Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հիմնած «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտի կազմակերպած «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով այսօրվա համաժողովի ժամանակ թուրքագետ Վարուժան Գեղամյանը ներկայացրեց Տավուշում տեղի ունեցող սահմանազատման գործընթացի հետեւանքով առաջացող վտանգները։
Նա ասաց՝ այն, ինչ կատարվում է Տավուշում, սա սահմանազատում չէ, սահմանազավթում է։
Գեղամյանը ցույց տվեց քարտեզ, որտեղ Կիրանցի հատվածում տեղի ունեցած սահմանազատման հետեւանքով գյուղից մի մեծ հատված անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ․ «Դա Խեյրեմլին է, որը նոր հորինվեց որպես ադրբեջանական վարչաիրավական տարածք։ Մի հատված էլ չէր մտնում Խորհրդային Ադրբեջանի տարածքի մեջ, բայց փաստացի հիմա անցել է Ադրբեջանին»։
Գեղամյանն ասաց, որ մեր հայրենակիցներին քարոզչության նպատակներով մոլորեցնում են, թե սա ընդամենը փոքր գործընթաց է, չորս հատված հիմա են տալիս, չորսը՝ հուլիսին եւ արդյունքում կլինի իրական Հայաստան իրական սահմաններով․ «Մինչդեռ իրականության մեջ Ադրբեջանն ի սկզբանե պայմանավորվել էր, որ առաջին փուլում լինելու է ոչ թե չորս, այլ՝ ութ բնակավայր, հետո գալու են նոր բնակավայրեր, բայց տեսնելով Հայաստանում հանրային մեծ դիմադրությունը, համաձայնվել են, որ բաժանվի մասերի՝ այսպես ասած՝ սալյամիի տակտիկան է, փոքր-փոքր հատվածներով են անում, որպեսզի հնարավորինս քիչ դիմադրություն առաջացնի։ Հիմա մենք տեսնում ենք 4+4+4 եւ այդպես շարունակ։ Սահմանազատման գործընթացն Ադրբեջանի կողմից չի ներկայացվում որպես ընդամենն այս ութ բնակավայրերի հարց, շատ ավելի մեծ պահանջներ են ներկայացվում»։
Կարդացեք նաև
Նա հիշեցրեց, որ ՀՀ այլ մարզերից տարածքները, որոնք ադրբեջանական վերահսկողության տակ են, չեն վերադարձվում Հայաստանին այս սահմանազատման գործընթացում։
Թուրքագետը նշեց՝ Տավուշում առաջանալու են անվտանգային բազմաթիվ խնդիրներ՝ սահմանամերձ գյուղերի բնակիչների կենցաղային անվտանգության բացակայություն, տնտեսական գործունեության անհնարինություն, հիմա Սյունիքում կա նման իրավիճակ։
«Ռազմաճակատում թշնամու համար առաջանում է նոր գիծ, շատ հարմար դիրքավորմամբ։ Այդ հատվածում անտառածածկ տարածք է, որը հասնում է մինչեւ Վանաձոր եւ այս զիջումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերը հնարավորություն են ստանում անտառային ծածկույթից օգտվելով՝ դիվերսիոն անխափան ներթափանցում ունենալ»,-ասաց Գեղամյանը։
Նրա խոսքով՝ հուլիսին եւս չորս տարածք է հանձնվելու Ադրբեջանին, ՀՀ –Վրաստան միջպետական ճանապարհի՝ Մ16-ի մի քանի հատվածների վրա Ադրբեջանն անուղղակի վերահսկողություն է հաստատելու։
Մի մոլորեցնող քարոզչական թեզ էլ կա, ինչպես ասաց Գեղամյանը, իշխանությունը ներկայացնում է որպես ձեռքբերում, թե ուղիղ գծով այժմ ոչ թե զինված ուժերն են կանգնում, այլ՝ սահմանապահները․ «Ադրբեջանի սահմանապահներն այն ուժերը չեն, ինչպիսին Հայաստանինն են։ Ադրբեջանի սահմանապահ ուժերը լիարժեք մարտական միավորներ են, որոնք բանակային միավոր են հանդիսանում, ու նրանք հիմա Տավուշի սահմանին են»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ