«Ամերիկայի ձայն». «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Վադիմ Դուբնովի կարծիքով, Հայաստանի ղեկավարի համար դժվար է վերջնական որոշում կայացնել, քանզի ՀԱՊԿ-ի հետ կապված իրավիճակում դեր ունի «Փաշինյանի սեփական սուբյեկտիվ վերաբերմունքը»։
Միաժամանակ, Դուբնովը վստահ է՝ վարչապետ Փաշինյանը լավ է հասկանում, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին պետք չէ․ «[Բայց] նման քայլը այնքան վճռական կլինի, որ ներկա ներքաղաքական պայմաններում, կարծում եմ, Փաշինյանը պատրաստ չէ վերջնականապես խզել կապերը։ Այստեղից էլ գալիս են նրա հայտարարությունները, թե դա կլինի վաղը, գուցե մեկ տարի հետո, գուցե երեք…։ Սա պատասխան է միանգամից բոլորին՝ և՛ կողմնակիցներին, և՛ թերահավատներին»:
Տարտուի համալսարանի Արևելագիտության կենտրոնի գիտաշխատող Բորիս Դոլգինը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Փաշինյանը աստիճանաբար, բայց հետևողական քայլեր է ձեռնարկում կառույցը լքելու ուղղությամբ․ «Երևանը ակտիվորեն քննադատում էր ՀԱՊԿ-ի արդյունավետությունը։ Արդյունքում, Փաշինյանը սկսեց ասել, որ կազմակերպությունից դուրս գալը օրակարգում է և քննարկվում է։ Նախորդ օրերին հնչեց այն միտքը, թե նման լուծումը միանգամայն հնարավոր է։ Այստեղ կարելի է տեսնել աստիճանական շարժ դեպի նախատեսված նպատակ, որն ուղեկցվում է կտրուկ արմատական քայլերից խուսափելու ցանկությամբ՝ Ռուսաստանին շատ չգրգռելու համար։ Այս շարժը արագացավ, քանզի ՀԱՊԿ-ի անարդյունավետությունն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում»:
Ըստ վերլուծաբանի, Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքները, թե Երևանին դաշնակից համարվող երկրները, իրականում, եղել են Ադրբեջանի դաշնակիցը ղարաբաղյան պատերազմի ժամանակ, նույնպես հստակ ազդանշան են, որ Հայաստանը չի պատրաստվում հանդուրժել կառույցի անդամ-պետությունների նման պահվածքը, ինչը հերթական հարվածն է Ռուսաստանի ղեկավարությանը:
Կարդացեք նաև
Դոլգինը չբացառեց, որ «մի օր նման մեղադրանքներ կհասցեագրվեն Ռուսաստանին»։
Նրա կարծիքով, ինչ-որ պահին Երևանը կարող է դիմել կտրուկ քայլերի: «Բայց դա կախված կլինի Ռուսաստանի հետ տարբեր տեսակի սակարկություններից, և ոչ միայն դրանից։ Միաժամանակ, Հայաստանն ամրապնդում է հարաբերություններն Արևմուտքի հետ։ Որքան հասկանում եմ, Փաշինյանի ազդակները մեծ մասամբ ուղղված են արևմտյան լսարանին, որպեսզի ցույց տան, թե Երևանն ինչ ուղեգիծ է որդեգրում և որքան լուրջ են նրա մտադրությունները»։
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ամերիկայի ձայնին» փոխանցել է, թե վարչապետ Փաշինյանի վարած քաղաքականությունն է հանգեցրել նրան, որ Հայաստանը մնացել է առանց դաշնակիցների: Օսկանյանը դժվարացել է պատասխանել՝ արդյո՞ք Երևանի շահերից բխում է այժմ լքել ՀԱՊԿ-ը: Նախկին արտգործնախարարը ընդգծել է, որ Հայաստանն այսօր կարիք ունի կոմպլեմենտար արտաքին քաղաքականության՝ շեշտելով, թե հնարավորությունները շատ են, սակայն Փաշինյանի կառավարությունը ի զորու չէ այդ իրականացնել:
«Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է մեզ հետ զարգացնել հարաբերություններ և անվտանգության երաշխիքներ տալ, ապա դա պետք է համադրել այլ հնարավորությունների հետ: Ուղղակի այդ անցումը Ռուսաստանից դեպի Արևմուտք պետք է սահուն և մտածված լինի, որպեսզի չխաթարվի Հայաստանի անվտանգությունը: Դա մեկ մարդու որոշելու հարց չէ: Դա պետք է լինի ազգային քննարկման արդյունքում»,- ասել է Վարդան Օսկանյանը:
Բրուքինգս ինստիտուտի վերլուծաբան Ասլի Այդինթաշբաշի կարծիքով, արևմտյան տերությունները գնահատում են իրենց հետ ավելի սերտ կապեր զարգացնելու Հայաստանի ցանկությունը, սակայն Արևմուտքն այդ տարածաշրջանում ունի ազդեցության սահմանափակ գործիքակազմ:
«Խնդիրն այն է, որ տարածաշրջանում առկա է արևմտյան սահմանափակ ազդեցություն և սահմանափակ գործիքակազմ, որոնք Արևմուտքը կարող է օգտագործել Հայաստանին և Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու համար: Ահա թե ինչու, Հայաստանի ղեկավարները պետք է շատ, շատ զգույշ լինեն, թե ինչպես են հավասարակշռելու իրենց կապերն Արևմուտքի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ»,- ասել է վերլուծաբանը:
Ըստ Այդինթաշբաշի, արևմտյան տերությունները գնահատում և աջակցում են նաև Հայաստանի պատրաստակամությունը՝ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: