Լրահոս
Օրվա լրահոսը

Գերասիմ Վարդանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. դատարանը քննելու է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը

Հունիս 15,2024 13:25

ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջում տարածվել է «Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերտառությամբ խոսակցության ձայնագրություն, որտեղ լսվում է մի քանի անձանց մասնակցությամբ քննարկում՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրականացված քննչական, վարութային, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին և դրա շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, ցույցերին, նստացույցերին և երթերին հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Գ.Վ.-ն  նյութապես շահագրգռել է Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ Վ.Դ.-ին և վերջինիս օժանդակությամբ գործով դեռևս չպարզված մի խումբ անձանց: Մասնավորապես, մայիսի 9-ից Երևան քաղաքում շարունակվող հիշատակված հավաքներին մեծ թվով անձանց մասնակցություն ապահովելու նպատակով Վ.Դ.-ն հանդիպել է Գ.Վ.-ին։ Վերջինս Վ.Դ.-ին հանձնարարել է 15.000 ՀՀ դրամ տալ ոմն Սուրիկին, նույնչափ գումար պահել իր մոտ:

Բացի այդ, պարզվել է, որ Գ.Վ.-ն, Վ.Դ.-ի օժանդակությամբ, 5.000-ական ՀՀ դրամներ է փոխանցել ոմն Սուրիկին և գործով չպարզված այլ անձանց՝ ցույցերին մասնակցելու նպատակով։

Վ.Դ.-ն, առերևույթ հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է։

Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Գ.Վ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Վ.Դ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Վ.Դ.-ին ներկայացվել է մեղադրանք։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է որոշում՝ Գ.Վ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով նրան ձերբակալելու վերաբերյալ, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ Ոստիկանությանը։

Նախաքննություն է իրականացվում՝ դեպքերի ամբողջական հանգամանքները պարզելու, նշված հանցավոր արարքներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։

 

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930