Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսաձայնային նռնակների կիրառումը ոչ իրավաչափ էր. դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները. իրավապաշտպան ՀԿ-ների և անհատների հայտարարություն

Հունիս 14,2024 18:38

Դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները 

2024 թ․ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հավաքի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից կիրառվել են տասնյակից ավելի հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով տուժել են ինչպես հավաքի մասնակիցները, այնպես էլ լրատվության միջոցների ներկայացուցիչներ։ Բացի այդ, ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է բռնություն հավաքի մասնակիցների նկատմամբ։ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայտնած տեղեկությունների՝ բուժօգնության դիմել են 101 քաղաքացի, այդ թվում՝ 18 ոստիկան և 10-ից ավելի լրագրող և օպերատոր։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և ՀՀ կողմից վավերացված մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերը երաշխավորում են խաղաղ հավաքների ազատության իրավունքը, ինչպես նաև անմարդկային և դաժան վերաբերմունքից պաշտպանվելու բացարձակ իրավունքը։ Թեև հավաքների ազատության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված հիմքերով և իրավաչափ նպատակի հասնելու համար, սակայն նման սահմանափակումը պետք է անհրաժեշտ և համաչափ հետապնդվող նպատակին։

Միջազգային չափանիշների համաձայն՝ առանձին բռնի գործողությունների դրսևորումները ամբողջ հավաքը չեն վերածում ոչ խաղաղ հավաքի, և ներպետական մարմինները պարտավոր են ներկայացնել հստակ հիմնավորվածություն այնպիսի ծայրահեղ միջոցների կիրառման համար, ինչպիսիք են հատուկ միջոց, այդ թվում՝ լուսաձայնային նռնակները։ Ավելին, ցանկացած դեպքում հատուկ միջոցի կիրառումը պետք է լինի խիստ անհրաժեշտ՝ պայմանավորված կոնկրետ անձանց վարքագծով և պետք է անփոխարինելի և համաչափ լինի հետապնդվող իրավաչափ նպատակին։

Միջազգային իրավական չափանիշները պահանջում են, որ հատուկ միջոցների գործադրումը կարգավորվի հստակ կանոններով, իսկ դրանք կիրառող իրավապահ մարմինների ծառայողները պետք է անցնեն պատշաճ վերապատրաստում, և ցույցերի ընթացքում ենթակա լինեն վերահսկողության։ Բացի այդ՝ ուժի կիրառման ցանկացած դեպքից հետո, հատկապես եթե այն կիրառվել է բռնի դիմադրություն չցուցաբերող անձանց նկատմամբ, պարտադիր է իրականացնել ուժի կիրառման անհրաժեշտության, համաչափության և ողջամտության արդյունավետ գնահատում։

Նշված հավաքը ի սկզբանե խաղաղ էր իր բնույթով, մասնակիցները՝ անզեն։ Թեև հավաքի ընթացքում իրարանցման և հրմշտոցի արդյունքում հավաքի խումբ մասնակիցների և կազմակերպիչների կողմից բռնի գործողություններ կատարվեցին, այդ թվում՝ Սիրահարների այգու պարիսպները կոտրելը, ոստիկանների ուղղությամբ առարկաներ նետելը, Ոստիկանությունը նշված ցուցարարներին մեկուսացնելու փոխարեն, ըստ էության, առանց պատշաճ նախազգուշացման հատուկ միջոց` նռնակներ գործադրեց հավաքի մասնակիցների, այդ թվում խաղաղ մասնակիցների և հավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ։

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը սահմանում է հատուկ միջոցների կիրառման կարգն ու չափանիշները։ Հատուկ միջոց նռնակների գործադրման անհրաժեշտությունը և համաչափությունը Ոստիկանության կողմից չի հիմնավորվել։ Այն փաստարկները, որ հատուկ միջոցները կիրառվել են, քանի որ ցուցարարները փորձում էին ճեղքել ոստիկանական պատնեշը և հարձակվել ՀՀ Ազգային ժողովի շենքի վրա անհիմն է, քանի որ ցուցարարները գտնվում էին հարակից՝ Սիրահարների այգու տարածքում, և Ազգային ժողովի շենքին որևէ ուղղակի և իրական վտանգ չէր ներկայացվում։ Ոստիկանությունը նույնպես նման հարձակման անմիջական սպառնալիքի անխուսափելիության վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել։

Մինչդեռ, ոստիկանության ծառայողները կիրառել են հատուկ միջոցներ բազմամարդ հավաքի մասնակիցների նկատմամբ, և նրանց համար պետք է ակնհայտ լիներ, որ չէին ապահովվելու ՀՀ առողջապահության նախարարի 2012 թ․ թիվ 90-Ն հրամանով մարդու նկատմամբ կիրառվող հատուկ միջոցների թույլատրելի չափանիշները և մասնավորապես՝ հատուկ միջոցը մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա կիրառելու պահանջը, որի չպահպանումը ողջամտորեն և անխուսափելիորեն առաջացնելու էր մասնակիցների շրջանում տարբեր աստիճանի վնասվածքներ և առողջության վնաս, ինչ ոստիկանության կողմից պետք է պարտադիր հաշվի առնվեր հատուկ միջոցի ընտրության փուլում և բացառվեր նման միջոցի գործադրումը, ինչի արդյունքում տուժել են ոչ միայն հավաքի խաղաղ մասնակիցները, այլև հավաքը լուսաբանող լրագրողները և օպերատորները։

Այսպիսով, ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակների կիրառումը ոչ անհրաժեշտ և ոչ համաչափ էր, հետևաբար՝ ոչ իրավաչափ էր։ 

Ավելին, նույն հավաքի շրջանակներում Ոստիկանության ծառայողների կողմից ծեծ և բռնություն է գործադրվել հավաքի մասնակիցների նկատմամբ, արժանապատվությունը վիրավորող և նվաստացուցիչ արտահայտություններ հնչեցվել նրանց նկատմամբ, այդ թվում՝ ինչպես անմիջապես հավաքի վայրում, այնպես էլ նրանց բերման ենթարկելու ընթացքում և Ոստիկանության ծառայողների անմիջական վերահսկողության տակ գտնվելու ժամանակ։ Արձանագրվել է, որ ոստիկանության ծառայողների կողմից ծեծի և բռնության ենթարկվելու արդյունքում հոսպիտալացվել է Աբրահամ Գասպարյանը, ում մոտ ախտորոշվել է կողերի կոտրվածք, գլխուղեղի ցնցում և այլ վնասվածքներ։

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, իրավապաշտպաններս և անհատ անձինք խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները և բռնարարքների յուրաքանչյուր դրսևորում, որոնք համակարգային անպատժելիության հետևանք են՝ ապահովված ինչպես քննչական և դատախազական մարմինների, այնպես էլ դատական համակարգի կողմից։ Նախորդ տարիներին ոստիկանության ծառայողների կողմից հավաքների մասնակիցների և դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ կատարված որևէ բռնարարքի, ինչպես նաև հատուկ միջոցների գործադրման համար ոստիկանության որևէ ծառայող պատասխանատվության և պատժի չի ենթարկվել։

Ոստիկանության բռնարարքներն ու անօրինական գործողությունները քաջալերվում են և ուղղակիորեն հրահանգվում են քաղաքական իշխանության բարձրագույն մակարդակում՝ ինչպես անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից։ Վարչապետը հունիսի 12-ի հավաքին զուգահեռ Ազգային ժողովում իր անվերապահ աջակցությունը հայտարարեց ոստիկանության գործողությունների առնչությամբ՝ պնդելով, որ «բոլոր ոստիկանները, ովքեր կատարում են իրենց աշխատանքը, ճիշտ են անում» և շնորհակալություն հայտնելով և առավել սկզբունքայիններին իրենց աշխատանքի դրական գնահատականը հավաստելով՝ դրանով լիազորելով ոստիկանության բռնի գործողությունները հավաքի մասնակիցների նկատմամբ և երաշխավորելով դրանց համար անպատժելիությունը, իսկ հաջորդ օրը ոստիկանության գործողությունները շտապեց գնահատել՝ որպես «իրավաչափ և պրոֆեսիոնալ»։

Գործադիր իշխանության ղեկավարի նման հայտարարությունները ոչ միայն ուղիղ հրահանգ են ոստիկանության ծառայողներին, այլև իրավապահ համակարգին՝ ունակ ազդելու ոստիկանության գործողությունների քննության անկախության և օբյեկտիվության վրա։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները բազմիցս արձանագրել են, որ հավաքների շրջանակներում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն ի պաշտոնե հարուցում է քրեական վարույթներ բացառապես հավաքի մասնակիցների ենթադրյալ անօրինական գործողությունների առնչությամբ և ոչ ոստիկանության ծառայողների կողմից ուժի գործադրման և բռնությունների կիրառման փաստերի առնչությամբ, ինչը ևս խորը մտահոգություն է առաջացնում իրավապահ համակարգի՝ Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի անկախության և անաչառության առնչությամբ։

Վերահաստատելով ոստիկանության համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ մեր նախկին պնդումները՝ պահանջում ենք

    • ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ քննչական կոմիտեից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել 2024 թ հունիսի 12-ին տեղի ունեցած հավաքի ընթացքում մասնակիցների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման առնչությամբ և բռնությունների գործադրման դեպքերով և իրականացնել անկախ և արդյունավետ քննություն և պատասխանատվության ենթարկել նման խախտումներ թույլ տված ոստիկանության աշխատակիցներին և ապահովել հանրության տեղեկացվածությունը ձեռնարկված քայլերի վերաբերյալ,
  • ՀՀ ներքին գործերի նախարարությունից հարգել խաղաղ ցույցի մասնակիցների իրավունքները, զերծ մնալ բռնություններից և այլ անօրինական և անհամաչափ ուժի գործադրումից և նրանց արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններից, ապահովել ցանկացած խաղաղ բնույթ ունեցող հավաքի ընթացքը և ապահովել հավաքի ընթացքում ձեռնարկված ցանկացած միջոցների իրավաչափության գնահատման պարտադիր կանոններ

Միևնույն ժամանակ պահանջում ենք՝

  • ՀՀ իշխանությունից երաշխավորել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և ապահովել իրավունքի գերակայության սկզբունքի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում։ ՀՀ քաղաքական ղեկավարությունը՝ ինչպես օրենսդիր և գործադիր իշխանության ղեկավարները, պարտավոր են ձեռնպահ մնալ ատելության խոսքի կիրառումից, ինչը հանգեցնում է քաղաքական իրավիճակի հետագա լարվածության ուժգնացման
  • ՀՀ քաղաքական ղեկավարությունը պարտավոր է բացառել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ոստիկանությունը որպես գործիք օգտագործելու քաղաքականությունը և ձեռնպահ մնալ պաշտոնական քննություն իրականացնելու առաջ ոստիկանական գործողությունների վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց, որոնք անխուսափելիորեն կարող են ազդել քննության անկախության և անաչառության վրա։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Ամբրելլա միազգային լրագրողների ցանց ՀԿ

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան

Հասմիկ Գևորգյան, իրավապաշտպան

Հասմիկ Պետրոսյան, փաստաբան

Ինգա Զարաֆյան, բնապահպան

Տաթևիկ Ղարիբյան, իրավապաշտպան

Իզաբելլա Սարգսյան, իրավապաշտպան

Արթուր Գրիգորյան, բնապահպան, իրավաբան

Գայանե Շագոյան, ազգագրագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930