 հոգանոց ընտանիքը, եթե ցանկանա բնակարան ձեռք բերել, նրանց 10-15 միլիոն դրամ է տրամադրվելու. այդ գումարով, 2 հոգանոց ընտանիքի համար նորմա համարվող 40 քառակուսի մետր բնակմակերես, կարծում ենք, կկարողանան ձեռք բերել: Բնակմակերեսի  մեկ մետր քառակուսու արժեքը կազմում է 250 հազար դրամ, իսկ նման գումարով, Սյունիքի մարզում հնարավոր է ձեռք բերել տուն կամ բնակարան:

-Բազմազավակ ընտանիքներ կան, որոնց երեխան չափահաս է դարձել Հայաստանում: Այսինքն՝ տեղահանման ժամանակ երեք եւ ավելի անչափահասներ էին, հիմա՝ երկուսը : Նման դեպքերում հաշվարկներն ինչպե՞ս են կատարվելու:

-Ծրագրի պայմաններում մենք ամրագրել ենք՝ չափահասությունը ֆիքսելու ենք տեղահանման օրերի դրությամբ. այսինքն, սեպտեմբերի 19-ին, եթե անձի տարիքը եղել է 18-ից պակաս, ապա անձը կհամարվի անչափահաս եւ իրենք կընկնեն երեք անչափահաս երեխայի ընտանիքի հերթի մեջ:

-Ծրագիրը լրացման, փոփոխման ենթակա՞ է՝ ինչ-ինչ իրավիճակներով պայմանավորված:

-Բնականաբար, մենք ծրագրերը չենք մշակում եւ հաստատում այն մտքով, որ այլեւս այն փոփոխման ենթակա չէ, որովհետեւ մեր նպատակը մեր հայրենակիցների բնակարանային ապահովումն է: Եթե որոշ ժամանակ անց կլինի մի իրավիճակ, որ ծրագիրը չի ստացվում իրացնել, օրինակ, անշարժ գույքի շուկայում գներն այնքան են բարձրացել, որ մեր աջակցությունը չի բավարարում, բնականաբար, մենք կարձագանքեք դրան եւ կտանք լուծումներ. դրանք կարող են տարբեր լինել: Առաջիկայում փոփոխությունների կարիք չենք տեսնում, հիմա շուտ է այդ մասին խոսել-մտածել, որովհետեւ դեռ նոր է մեկնարկում ծրագիրը: Գնահատականներ կարող ենք տալ որոշ ժամանակ անց: Կարծում եմ, միառժամանակ ծրագիրն իրացվելի կլինի. փոփոխությունները չեն բացառվում խիստ որոշակի դեպքերի հետ կապված՝ հնարավոր է տեխնիկական խնդիրներ լինեն, բայց ծրագրի հիմնական պայմանների փոփոխություն, մոտակա ժամանակներում, չենք տեսնում:

Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ։

Ասպրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930