Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է պետական ​​գործերում եկեղեցու դերի հանդեպ նման սուր ժխտողականության պատճառը․ «Հայացք Երևանից»

Հունիս 16,2024 10:35

Հայ հասարակության կամքը ճնշելու եռամյա շրջանից հետո սպասվող բողոքի ալիքի կտրուկ աճը պետք է ստեղծեր գաղափարական անորոշության մթնոլորտ։ Քաղաքական գաղափարների վակուումը, որը պահպանվել է երկրում 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո, եւ, համապատասխանաբար, ներկայիս իշխանությունների ու քաղաքական ուժերի նկատմամբ համատարած անվստահությունը չէին կարող չառաջացնել քաղաքական փոխակերպումներ՝ հանրային աճող ընդվզման առաջնորդի դերում հոգեւորականի հայտնության տեսքով։

Նրա բարձրաձայնած կարգախոսը՝ «հայրենիք եւ արժանապատվություն», կոչված էր բացատրել զանգվածային բողոքի վերացական էությունը։ Այդ կարգախոսի հիմքով քաղաքական շարժում չծնվեց, սակայն ստեղծված իրավիճակը կտրուկ աշխուժացրեց քննարկումները հայոց պետականության կյանքում Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) դերի շուրջ: Իշխանությունների եւ ընդդիմություն բանավեճը հենց այդ թեմայի վրա էր կենտրոնացված: Եվ բանավեճն այդքան հետաքրքիր չէր լինի, եթե այն չվերածվեր իշխանությունների ու իշխանամետ լրատվամիջոցների կողմից եկեղեցու համապարփակ հալածանքների:

Համապատասխանաբար՝ առաջացան հարցեր, թե որն է պետական ​​գործերում եկեղեցու դերի հանդեպ նման սուր ժխտողականության (նիհիլիզմ) պատճառը: Ի դեպ, ՀՀ-ն իր պատմության մեջ վերապրել է մի շրջան, երբ եկեղեցին դարձել էր ընդդիմության քննադատության թիրախ։ Կարելի է ենթադրել, որ դա հազիվ թե պետությունից եկեղեցու տարանջատման սկզբունքի վերաբերյալ իրավական փիլիսոփայության մեջ ընդունված սովորական վիճաբանություն էր: Հավանական է՝ գործ ունեինք իշխանության համար գռեհկացված պայքարի հետ։ Աշխարհայացքային հակասություններն այստեղ դժվար թե առանցքային դերակատարություն ունենան։

Հայաստանի գործող իշխանությունները ՀԱԵ-ի գործունեությունը դիտեցին որպես ոտնձգություն իրենց իշխանության դեմ։ Դժվար է ասել, թե ինչ են մտածում եկեղեցականները։ Առաջին հայացքից թվում է՝ ՀԱԵ-ն կանգնեց ՀՀ իշխանությունների քաղաքականության ճանապարհին՝ դրանում ոտնձգություն տեսնելով հասարակության ավանդական հիմքերի նկատմամբ։ Բայց, հնարավոր է, ՀԱԵ-ն եւս իր կողմից պետական ​​կենսագործունեության համակարգում սեփական դերը փոխելու մտադրություն է հանդես բերում։ Քանի որ իշխանությունների եւ ՀԱԵ հակադրությունը գնալով խորանում է, իմաստ ունի հասկանալ այս դիմակայության խորքային էությունը։

Ավելին՝ այս վիճակի պատճառներից շատերը հեշտությամբ ճանաչելի են: Մենք վաղուց գործ ունենք ազգային եւ քաղաքական ինստիտուտների արժեզրկման իրողության հետ, որոնք պարբերաբար աններդաշնակություն են ստեղծում ՀՀ պետական ​​կյանքում։ Անկախ պետականության բացակայության պայմաններում կրոնական եւ քաղաքական կառույցները բավական երկար ժամանակ որոշում էին հայ ժողովրդի կյանքի չափումները: Քաղաքական ասպարեզում անկախ ՀՀ-ի հայտնվելը չէր կարող չփոխել բոլոր ազգային հաստատությունների գոյության պայմանները։ Ես դեռ հիշում եմ 1990-ականների սկզբին Հայաստանի առաջին իշխանությունների եւ ՀՅԴ կուսակցության հակամարտությունը։

1991թ. անկախ Հայաստանի Հանրապետության կազմավորումից ի վեր «ազգային միասնության» գաղափարը դարձել է քննարկվող առանցքային հարցերից մեկը։ Նման միասնությունը ընկալվում էր, առաջին հերթին, մի տեսակ գաղափարական եւ կազմակերպչական մոնոլիտի տեսքով՝ էթնիկ, կրոնական, քաղաքական, մշակութային։ Կոմունիստական ​​գաղափարախոսության թելադրանքների վերացումը պետք է ստեղծեր գաղափարական վակուում, որը պետք է լցնեին էթնոքաղաքական դիցաբանության զինանոցի գաղափարները։ Տրամաբանական է, որ հոգեւորականների, քաղաքական եւ հասարակական գործիչների միջեւ բուռն բանավեճի պատճառ է դարձել նաեւ Հայ առաքելական եկեղեցու դերի հարցը հայոց պատմության նոր ժամանակաշրջանում։

 

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930