Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Կարապետյան. «Ինչպե՞ս կարելի է այսքան ամուր աչքերը փակել։ Ամբողջ միջազգային հանրությունը ասել է նույն բանը, և այդ բանը չի դարձել միջազգային իրավունքի տեսակետից պարտադիր ուժ ունեցող բացառապես Հայաստանի վետոյի արդյունքում, ինչը նույնն է, թե այդ հարցում մենակ մնալը»

Հունիս 14,2024 23:20

«Հայ Ազգային Կոնգրեսը երեկ հայտարարություն է տարածել, որում կուսակցությունը արձագանքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ Լիսաբոնում «1996-ին ԵԱՀԿ-ն Ղարաբաղի հարցով միջազգային իրավունքի տեսակետից պարտադիր կիրառման ուժ ունեցող որևէ որոշում չի ընդունել, որովհետև Հայաստանն, օգտվելով իր կանոնադրական իրավունքից, առաջարկված նախագծի վերաբերյալ կիրառել է վետո»։

Այսինքն վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Լիսաբոնի գագաթաժողովում միջազգային հանրությունը մեզ ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում և սրան ՀԱԿ-ը պատասխանում է՝ այդտեղ չի ընդունվել միջազգային իրավունքի տեսակետից պարտադիր կիրառման ուժ ունեցող որոշում, քանի որ մենք վետո ենք դրել, լա, լա, լա՜։

Ինչպե՞ս կարելի է այսքան ամուր աչքերը փակել։ Ամբողջ միջազգային հանրությունը ասել է նույն բանը, և այդ բանը չի դարձել միջազգային իրավունքի տեսակետից պարտադիր ուժ ունեցող բացառապես Հայաստանի վետոյի արդյունքում, ինչը նույնն է, թե այդ հարցում մենակ մնալը։

Հիշենք նաև, որ միջազգային իրավունքի տեսակետից արդեն պարտադիր կիրառման ուժ ունեցող փաստաթղթերի մասին՝ օրինակ ՄԱԿ-ի բանաձևերի մասին դրսում ընդունված էր ասել, որ դրանցում ընդամենը գրված է «հայկական ուժերը» պետք է հետ քաշվեն, դրա հետ Հայաստանը ի՞նչ կապ ունի։ Բայց տանը անպայման պետք էր ասել, որ պատերազմը Լևոն Տեր-Պետրոսյանն է հաղթել։ Իսկապես որ, տանը մի բան ասելու, դրսում այլ բան ասելու ավանդույթը և առհասարակ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք այլասերվածության հասած բոլոր երևույթների հիմքը դրել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հաջորդիվ երեկվա հայտարարության մեջ Հայ Ազգային Կոնգրեսը ասում է, որ այդ վետոյի գլխավոր արդյունքը եղել է այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջարկել է Փուլային լուծումը։ Սակայն պատմությունը լրիվ այլ բան է վավերագրել։ Լիսաբոնից անմիջապես հետո նախ եղել է Փաթեթային լուծումը, իսկ Փաթեթային լուծման մեջ գրված էր հետևյալը․ «Հակամարտության բոլոր կողմերը ճանաչում են Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը: Լեռնային Ղարաբաղը պետական և տարածքային կազմավորում է Ադրբեջանի կազմում»։ Եւ Հայաստանը ընդունել է Փաթեթային լուծումը որպես հետագա բանակցությունների հիմք (իհարկե վերապահումներով, բայց ընդունել է)։ Եւ միայն այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղը հրաժարվել է Փաթեթային լուծումից, միջնորդները առաջարկել են Փուլային լուծումը, որի ողջ իմաստը կարգավիճակի հարցը ընդամենը հետաձգելն էր, ոչ թե երաշխավորելը, որ Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստանալու։

Եւ ահա այս հետաձգված կարգավիճակի մասին էլ թերևս վերջին մեջբերումը կանեմ Հայ Ազգային Կոնգրեսի երեկ տարածված հայտարարությունից։ Ուրեմն 2016 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ այլ հոդված է գրել «Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ», որտեղ ասել է, որ «կասկածից վեր է, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը», որտեղ նա գովում է «Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված պլանը, որում և ամրագրված է հանրաքվեի միջոցով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման, այն է՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքը»։ Դրանից մի քանի տարի առաջ դիրքորոշումը այլ էր։ 2012 թվականին հանրահավաքի ժամանակ նա ասել էր, որ «այս հանրաքվեն ընդամենը ծաղր է, մեր ժողովրդին խաբելու մի հնարք», որ «Լիսաբոնի բանաձևը նույնն էր, ինչ այս Մադրիդյան սկզբունքները», և «երբ տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները դրվում են իրար կողք, դա նշանակում է Ղարաբաղի ինքնորոշումը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այսինքն ոչ ավել ոչ պակաս ինքնավարություն՝ ավտոնոմիա Ադրբեջանի կազմում»։

Գիտե՞ք, Վանո Սիրադեղյանը 1994 թվականին՝ պատերազմից անմիջապես հետո մի հարցազրույցում ասում է․ «Ղարաբաղը դե ֆակտո միացված է Հայաստանին և դրանից նահանջելու տեղ չկա։» Իսկ արդեն 2002 թվականին նա գրում է․ «Երկիրը հենց նրանով է կայանում, որ նրա սահմանները առաձգական չեն» և «քանի կա Ղարաբաղի հարցը, օդում կախված է մնում Հայաստանի Հանրապետության պետական սուվերենության հարցը»։

Դիրքորոշման փոփոխությունը ակնհայտ է, և լավ է, որ այդ փոփոխությունը տեղի է ունեցել։ Վերահասցեագրելով Վանո Սիրադեղյանի մեկ այլ արտահայտություն՝ պարզ չէ, թե որտեղ է ավարտվում դաշնակցությունը և սկսվում լևոնականությունը»։

 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930