«Անարժանաբար արժանանալով ՌԴ հայերի միության կողմից պարգեւի՝ որպես ազգի պարծանք, ես այդ պարգեւն ընդունել եմ, ամենայն շնորհակալությամբ եւ հարգանքով, որպես ազգի անարգանք, որովհետեւ մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որտեղ մեր պատիվն է գողացված, մեր արժեքները գլխիվայր են շրջված՝ նույնիսկ այնպիսի մարդկանցով արտահայտված, որոնք թվում է, թե արժեքային կրողներ են»,-այս մասին այսօր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հիմնած «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտի կազմակերպած «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովի ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նրա խոսքով․ «Իմ ներկայությունը հրապարակում անհասկանալի էր ինձ համար, շատերի համար էլ, ինչ որ տեղ էլ՝ անընդունելի, բայց սա եղել է ճիչ, կոչ, հրավեր, աղաղակ, այդ ճանապարհին երբեք կանգ չառնելու՝ դրանում դնելով իմ ամբողջ կյանքի վաստակը»։
Նա կրկին շեշտեց՝ այս պայքարը քաղաքակրթական արժեքների փոփոխության մասին է, ազգային ազատագրական, հոգեւոր վերելքի մասին է, ճշմարտության եւ հաշտության մասին է։
Կարդացեք նաև
«Երբ ասում եմ՝ սա չակնկալիքների պայքար է, մարդիկ սկսում են վերլուծություններ անել՝ շատ լավ իմանալով՝ ինչի մասին եմ խոսում, սա, այո, չակնկալիքների պայքար է, սա աթոռների, պաշտոնների, փողերի մասին չէ՝ ամբողջության մեջ, եւ շատ դժվար է մարդկանց, նյութականացված չլինելու պարագան ընդունել ու ըմբռնել։ Այս պատճառով ենք հրապարակում, ու մենք հասնելու ենք մեր նպատակին»,-ասաց սրբազանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ