Լրահոս
Օրվա լրահոսը

Լրիվ այլ «Համլետ»՝ Դրամատիկականում, կին դերակատար, կտրուկ փոփոխություններ եւ ճապոնական կոտո նվագարան

Հունիս 15,2024 12:00

Բեմադրող ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը փակագծեր է բացում

Երեւանի դրամատիկական թատրոնը հանդիսատեսին կներկայացնի բոլորովին նոր «Համլետ»։ Բեմադրող ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանն «Առավոտի» հետ զրույցում հիշեցրեց, որ Շեքսպիրի «Համլետի» երկու թարգմանություն կա, մեկը՝ Թոփչյանինն է, մյուսը՝ Մասեհյանինը, նաեւ Մասեհյանի թարգմանության խմբագրումը կա՝ արված Զավեն Բոյաջյանի կողմից:

«Մենք տեքստի վրա բավականին մեծ աշխատանք ենք կատարել, փորձել ենք նորից նայել անգլերեն տարբերակը: Շեքսպիրագետների շրջապատում հայտնի է, որ «Համլետի» տարբերակները մի քանիսն են, եւ յուրաքանչյուր տարբերակում հետաքրքիր մանրամասներ կան: Բավականին մեծ հետաքրքրություն է առաջացնում բնագիր տարբերակը՝ Սաքսոն Գրամատիկուսի պատմությունը, որն էլ հանդիսացել է «Համլետի» նախապատմությունը: Մեր ստեղծագործական խումբը՝ ես, դերասանուհիներ Էմմա Մանուկյանը եւ Լիդիա Գրիգորյանը միասին նայել ենք գրեթե բոլոր տարբերակները, «Համլետի» հայերեն, ռուսերեն թարգմանությունները, ինչպես նաեւ անգլերեն տարբերակը: Եվ այժմ, արդյունքում մի նոր լեզվով է հանդես գալիս Դրամատիկական թատրոնի «Համլետը»:

Իմ կարծիքով, այն հիմնովին կարող է փոխել ընկալումները՝ կապված այդ գործի հետ, որովհետեւ լեզուն, որ հնչում է այնտեղ, առավելագույնս բերված է այսօրվա գրագետ հայերենին եւ 21-րդ դարի մարդու ընկալումներին: Իհարկե, Շեքսպիրը երբեք հին չի լինում, միշտ արդիական է, որովհետեւ գրում է բաներ, որոնք մարդկության պատմության մեջ մշտապես կրկնվում են, սակայն թատրոնի իր տեսակը հնացել է եւ նոր բովանդակության, նոր ֆորմաների կարիք ունի:

Միեւնույն ժամանակ, դա առհասարակ չի մերժում Շեքսպիրի հանճարն ու մեծությունը, ուղղակի, ինչպես նշեցի, այն ժամանակների թատրոնի ընկալումը մի քիչ այլ էր, իսկ հիմա թատրոնը զարգացել է, տարեցտարի փնտրում է նոր ֆորմաներ: Այնպես որ, մեր թատերական, ռեժիսորական կոմպոզիցիան նորովի կներկայացնի բոլոր կերպարներին, նրանց լեզվամտածողությունը: Մենք բավականին կտրուկ փոփոխությունների ենք ենթարկել պիեսի միջին հատվածը: Գրագետ ընթերցողը, թատրոնի գիտակը տեղյակ է, որ «Համլետը» նաեւ ներկայացում է, որտեղ ներկայացում են խաղում: Կա տեսարան, որտեղ Շեքսպիրի «Համլետ» ներկայացման հերոսները նայում են Համլետի կողմից բեմադրված եւ դերասաններին առաջարկված ներկայացում: Մենք փոփոխություն ենք արել հենց այդ տեսարանում, եւ ինձ թվում է՝ այդտեղ հանդիսատեսին բավականին հաճելի անակնկալ է սպասվում»,-ընդգծեց ռեժիսորը: Հավելեց, որ ներկայացման մեջ ներգրավված է Դրամատիկական թատրոնի միջին եւ երիտասարդ կազմը, բոլոր դերակատարները՝ սկսած Լուիզա Ղամբարյանից, նրա ձեւակերպմամբ, մեծացել են Դրամատիկականում, եղել են Արմեն Խանդիկյանի կամ իր ուսանողները:


Մեր զրույցի ժամանակ անդրադառնալով ներկայացման մեջ ճապոնական կոտո նվագարանը ներմուծելուն՝ ռեժիսորն ասաց, որ այդ գործիքը հանդիսատեսը կտեսնի այն տեսարանում, որտեղ դերասանները Համլետի կողմից պատվիրված ներկայացումն են խաղում. «Այդ ներկայացումը հանդիսատեսին եւ ընթերցողին հայտնի է որպես «Գոնզագոյի սպանությունը», բայց այս անգամ հանդիսատեսը մեկ այլ գործ կտեսնի: Ժամանակին, երբ Շեքսպիրը գրում էր «Համլետը», Համլետի կողմից առաջարկված «Գոնզագոյի սպանությունը» այն պիեսն էր, որը, ըստ Համլետի, զուգահեռներ ուներ այն դեպքերի հետ, որոնց հետ ինքն առնչվում է: «Գոնզագոյի սպանությունը» պիեսը բավականին հայտնի է եղել այդ ժամանակվա հասարակությանը, ի տարբեություն այսօրվա, դրա համար, կարծում եմ, որ ժամանակակից Համլետը երեւի մի ուրիշ բան կառաջարկեր իր այսօրվա հանդիսատեսին, այնպիսի գրական նյութ, որը գոնե այսօր ճանաչված է կամ հայտնի է: Իմ առաջարկությամբ, որը մեր ստեղծագործական խումբն ընդունեց, որոշեցինք «Գոնզագոյի սպանության» փոխարեն խաղալ Յուկիո Միսիմայի «Հայրենասիրությունը», այդ վիպակը դարձնել պիես: Դա է պատճառը, որ Ճապոնիայից կոտո գործիք ենք ձեռք բերել, որը հանդիսատեսը հնարավորություն կունենա կենդանի հնչողությամբ ունկնդրել Դրամատիկականի բեմում՝ ճանաչված քանոնահար Մարիաննա Գեւորգյանի կատարմամբ»:

Պատասխանելով «Առավոտի» հարցին, Գրիգոր Խաչատրյանը նշեց, որ իր կարծիքով՝ Շեքսպիրի «Համլետի» բեմադրիչը պետք է մի քանի բան հաշվի առնի, ամենակարեւորն այն, թե որ երկրում է բեմադրում, եւ արդյոք ականջալուր է այն ամենին, ինչ կատարվում է իր հայրենիքում. «Մեր երկիրը ծանր ժամանակաշրջանում է ապրում, դա իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներն ունի, իսկ «Համլետն» այն պիեսն է, որ ամեն ինչի մասին է: Ցավով պիտի արձանագրեմ, որ գրագետ, կիրթ, դաստիարակված, լավ կրթություն ստացած մարդկանց դիրքը, քանի գնում է, ավելի դժվարանում է: Շեքսպիրի Համլետը եւս ստացել էր լավ դաստիարակություն, փայլուն կրթություն, իր երկրի լեգիտիմ տերն էր, սակայն բանդիտների դարաշրջանում, որտեղ բոլորն արժանի էին բոլորին, տեղ չուներ»:

Ժամանակին Ռոմեո մարմնավորած Գրիգոր Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է առաջիկայում նաեւ Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետի» նոր մեկնաբանություն լինի: Մեր զրուցակիցն ասաց, որ իր ուսուցչից՝ Արմեն Խանդիկյանից քանիցս նման առաջարկ ստացել է, սակայն այս պահին նման մտահղացում չունի, քանի որ այսօրվա սիրո մոդելը լավ չի պատկերացնում իրականության մեջ:

Հավելենք, որ Համլետին մարմնավորել է Լիդիա Գրիգորյանը, ներկայացման մեջ ներգրավված են Գագիկ Մկրտչյանը, Լուիզա Ղամբարյանը, Վիլեն Սարգսյանը, Արմեն Մեսրոբյանը, Դիանա Մալենկոն, Վահագն Սամվելյանը, Ռոբերտ Զախարյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Նարեկ Քթոյանը, Կարեն Ճաղարյանը, Էմմա Մանուկյանը: Բեմադրող նկարիչը Գարեգին Եվանգուլյանն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Դրամատիկական թատրոնը

«Առավոտ» օրաթերթ
14.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930