Արցախից բռնի տեղահանված Գարիկ եւ Արմեն Ոսկանյան եղբայրներն իրենց բիզնեսը շարունակում են Հայաստանում։ Հադրութի Մեծ Թաղեր գյուղից բռնի տեղահանվելուց հետո Արարատի մարզի Սիս գյուղում նրանք փորձում են հարմարվել նոր պայմաններին, վերականգնել Արցախում թողած բիզնեսը։
Գարիկ Ոսկանյանն ասում է՝ 44-օրյա պատերազմից հետո են տեղափոխվել Հայաստան եւ հստակ որոշել գործունեությունը շարունակել։ Նա ընտանիքի հետ միասին հիմնադրել է «ARATTA» ապրանքանիշը ու զբաղվում է խնձորի քացախի արտադրությամբ։
Հադրութում Գարիկ Ոսկանյանը հիմնել էր «Մթագ» ՍՊԸ-ն, որը զբաղվում էր տուրիզմով՝ ընդունում էին հյուրեր, ինչպես նաեւ զբաղվում քացախի, գինու եւ օղու արտադրությամբ։ Քացախի արտադրության մեջ, ինչպես ասում էր Գարիկ Ոսկանյանը, հմտացել է եւ որոշել գործը շարունակել Հայաստանում։ Միաժամանակ մարդկանց խորհուրդ է տալիս օգտագործել քացախ՝ հիշեցնելով, որ այն բուժիչ հատկություններ ունի։
Կարդացեք նաև
Քացախի հումքը՝ խնձորը բերում են Աշտարակից, իսկ արտադրանքի իրացումը կազմակերպում են ծանոթ-բարեկամների, ինչպես նաեւ առեւտրի կենտրոնների միջոցով։ Ասում է՝ վաճառքի հարցում առայժմ դժվարանում են, քանի որ դեռ շատերը չգիտեն արտադրանքի մասին։ Միաժամանակ շեշտում է, որ իրենց արտադրանքը որակյալ է. «Ով մեր արտադրանքը գնում է, ասում է՝ ով ձեր արտադրանքը վերցնում է, հաջորդ անգամ միշտ ձեզանից կվերցնի»։
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման. EU4IMPACT Armenia» ծրագրի շրջանակներում դասընթացների են մասնակցել, ներկայացրել բիզնես ծրագիր եւ դարձել շահառու՝ ստանալով ֆինանսական աջակցություն։
Եղբայրներից Գարիկ Ոսկանյանը ծրագրի շրջանակներում ստացել է 800 հազար դրամ աջակցություն, որով ձեռք է բերել սարքավորումներ եւ հումք։
Նշում է, որ ցանկանում են զարգացնել ու ընդլայնել բիզնեսը, բայց տարածքի խնդիր ունեն։ Արտադրությունը տնային պայմաններից գործարանային պայմաններ տեղափոխելու խնդիր են դրել իրենց առջեւ։ Միաժամանակ ցանկանում են շարունակել գործունեությունը տուրիզմի ոլորտում։
Համեմատելով Արցախն ու Հայաստանը բիզնեսի ծավալման ու զարգացման տեսանկյունից՝ նա ասում է, որ Արցախում աստիճանաբար են զարգացրել իրենց բիզնեսը եւ կարողացել են հաջողության հասնել։ Հայաստանում նոր միջավայր է, ապրանքի իրացման խնդիր կա, բայց ասում է՝ ժամանակի ընթացքում այդ խնդիրը կհարթվի։
«Չնայած դժվարություններին, մենք որոշել ենք ուժեղ լինել ու մեր գործը շարունակել»,- ասում է Գարիկ Ոսկանյանը։
Խոսելով Հադրութի մասին՝ ասում է, որ մինչեւ վերջին պահը չեն հավատացել, որ իրենց գյուղից դուրս են գալու ու այլեւս չեն վերադառնալու։ Մեծ Թաղերում թողել են նորակառույց տունը, ձեռնարկությունները։ «Մենք մտածում էինք, որ պիտի վերադառնայինք տուն, չէինք մտածում, որ պիտի դուրս գայինք ու հայտնվեինք այստեղ։ Պատերազմի վերջին օրերին, երբ սկսեցին ռմբակոծել մեր գյուղը, ես ընտանիքս տեղափոխեցի Ստեփանակերտ, երբ փորձեցի վերադառնալ գյուղ, արդեն հետ դառնալու հնարավորություն չկար, թուրքերը մտնել էին գյուղ»,- նշեց նա։
Արցախ վերադառնալու հույսը չեն կորցրել։ «Մենք այն հույսով ենք ապրում, որ վերադառնալու ենք Արցախ։ Երեւի միայն դիվանագիտական ճանապարհով կարող է հարցին լուծում լինել, որ վերադառնանք։ Վերադարձի համար կուզենք անկախ կարգավիճակ ունենալ, վստահ լինել, որ անվտանգ ենք, ոչ Ադրբեջանի տիրապետության տակ»,- հավելեց նա։
Գարիկ Ոսկանյանը նաեւ ասաց, որ դեռ չեն որոշել՝ կառավարության բնակապահովման աջակցության ծրագրից կօգտվեն, թե՞ ոչ։ Ծանոթացել են ծրագրին ու պարզել, որ իրենց ընտանիքի հերթը հասնելու է 2026-2027 թվականներին։ Ըստ նրա՝ այս ծրագիրը արցախցիների կարիքների չնչին տոկոսն է բավարարում։
Եվ սոցիալական խնդիրների պատճառով արցախցիների շրջանում արտագաղթի տեմպերը մեծ են։ «Մարդիկ կան, տեղափոխվում են Ռուսաստան կամ տարբեր երկրներ։ Ես մի քանի ամսով փորձեցի աշխատել Ռուսաստանում, բայց չկարողացա, եկա ու գործունեությունս այստեղ սկսեցի։ Բայց մեր շրջապատում հոսք կա, մեր ծանոթներից շատերն են գնում։ Ես ափսոսում եմ, որ երիտասարդներն էլ են շատ գնում։ Մարդիկ գնում են, քանի որ աշխատանք չկա, ու տների վարձերը շատ թանկ են։ Ովքեր ծանոթ-բարեկամներ ունեն արտերկրում, միանգամից տեղափոխվում են։ Եվ աշխատանք են հեշտ գնում, եւ բնակարանային հարցերն են լուծում»,- ասաց նա։
Արմեն Ոսկանյանը մեղվաբուծությամբ է զբաղվում։ Մեծ Թաղերում եւս զբաղվում էր մեղվաբուծությամբ։ «Մեր գյուղը զբոսաշրջիկներով հարուստ էր, Հադրութի շրջանի ամենամեծ գյուղն էր, բերքն առատ էր։ Բռնի տեղահանվելուց հետո որոշել էինք մի քիչ մնալ Հայաստանում ու վերադառնալ Արցախ։ Մենք չենք պատկերացնում, որ Արցախից վերջնական ենք դուրս եկել, եթե այդպես պատկերացնենք, նույն օրը կավարտվի մեր կյանքը»,- ասում է Արմեն Ոսկանյանը։
Նա ծրագրի շրջանակներում մեղվաբուծությունը զարգացնելու համար 3,5 մլն դրամի աջակցություն է ստացել, նույնքան էլ պատրաստվում է ինքը ներդնել՝ արտադրությունը զարգացնելու եւ պահեստ կառուցելու համար։
Արմեն Ոսկանյանն իր արտադրանքը շուկա է հանում «Ring» անվամբ։ Ասում է՝ մեղրի սպառման խնդիր չկա, գնորդներ ունեն անգամ արտերկրում։ «Հիմա մեկ տոննա մեղրի գնորդ ունենք, բայց այդքան մեղր չկա, մեղուներն են քչացել»,- ասում է նա։
EU4IMPACT ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից:
Ծրագրին մասնակցության համար կարող էին դիմել այն ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս, այն ՀՀ քաղաքացիները, որոնք Հայաստան են վերադարձել վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի ՀՀ-ից դուրս (ցանկացած արտերկրում) գտնվելուց հետո, Միգրանտների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամները (օր.՝ ՀՀ-ում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից տեղահանված ՀՀ քաղաքացիները:
Բոլոր շահառուները պետք է ներդրում կատարեն իրենց տրամադրման ենթակա դրամաշնորհին հավասար գումարի չափով, սա ծրագրի պարտադիր պայմանն է: Սակայն 2023 թ-ի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված անձինք ազատվում են իրենց տրամադրման ենթակա դրամաշնորհին հավասար գումարի չափով ներդրում (համաֆինանսավորում) կատարելու պայմանից:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ