Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղությունը չի կարող լինել Հայաստանի կապիտուլյացիայի հաշվին․ ԱՄՆ-ն ճնշում է, բայց պատասխանատվություն չի կրում հետեւանքների համար»․ Խոսրով Հարությունյան

Հունիս 16,2024 16:30

«Առավոտի» զրուցակիցն է 1992-1993 թվականներին ՀՀ վարչապետ Խոսրով Հարությունյանը։

-Պարոն Հարությունյան, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն կա, քանի որ Ռուսաստանը կանգնած է դժվարությունների առաջ։ Ըստ նրա՝ այժմ հիանալի պահ է, քանի որ այդ երթուղու երկայնքով ընկած երկրները ցանկանում են կրճատել ռուսական ազդեցությունը։ Ինչպե՞ս եք գնահատում ամերիկյան կողմի այս դիրքորոշումը, եւ արդյոք այժմ բարենպաստ իրավիճա՞կ է պայմանագիր կնքելու համար։

-Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգներին հետաքրքրում է ցանկացած քաղաքականություն, որի ձեւավորման գործում որեւէ մասնակցություն չի ունենա Ռուսաստանը։ Ավելին, այնպիսի խաղաղություն, որը հնարավորություն կստեղծի էլ ավելի կրճատել Ռուսաստանի ազդեցությունն ընդհանրապես Հարավային Կովկասում, մասնավորապես, Հայաստանում։ Սա ամերիկյան քաղաքականությունն է, եւ նրանք չեն էլ թաքցնում դա։ Մենք պետք է արձանագրենք մի պարզ իրողություն՝ Արեւմուտքին ընդհանուր առմամբ, իսկ ԱՄՆ-ին մասնավորապես այս տարածաշրջանի երկրները հետաքրքրում են այնքանով, որքանով կարող են նրանց միջոցով ինչ-որ անհարթություն կամ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար։ Սա իրենց ընդհանուր քաղաքականությունն է։

Ինչ վերաբերում է խաղաղությանը, ես գրեթե համոզված եմ՝ խաղաղություն ասելով՝ ամերիկացիները, ադրբեջանցիներն ու թուրքերը, մյուս կողմից մենք՝ Հայաստանի ժողովուրդը, ոչ թե իշխանությունը, տարբեր բաներ ենք հասկանում։ Ես ինքս՝ որպես պետական քաղաքական գործիչ, խաղաղություն ասելով հասկանում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ այնպիսի հարաբերությունների ձեւավորում, որոնք, ըստ էության, այդ խաղաղությունը կդարձնեն անշրջելի, արդար ու արժանապատիվ, կդարձնեն ոչ թե գործոն, որը կարող է ոգեւորել ագրեսիվ Ադրբեջանին, այլ ընդհակառակը, ապահովել երկարաժամկետ հատվածում խաղաղ համագործակցության համար լուրջ իրավաքաղաքական նախադրյալներ։ Այդպիսի խաղաղություն մեր ամերիկյան եւ եվրոպական գործընկերները, հայաստանյան գործող իշխանությունը, Ադրբեջանն ու Թուրքիան չեն պատկերացնում։ Նրանք, խաղաղություն ասելով, բոլորովին այլ բան են հասկանում։ Հետեւաբար, ամենակարեւորը՝ խաղաղությունը չի կարող լինել անշրջելի Հայաստանի կապիտուլյացիայի հաշվին։ Դա պետք է բացառել, եթե մենք խոսում ենք երկարաժամկետ հատվածում խաղաղ ու կայուն տարածաշրջան ունենալու մասին։ Սա պետք է գիտակցեն թե Արեւմուտքում, թե Հյուսիսում, թե Արեւելքում, թե Հարավում։ Եվ ամենակարեւորը, սա պետք է գիտակցի ՀՀ իշխանությունը եւ մեր ժողովուրդը։

-Այն հարցին, որ եթե կողմերը պայմանավորվեն, ԱՄՆ-ը կհամաձայնի՞ դառնալ Երեւանի եւ Բաքվի միջեւ պայմանավորվածությունների երաշխավորը, Ջեյմս Օ’Բրայենը պատասխանել է, որ կողմերից որեւէ մեկն իրենց այդ հարցով չի դիմել։ Այսինքն՝ ԱՄՆ-ն իր վրայից գցո՞ւմ է երաշխավոր պատասխանատվության բեռը։

-Դա շատ հարմար կեցվածք է, իրենք բավական լուրջ ազդեցություն են գործադրում  թե Ադրբեջանի, թե Հայաստանի վրա, ճնշում են, բայց պատասխանատվություն չեն կրում հետեւանքների համար։ Եթե դուք պատրաստ չեք լինել անկողմնակալ ու անաչառ միջնորդ, ինչո՞ւ եք խառնվում, ինչո՞ւ եք ամեն ինչ անում, որպեսզի Ռուսաստանի մոտ այս տարածաշրջանում ոչ մի բան չստացվի։

Ես ինքս Ռուսաստանի քաղաքականությամբ ընդհանրապես հիացած չեմ, սարսափելի սխալներ է թույլ տալիս ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ընդ որում, ես հարցը դիտարկում եմ ոչ միայն Հայաստանի՝ երկարաժամկետ հատվածում անվտանգության կոնտեքստում, այլ նաեւ այդ նույն կոնտեքստում դիտում եմ ռուսական հետաքրքրությունները։ Ռուսաստանն Արեւմուտքի հետ ռազմական  առճակատման գործընթացում նպատակ է դրել խուսափել ռազմավարական պարտությունից։ Այսինքն՝ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը համոզված է, որ Արեւմուտքի հիմնական նպատակը, օգտագործելով ռուս-ուկրաինական հակամարտությունը, Ռուսաստանը ծնկի բերելն է, այսինքն՝ Ռուսաստանին ռազմավարական պարտության ենթարկելը։ Դա չեն թաքցնում նաեւ Արեւմուտքում, բայց ես համոզված եմ, որ Ռուսաստանի ռազմավարական պարտությունը կարող է սկսվել նաեւ Հարավային Կովկասից, մասնավորապես, Հայաստանից դուրս գալուց հետո։ Մենք արդեն տեսնում ենք ռուս-ղազախական հարաբերություններում որոշակի անհարթություններ, մենք նկատում ենք խնդիրներ Ղրղզստանի հետ իրենց հարաբերություններում։ Եթե Ռուսաստանի համար միեւնույն լինի, թե ինչ կլինի Հայաստանի ճակատագիրն անվտանգության առումով, ես չեմ կարծում, որ Ռուսաստանը դրանից առանձնապես շահած է դուրս գալու։

Այսօր արդեն ռուս վերլուծաբաններն են այդ մասին խոսում։ Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ թե Ադրբեջանը, թե Թուրքիան այսօր Ռուսաստանի երկարաժամկետ ռազմավարական գործընկերները չեն կարող լինել, այլ ճիշտ հակառակը, նրանք միշտ լինելու են անհաշտ հակառակորդներ։ Հանգամանքների բերումով Ռուսաստանն այսօր, երբեմն ոչ ճիշտ գնահատելով ուժերի հարաբերակցությունը, ի հաշիվ Հայաստանի զիջումների է գնում։ Սա անթույլատրելի է։ Եվ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ դա պետք է գիտակցի։

Մեր նպատակը պետք է լինի գոնե հասնել միջազգային անաչառ միջնորդության։ Սա շատ էական է։ Դա կլինեն ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, թե երեքը միասին, այդպիսի միջնորդությունը պետք է, որովհետեւ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում Ադրբեջանի հետ, դրանք երաշխիքներ չեն կարող պարունակել։ Մենք պետք է հասկանանք, եւ սա պետք է հասկանա նաեւ գործող իշխանությունը, որ տարածաշրջանում Ադրբեջանը պայմանագրաունակ պետություն չէ, նա կարող է ստորագրել եւ վաղը լկտիաբար խախտել։ Հետեւաբար, նման պետության հետ բանակցություններում պետք է միջնորդական լուրջ երաշխիքներ լինեն։ Եվ ԱՄՆ՝ այդ կույս կնոջ կեցվածքը բացարձակապես օգտակար չէ խաղաղ զարգացումների համար։ Կան միջազգային սկզբունքներ, եւ եթե ԱՄՆ-ն ուզում է իսկապես խաղաղություն լինի տարածաշրջանում, որպես այդ սկզբունքների ջատագով, պարտավոր է դառնալ իրականում անաչառ միջնորդ, այլ ոչ թե հունիսի 12-ի դեպքերը վերագրի հիմնական խաղաղ ցուցարարներին։ Սա անթույլատրելի է։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930