«Այլընտրանք չկա. ոմնը` պատահականության դիպվածը, իր ոմններով` առավել պատահականության դիպվածներով, հեռանալու է: Դրա անխուսափելիությունը եւս մեկ անգամ ապացուցեց հունիսի 12-ի երեկոն Բաղրամյան պողոտայում, երբ լուսաձայնային նռնակներ եւ արյունոտ բռնություն էր կիրառվում իր երկրին տեր լինելու վճռականությամբ որեւէ կարգ չխախտած ժողովրդի նկատմամբ: Հստակ երեւում էր այդ հեռացողի ձեռքը, որ նռնակ էր նետում, արյուն էր թափում ահից ու սարսափից, տարիների իր արածի դիվային գիտակցումից, որը ոչ մի հենարան չունի՝ բացի նռնակից ու մահակից: Իսկ ավելի մեծ ապացույց էր, որ ժողովուրդը չընկրկեց, վճռական մնաց իր տեղում, հաղթողի վճռականությամբ»,- «Առավոտի» զրուցակիցն է բանաստեղծ Հուսիկ Արան:
-«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը մեկնարկեց Կիրանցից՝ անօրինական սահմանագծման-սահմանազատման արդյունքում, քննադատության է ենթարկվում, դրա հետեւում իշխանական շրջանակները երկրորդ նախագահին են տեսնում։ Քննադատվում է նաեւ այն իմաստով, որ արդյունքում՝ Կիրանցը բաժանվեց երկու մասի, իշխանությունը իրագործեց իր օրակարգը եւ շարժումը, փաստացի, չի կարողանում խոչընդոտել դրան։ Ձեր կարծիքով, ինչի՞ մասին է այս շարժումը, ի՞նչ խնդիրներ է այն լուծում։
– Պատվի եւ արժանապատվության շարժում է առաջին հերթին: Հայ մարդն այլեւս չի կարող հանդուրժել գետնաքարշ նվաստացումներն ու վիրավորանքները, որոնք մեր թշնամին պարբերաբար ծաղրանքով ու սպառնալիքով ուղղում է մեր ժողովրդին ու մեր երկրին: Հաճախ այդ ստորացումը մեզ է փոխանցվում մեր իշխանության ձեռքով`քստմնելի ու ինքնաբավ հրճվանքով: Եվ երբեմն մեր երկրի ղեկավարը մեզ ավելի է սպառնում պատերազմով ու պետականության ոչնչացումով, քան մեր թշնամին: Հայաստանը բաց խաղահրապարակ է մեր թշնամիների համար մեր իշխանությունների հրավերով, որոնք խաղում են եւ զվարճանում ըստ իրենց քմայքի, իսկ խաղավարտից հետո հանգստանալու են` ինչպես հիմա Արցախում են հանգստանում:
Շարժման հետեւում հնարավոր ու անհնար բոլորին տեսան, բայց ոչ մեկը չերեւաց: Սրբազանի թիկունքում ՀԱՅ-ն է. այ դա հստակ երեւում է:
Կարդացեք նաև
Կիրանցը կիսվեց, որովհետեւ պաշտոնական Բաքուն եւ պաշտոնական Երեւանը եղբայրաբար ձեռք ձեռքի տված այն իրականացրեցին անկոտրում վճռականությամբ: Շարժումն ասում է` այլեւս երբեք: Այդ եզրույթը կիրառվում է ցեղասպանության դեպքում որպես կամային արգելապատնեշ: Արցախում իրականացվեց ցեղասպանություն: Նույն ցեղասպանությունը սպասվում է Հայաստանում, որն արդեն մեկնարկվել է: Ուրեմն` այլեւս երբեք:
Այլընտրանք չկա. ոմնը` պատահականության դիպվածը, իր ոմններով` առավել պատահականության դիպվածներով, հեռանալու է: Դրա անխուսափելիությունը եւս մեկ անգամ ապացուցեց հունիսի 12-ի երեկոն Բաղրամյան պողոտայում, երբ լուսաձայնային նռնակներ եւ արյունոտ բռնություն էր կիրառվում իր երկրին տեր լինելու վճռականությամբ որեւէ կարգ չխախտած ժողովրդի նկատմամբ: Հստակ երեւում էր այդ հեռացողի ձեռքը, որ նռնակ էր նետում, արյուն էր թափում ահից ու սարսափից, տարիների իր արածի դիվային գիտակցումից, որը ոչ մի հենարան չունի՝ բացի նռնակից ու մահակից: Իսկ ավելի մեծ ապացույց էր, որ ժողովուրդը չընկրկեց, վճռական մնաց իր տեղում, հաղթողի վճռականությամբ: Եթե վերջին օրերին երկիշխանություն էր երկրում, ապա այլեւս ժողովուրդն է իշխանությունը` սրբազան անունը ստացած իր շարժումով: Ժողովրդի վրա նռնակ նետողն իշխանություն չունի երկրում:
– Ինչո՞ւ հանրային ավելի լայն շրջանակներ չեն կոնսոլիդացվում սահմանազատում-սահմանագծումը կանխելու եւ ՔՊ-ական իշխանությանը հեռացնելու գաղափարների շուրջ։ Ի՞նչն է խանգարում կամ պակասում շարժման առաջնորդին, որ մարդիկ ավելի շատ կամ ավելի շատ մարդիկ իրեն հավատան ու վստահեն։
– Սրբազանին որեւէ բան չի պակասում, ամեն բան արվում է ճշգրիտ, հավասարակշռված, քաղաքակիրթ բոլոր միջոցներով` առանց բռնության եւ զանցառությունների: Սրբազանին հավատում են, քան որեւէ մեկին մեր երկրում: Իսկ շրջանակների մասին վկայում են բազմահազարանոց հանրահավաքները: Բոլորը չէ, որ հնարավորություն ունեն հասնելու մայրաքաղաքի կենտրոն: Կա համընդհանուր դժգոհություն ու անվստահություն` մեղմ ասած: Համոզվում ենք մեր սովորական ու առօրյա մարդկային շփումներում եւ այդ է ապացուցում տարբեր սոցիոլոգիական հարցումները: Մազաչափ բարոյականություն ունեցող իշխանությունը նման իրողության պայմաններում պետք է հրաժարական տված լիներ արդեն: Իսկ ոմնն ու ոմնները, եթե այս ստույգ իրականությունը չեն տեսնում, ուրեմն ապուշ են: Բայց ո՛չ Դոստոեւսկու ապուշը:
-2020 թվականի պատերազմում պարտությունից հետո, քաղաքական ուժերի մեղադրանքի սլաքը հանրությանն է ուղղվում. ի՞նչ պիտի անեն մարդիկ, ովքեր տարբեր ժամանակներում ավելի լավ եւ ապահով կյանքի ակնկալիքներ են ունեցել տարբեր իշխանություններից, քաղաքական միավորներից եւ շարունակաբար խաբվել են։
– Այլեւս լավ եւ ապահով կյանքի ակնկալիքները քսաներորդական խնդիր են դառնում, քանի որ Հայաստանն է դրված զոհասեղանին` կառափնարան քշվող անասունի նման, ինչպես Արցախը: Այո, 2021թ. հունիսի 20-ի ընտրությունը մեր պատմության թերեւս ամենախայտառակ էջն է: Որեւէ պատճառաբանություն ու արդարացում անուժ են եւ չեն դիմանում այն արհավիրքի առկայությանը, որը եկավ ու իր մեջ առավ մեզ: Հիմա փորձում են այդ գրեթե անսրբագրելի էջը սրբագրել, որովհետեւ նողկալիորեն անընթեռնելի է, եւ հատկապես նրանք են սրբագրում` ովքեր չեն գրել: Մենք պարտավոր ենք այդ անել, քանի որ ընթացքի կանխատեսելիությունը ոչ թե էջ գրելն է լինելու, այլ նոր էջի ջնջումը` առանց գրելու որեւէ հնարավորության:
Ոմնը խոստովանում է, որ դեռ 2018-ին պետք է ասեր` ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում: Դարձյալ ստում է: Այդ ասում, երազում էր 10-20 տարի առաջ: Եվ այդպիսի դիվային կերտվածք ունեցողը դարձավ երկրի ղեկավար: Այդ պատահեց մեզ հետ մեր երկրում: Ես չգիտեմ Աստծու պատի՞ժն էր, թե՞ սատանայի սերը: Բայց գիտեմ, որ պետք է ապաշխարենք, շատ ապաշխարենք ազգովի:
– Մտավորականները, ընդհանրապես, հասարակության շարժիչ ուժն են։ Հայ մտավորականները հիմա լուռ են կամ՝ «պետականամետ են»՝ իշխանության կողքին, որը պետականությունը կասկածի տակ է դնում։
– Շարժմանը մասնակից մտավորականները քիչ չեն: Ես հանրահավաքների ժամանակ հիմնականում նրանց հետ եմ զրուցում, շփվում: Մասնակցում են այնքան, որքան կան, ինչպես բոլոր ժամանակներում են եղել: Պնակալեզներն իրենց պնակն են լպստում դարձյալ, ինչպես բոլոր ժամանակներում, իսկ ճշմարիտ մտավորականն իր կեցվածքի մեջ է մնում:
Եվ հավելեմ. անվիճելի է, որ մեր պետականության կորստի կասկածը դիվային տեսլական դարձրեց 2018-ի պատահարով իշխանության եկածը` իր պատահականներով:
-Ինչպե՞ս կբնութագրեք իրավիճակը, որում հայտնվել ենք, ո՞րն է, ըստ ձեզ, յուրաքանչյուրի՝ իշխանություն, խորհրդարանական ընդդիմություն, արտախորհրդարանական ընդդիմություն, եկեղեցի, մտավորականներ եւ այլն, անելիքը։
-Սա ապոկալիպսիս է, եթե մեկ բառով բնորոշենք՝ տեղային ապոկալիպսիս: Բոլոր ու վերջին եւ անգամ պահուստային ուժերը պետք է միավորենք եւ ելք գտնենք, որն այդ դեպքում կտրվի մեզ այս վիճակից դուրս գալու համար: Բայց այդ միավորումը պետք է բացառի իշխանությանը, քանի որ այս ապոկալիպսիսի տեղայնացնողը բացառապես ինքն է: Այս իշխանությունը պետք է հեռանա: Սրանք պարզապես ատում են մեր երկիրն ու մեր ժողովրդին, եթե մի քիչ սիրեին, վաղուց հեռացած կլինեին:
Սա մեր վերջին հնարավորությունն է: Հաջողելու դեպքում ապագայի երաշխիքը գուցե հիսուն-հիսուն է: Չեմ կարող վստահ ասել, քանի որ դեռ ոչ ոք վերջից չի եկել: Իսկ այս իշխանության մնալու դեպքում մեր կործանումը հարյուր տոկոս է: Ես չեմ ասում, թե ճիշտ եմ, ես ուզում եմ, որ ճիշտը լինի: Իսկ ճիշտը լինում է, եթե շատ ես ուզում:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
14.06.2024