Գրականության և արվեստի թանգարանի «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղում «Բակունց 125» հոբելյանական միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, գրականության և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր խոսքում նշեց. «Անձամբ ինձ համար Ակսել Բակունցն իր առանձնահատուկ տեղն ունի հայ գրողների շարքում: Դեռ դպրոցական տարիներից նա իմ ամենասիրելի գրողներից է: Այն նրբությունն ու նրբանկատությունը, որով տեքստը, կարծես, դառնում է երաժշտություն, յուրաքանչյուրիս սովորելու և մտածելու տեղ է տալիս»։
Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն էլ անդրադառնալով Բակունցի մեծ հոբելյանին ասաց. «Այստեղ՝ Գորիսում, ծիրանափողը դեռ հնչում է, Միրոն պատմություններ է պատմում, իսկ ալպիական մանուշակը բուրում է: Հենց այստեղ բոլորս մտովի ինքներս մեզ խոստանանք ի հիշատակ Բակունցի սիրել, պահպանել և փայփայել մեր հողը»։
Կարդացեք նաև
Հոբելյանական օրվա շրջանակում թատերական ներկայացմամբ ելույթ ունեցան Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները, այնուհետև համերգային ծրագրով ներկայացան ԵՊԿ պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանը, երգչուհի Լուիզա Երեմյանը, ջութակահար Գարեգին Գրիգորյանը, Գորիսի երաժշտական դպրոցի սաները։
Ա. Բակունցի տուն-թանգարանի այգում տեղի ունեցավ հանդիպում գրող-հրապարակախոս, Նյու Յորքի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ Յակոբ Այնթապլեանի հետ։
Հոբելյանական օրվա կարևոր իրադարձություններից էին նաև Մարիամ Ասլամազյանի «Բակունցը մոր հետ» դիմանկարի` հավելվածով անիմացիայի և «Սյունյաց երկիր» թերթի՝ Ակսել Բակունցին նվիրված հատուկ համարի շնորհանդեսները:
Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում։
Գրականության և արվեստի թանգարանի հանրային կապերի բաժին