Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Tribune.am-ում Հռիփսիմե Ջեբեջյանի հաղորդման ժամանակ ուշագրավ հայտարարություն էր արել՝ ներողություն խնդրելով իր գործած «մեղքի» համար: Նա ասել էր, որ հեղափոխության ժամանակ դժբախտություն է ունեցել Նիկոլ Փաշինյանին ողջունելու, ինչի համար ցավում է, մեղա է գալիս:
Այսօր նույն հաղորդման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է նման խոստովանություն արել: Հարցին՝ դուք այդ մեղքը գործե՞լ եք, թե՞ չեք գործել, ժամանակին սատարե՞լ եք Փաշինյանին, հավատացե՞լ եք, թե՞ զերծ եք այդ «մեղքից», Գառնիկ Դանիելյանը անկեղծացել է. «Ես էլ եմ մեղք գործել 2018-ին»: Նա ասաց, որ զղջում է դրա համար. «Չեմ ամաչում դրա մասին ասեմ: Մարդիկ կան, որ սինդրոմ ունեն, թե՝ ես այդպես էլ գիտեի ով էր, ոչ մի պարագայում չեմ սխալվել, գիտեի Լեւոնն ով է, Քոչարյանն ով է, Սերժը ով է, Նիկոլն ով է: Ինքը միշտ ճիշտ է՝ կոմունիստներից, Բրեժնեւից սկսած, կամ ինքը ամեն ինչ գիտեր: Չէ, ես սխալական մարդ եմ, սխալվում եմ, եղել է ժամանակ, որ մեծ կամ փոքր սխալներ եմ գործել ու դրա համար զղջում եմ:
Իմ առավելությունը կայանում է նրանում, որ շատ կարճ ժամանակ հետո հասկացել եմ, որ ուրիշ նպատակներով ու ուրիշ ծրագրերով են եկել: Ինձ համար դա մի քանի օր հետո է տեղի ունեցել: Այն ժամանակ, երբ ես մի մարդու մոտ, չեմ ուզում անունը տամ, մտածում էի՝ էդ մարդը ամեն ինչ արել է նրա համար, որ էս երկրում բան փոխվի, ինձ ասաց՝ էս ի՞նչ ռոմանտիկ բաների մասին ես խոսում, էն շրջանակներն են մինչեւ հիմա՝ 30 տարվա ընթացքում իրենց տարբեր տեղեր տեղավորել, լավ զգացել, հիմա եկել է մեր լավ զգալու ժամանակը»: Գառնիկ Դանիելյանն ասաց, որ դա ցնցում է եղել իր համար:
Հարցին՝ ժամանակին Փաշինյանին աջակցել եք որպես տավուշեցի՞, նա պատասխանեց, որ բոլոր ընդդիմադիրներին է օգնել այն ժամանակ, որովհետեւ մտածել է, որ պետք է ուժեղ ընդդիմություն լինի, որ իշխանությունը «չհաբռգի»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով իշխանությունների քննադատություններին, թե հունիսի 12-ին շարժման աջակիցները նախաձեռնողների հրահրմամբ ուզում էին պետական շենքերի վրա հարձակում գործել՝ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ եթե ուզենային մտնել ԱԺ, Դեմիրճյանի մուտքով չէին մտնի, որտեղ հազարավոր ոստիկաններ էին կուտակել, ավելի հարմար տեղ կար՝ Բաղրամյանի կողմից՝ ԱԺ դարպասներով, որտեղ ոստիկաները քիչ էին:
Ի դեպ, ըստ Գառնիկ Դանիելյանի, ոստիկանները նոր մարտավարություն են ունեցել, ցույցի մասնակիցներին առեւանգել են մեկ առ մեկ, տարել ոստիկանական պատնեշից ներս ու շալվար իջեցրել, այսինքն, Սամվել Վարդանյանի դեպքից հետո շալվար իջեցնելը կարծես սովորություն է դարձել. «Սա մի խայտառակ, մի անբացատրելի բան է: Ծեծելու ժամանակ էլ ասում են՝ ստացա՞ր քոնը, տեսա՞ր, պարզ վրեժ, հաշվեհարդար է: Սա առաջին դեպքը չէ»: