«Մենք անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը համարում ենք բարձրագույն գործիք մեր երկրի, քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, արդարությունը եւ երջանկությունն ապահովելու համար»,- Կապանում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերջինիս գնահատմամբ Հայաստանում գործարկվում է մի գաղափարախոսություն, որը կոչվում է «իրական Հայաստանի գաղափարախոսություն», որը հանրության մեջ դանդաղ, բայց հաստատուն կերպով արմատավորվում է։
«Մենք բոլորս, Հայաստանի ժողովուրդը, պետական ինստիտուտները պիտի կենտրոնանան իրական Հայաստանի կարիքների վրա»,-ասաց Փաշինյանը՝ ցույց տալով իրական Հայաստանի քարտեզը։
Այսուհետ բոլոր որոշումներն ու քաղաքականությունը պիտի տարվեն այնպես, որ համապատասխանեն իրական Հայաստանի բովանդակությանը։ «Իրականում այսօրվա, երեկվա, երեկ չէ անցած օրվա բանավեճերը կախված են իրական Հայաստանի հետ։ Կարիքները բազմաթիվ են, որը քաղաքական մակարդակով պիտի արձանագրենք։ Ի՞նչ պետք է այս Հայաստանին, Հայաստանի քաղաքացիներին։ Առաջին հերթին անվտանգություն է անհրաժեշտ»,-նշեց վարչապետը։
Կարդացեք նաև
Հենց այս նպատակով անհրաժեշտ է խաղաղության օրակարգը որդեգրել, սահմանազատում անել, տնտեսական զարգացման քաղաքականությանը նպաստել, կրթությունը զարգացնել, կոմունիկացիաները բարեկարգելու քաղաքականություն։
«Հանկարծ չմտածեք, թե շատերը կան, որոնք մեր նման ուզում են այս պետությունը լինի»,- հայտարարեց վարչապետը՝ նշելով, որ 2026թ-ին պիտի «Քաղաքացիական պայմանագիրը» ստանա ժողովրդի քվեն՝ 50+1 ձայն։
Ըստ իշխող կուսակցության ղեկավարի՝ Սյունիքը վերջին մարզն է նման հանդիպումների ու Կապանում ամփոփում են նախաձեռնող խմբերի մարզային հանդիպումները։
Մանրամասները տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ