Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ նկարիչների աստղաբույլը՝ վալմարյան հավաքածուում

Հունիս 15,2024 12:30

Կերպարվեստի ամեն մի նշանակալի հավաքածու իր գրավիչ առանձնահատկություններն ունի, սակայն դրա հատկապես ուշագրավ ու հազվադեպ պատահող տարատեսակն է որեւէ անվանի նկարչի կազմած հավաքածուն։ Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարը (Վլադիմիր Մարգարյան) իր ավելի քան կեսդարյա ստեղծագործական կյանքի ընթացքում մտերմական հարաբերություններ է ունեցել 20-րդ դարի վերջին տասնամյակների եւ 21-րդ դարասկզբի բազում երեւելի հայ արվեստագետների հետ, ինչի արդյունքն է դարձել նկարչի բացառիկ հավաքածուն, որ իր տեսակով թերեւս մեծագույնն է Հայաստանում։

Իսկապես, այս հավաքածուն ե՛ւ նկարիչ-հավաքորդի յուրատեսակ գունամտածողության, ընկալողության  արտահայտությունն է, ե՛ւ վկայությունը հայ արվեստագետների միջեւ հաստատված մարդկային եւ ընկերական ջերմ հարաբերությունների, մի երեւույթ, որ մեր օրերում կարծես իսպառ անհետանում է։ Վալմարի հավաքած շուրջ 170 կտավներին եւ գրաֆիկական աշխատանքներին արվեստասեր հասարակությունն առաջին անգամ հեռակա կերպով ծանոթացավ 2016 թ. հրատարակված «Վալմարի ինքնատիպ հավաքածուն» կատալոգի շնորհիվ, իսկ հազվագյուտ երջանիկները դրանցից մի քանիսը տեսել էին Վալմարի հարկի ներքո հյուրընկալվելիս։ Եվ վերջապես, հուլիսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահը հնարավորություն ընձեռեց ծանոթանալ այդ նկարներից 60-ին։ «Նվիրատուներ եւ նվիրատվություններ. Վալմարի ինքնատիպ հավաքածուից» խորագրով ցուցահանդեսում (համադրող՝ Մարգարիտա Խաչատրյան) ներկայացված է մեկական աշխատանք արդեն կյանքից հեռացած նկարիչներից։ Երկու դահլիճներում իրար կողքի կարելի է տեսնել Վալմարի գործընկերների եւ բարեկամների՝ Հակոբ Հակոբյանի, Գառզուի, Ժանսեմի, Ռաֆայել Աթոյանի, Վարուժան Վարդանյանի, Վրույր Գալստյանի, Կարեն Սմբատյանի եւ մյուսների՝ երբեւէ չցուցադրված աշխատանքները, որոնք մեր կերպարվեստի հարստությունն են կազմում։ Նկարիչներից վեցը՝ Ալեքսանդր Գրիգորյանը, Սեյրան Խաթլամաջյանը, Աշոտ Մելքոնյանը, Ալբերտ Պարսամյանը, Չիկ Տամատյանը եւ Աշոտ Հովհաննիսյանը, ստեղծել են Վալմարի դիմանկարները։ Նկատելի է, որ ցուցադրությունում աշխատանքները դասավորված են այնպես, որ գունային ու մասշտաբային համադրությունները գրավեն դիտողի ուշադրությունը, բացառեն ամենատարբեր ձեռագիր ունեցող նկարիչների աշխատանքների զուգորդումից ակնկալվող աններդաշնակությունը։ Այս դեպքում, սակայն, ոճային եւ ժանրային տարբերությունները ոչ թե հակասում են միմյանց, այլ փոխլրացնում եւ ամբողջացնում։

Ըստ Վալմարի՝ հավաքածուն կազմելիս նրա հիմնական սկզբունքը եղել է հեղինակի անհատականությունը, աշխարհայացքի եզակիությունը, ուրույն մոտեցումների եւ լուծումների կիրառումը։ Ահա թե ինչու հավաքածուն ամփոփ եւ բազմակողմանի պատկերացում է տալիս վերջին հինգ տասնամյակների հայ գեղանկարչության եւ գրաֆիկայի մասին։ Այսպես, ցուցադրված գործերի թվում են Էդուարդ Արծրունյանի «Բերքահավաքը», Ալբերտ Պարսամյանի «Վիլնյուսը», Աշոտ Հովհաննիսյանի (Դեղձ Աշոտ) «Աշունը Մայիսյան գյուղում», Աշոտ Մելքոնյանի (Պոլոզ Աշոտ) «Վալմարի դիմանկարը», Ռոբերտ Էլիբեկյանի «Հռիփսիմեի դիմանկարը» եւ այլ գործեր, որոնք վստահորեն կզարդարեն ցանկացած խոշոր պատկերասրահի հավաքածու։ Ներկայացված էին նաեւ մի քանի օտարազգի նկարիչների աշխատանքներ, այս թվում՝ էստոնացի նշանավոր նկարիչ Վալդուր Օհակասի «Կոմպոզիցիան»։ Նկարների մի մասը Վալմարը գնել է՝ օգնության ձեռք մեկնելով իր գործընկերներին, մյուս մասը փոխանակել է կամ նվեր ստացել։ Այդ աշխատանքներից շատերն իրենց վրա կրում են հեղինակների կողմից Վալմարին ուղղված գրառումներ։ Ներկայացված գործերից մեկը՝ ավագ սերնդի հայ նկարիչներից Մարտին Պետրոսյանի «Սոֆիա» ջրանկարը Վալմարը նվիրեց Հայաստանի ազգային պատկերասրահին։

Արվեստաբան Մարինա Ստեփանյանի խոսքով՝ Վալմարի համար հավաքածուի յուրաքանչյուր աշխատանք «ազդանշան է հիշողության համար, որին այն արձագանքում է ոչ իբրեւ սոսկ կյանքից վերցված մի դրվագի, այլ սրտին շա՜տ թանկ մի զգացումով, որում նկարիչը փնտրում է աջակցություն, նոր հույզեր, խորհուրդ»։ Վալմարի հավաքածուի ցուցադրությունը հայկական կերպարվեստի կարեւորագույն կենտրոնում իսկական տոն է արվեստասեր հասարակության համար, այն ունակ է հարստացնել ու գունավորել դիտողի ներաշխարհը, հասու դարձնել ժամանակակից արվեստի գաղտնարանին, արժեւորել հայ նկարիչների ստեղծագործական ձեռքբերումները։ Ի վերջո, ինչպես Վալմարն է նշում՝ «յուրաքանչյուր ազգ մեծ է արվեստով»։ Երախտագետ լինենք վարպետին, որ տարիներ շարունակ տքնաջանորեն հավաքել է այս գործերը եւ ցուցադրության է ներկայացրել դրանք, այդպիսով իր հարգանքի եւ գնահատանքի տուրքը մատուցելով բազմավաստակ արվեստագետների հիշատակին։

Աշոտ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930