ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվեց։ Որոշումը հրապարակվեց Երեւանի քրեական դատարանի «Ավան» նստավայրում։
Գերասիմ Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Բենիկ Գալստյանն ասաց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։ «Դատարանն ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Գերասիմ Վարդանյանին 2 ամիս ժամկետով կալանավորել։ Ինձ համար անհայտ չէ, թե ինչ պատճառաբանություններ է նշել դատարանը եւ մեր փաստարկների մասին ինչ եզրահանգման է եկել։ Ամեն դեպքում, ես վերահաստատում եմ, որ սույն միջնորդությունը պետք է մերժվեր հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Այսինքն՝ այս պայմաններում առկա չէր որեւէ փաստական տվյալ, ինչը կհաստատեր, որ իմ պաշտպանյալը կատարել է որեւէ տեսակի հանցավոր արարք։ Որոշումը գնահատում եմ ապօրինի, ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կբողոքարկենք այն»,- ասաց փաստաբանը։
Բենիկ Գալստյանի խոսքով՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ անձին ուզում են ասել՝ արի ապացուցիր, որ դու ուղտ չես։ «Մեղադրանքն ինչի՞ մասին է՝ անձանց նյութապես շահագրգռելը՝ հավաքներին մասնակցելու վերաբերյալ, առնվազն պետք է ունենար փաստական տվյալների մինիմալ զանգված, որ այդ հանգամանքը ներկայացնեին, որի կապակցությամբ էլ մենք մեր դիրքորոշումը կներկայացնեինք։ Մինիմալ զանգված չունեին ապացույցների։ Ինչ-որ խոսակցություն է երկու անձանց միջեւ՝ գումարի վերաբերյալ, այդ խոսակցությամբ եւ այլ ապացույցներով չի հաստատվում, որ Գերասիմ Վարդանյանը ինչ-որ անձի գումար է տվել ինչ-որ հավաքի մասնակցելու վերաբերյալ։ Այսինքն՝ հանցակազմի օբյեկտիվ կողմն այս նյութերով առկա չէ»,- հավելեց փաստաբանը։
Նշենք, որ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Գերասիմ Վարդանյանը, Վ.Դ.-ի օժանդակությամբ, 5.000-ական ՀՀ դրամներ է փոխանցել ոմն Սուրիկին եւ գործով չպարզված այլ անձանց՝ ցույցերին մասնակցելու նպատակով։
Կարդացեք նաև
Ըստ քննչական կոմիտեի՝ Վ.Դ.-ն, առերեւույթ հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է։ Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Գ.Վ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Վ.Դ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Վ.Դ.-ին ներկայացվել է մեղադրանք։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է որոշում՝ Գ.Վ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով նրան ձերբակալելու վերաբերյալ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ