Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ներքին ճակատը՝ այս ապիկար կառավարումը կարողանանք չեզոքացնել, մենք կարող ենք միջազգային հարթակներում շատ հեշտ հաղթանակների հասնել․ Սեյրան Օհանյան

Հունիս 15,2024 13:20

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հիմնած «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտի կազմակերպած «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով այսօրվա համաժողովի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը հայտարարեց՝ Հայաստանի իշխանությունը կանաչ լույս վառեց Արցախի ժողովրդի բռնի տեղահանման համար։

Օհանյանն ասաց՝ ՀՀ իշխանությունները խուսափում են իրենց իսկ ստորագրած նոյեմբերի 9-ի համաձայնագրից․ «Ինչպե՞ս ստացվեց, որ ժամանակից շուտ փոխվեց միջանցքի (նկատի ունի Լաչինի) ամբողջ գաղափարախոսությունը եւ այդ միջանցքը դարձավ միայն մեկ ճանապարհ, ընդ որում՝ թաքուն պայմանավորվածությամբ 2023 թվականի ապրիլի մեկին պայմանավորվել էին, որ այդ ճանապարհը պետք է ավարտեն, իսկ այդ 5 կմ լայնությամբ միջանցքի մեջ նաեւ ենթակառուցվածքներ պիտի լինեին։ Դա արտահայտվում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ, որի մեջ նշվում է, որ ՀՀ-ն ամեն ինչ կանի Արցախի ժողովրդի բռնագաղթեցումը բացառելու, կանգնեցնելու ուղղությամբ։ Իրականում իրենք կանաչ լույս վառեցին, երբ Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում, եւ երբ Ադրբեջանը նորից հարձակվել էր Արցախի վրա, ասաց, որ վտանգ չկա խաղաղ բնակչությանը»։

Անդրադառնալով հունիսի 12-ին  Բաղրամյան պողոտայում ոստիկանական գործողություններին, Օհանյանն ասաց՝ դա թույլ իշխանության, փոքրոգի մարդկանց գործողություններ էին․ «Միայն թույլ իշխանությունն է պահում բանակն իր անձը պահելու համար»։

Իրավիճակից դուրս գալու համար, ըստ Օհանյանի, անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ՝ ազգային եւ միջազգային․ «Ազգային երաշխիքը մեր բանակն է, մեր ներքին միասնությունը, միջազզայինը՝ արտաքին քաղաքականությունը՝ երկկողմ, բազմակողմ հարաբերությունները։ Հարաբերությունները ոչ թե պետք է քայքայեն, ոչնչացնեն, այլ եղածի վրա նորը կառուցել»։

Օհանյանն ասաց, որ շատ կարեւոր է վերականգնել Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը։

«ԵԱՀԿ քարտուղարության համապատասխան փաստաթուղթ կա սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ, ամենակարեւոր սկզբունքն է, որ ապագա սահմանը չի կարող լինել լարվածության, նոր սադրանքների առիթ։ Խորհրդային տարիներին սահմաններն այնպես են գծվել, որպեսզի հանրապետությունները մեկը մյուսից կախված լինեն։ Խորհրդային միության տարիներին Արցախում իրար հետ կապվող շրջանների ենթակառուցվածքներն անցնում էին ադրբեջանական բնակավայրերով։ Որտեղ չկային, հետո կառուցեցին։ Պատերազմը սկսվելուն մեկտեղ՝ այդ բնակավայրերը վերածվեցին խոշոր ռազմական հենակետերի։ Արցախը մարտնչում էր երկու ճակատով։ Ներքին ճակատը խանգարում էր, որպեսզի արտաքին ճակատում լիարժեք կարողանաս մարտնչել։ Ներքին ճակատը խոչընդոտում էր երկրի կառավարմանը։ Որոշում ընդունվեց ռազմական հենակետերը չեզոքացնել։ Երբ ներքին ճակատը վերացավ, արտաքին ճակատում շատ հեշտ էր մարտնչելը, հետագայում ունեցանք հաղթանակներ։ Այդպիսի իրավիճակում ենք գտնվում հիմա Հայաստանում։ Եթե ներքին ճակատը՝ այս ապիկար կառավարումը կարողանանք չեզոքացնել, մենք կարող ենք միջազգային հարթակներում շատ հեշտ հաղթնակների հասնել»,-ասաց Օհանյանը։

Նա սահմանազատման եւ սահմանագծման մասին խոսելիս՝ հիշեցրեց ԵԱՀԿ փաստաթուղթը՝ սահմանը չի կարող լինել լարվածության առիթ․ «Այստեղ ավելի հաջող որոշում կարող էին ընդունել ՀՀ իշխանությունները։ Իրական սահման, որպեսզի բնակիչները սկզբում չառնչվեն ադրբեջանցիների հետ, այդ թշնամությունը կա, հեռու լինեին, իսկ դա աշխարհագրական եւ բնական արգելքներն են։ Բաղանիս գյուղից գետ է հոսում հասնում Բերքաբերի ջրամբարը, այդտեղ համաչափ տարածքներ կան մեր ու հակառակորդի տիրապետության տակ։ ՀՀ իշխանությունը չհասկացավ, որ պետք է բանակցել, մարտնչել, պայքարել, որ սահմանն անցնի այդ բնական արգելքով։ Մի ապացույց, որ Ադրբեջանն այս սահմանում խաղաղություն չի ուզում՝ անհասկանալի ձեւով սահմանը անցնում է Կիրանցի բլրի լանջով ու անհասկանալի ձեւով կամուրջի մի փոքր մասը մտցված է Ադրբեջանի սահմանի մեջ, ինչը մեզ կախված վիճակում պահելու համար է»։

Մանրամասն՝ տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930