Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաստակից ներքեւ համարյա աղացած վիճակ է, ձեռքի կեսը տարբեր կտորներով տեղանքում ցրիվ է եկել, էլ կտրվելը ո՞նց է լինում». Բաղրամյանում գտել են քաղաքացու ձեռքի մասը

Հունիս 14,2024 18:09

«Քիչ առաջ պարեկների հետ վերջին վիրավորի ձեռքը ուղարկեցի 1-ին հիվանդանոց, որպեսզի հնարավորության դեպքում բժիշկները կպցնեն տեղը, որտեղից որ պոկվել է»: Սա սարսափ ֆիլմից հատված չէ:

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ցուցարարների նկատմամբ ոստիկանական գործողություններից հետո քաղաքացիներից մեկը՝ վավերագրող, ռեժիսոր Գագիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում այսպես պատմում էր, թե ոնց են իրեն տվել ցուցարարներից մեկի, ինչպես հետո պարզվեց՝ Եսայի Քարամյանի ձեռքից պոկված հատվածը: Նա անձամբ է կազմակերպել, որ ձեռքի մասը պարեկները հասցնեն հիվանդանոց:

Այս օրերին այս դեպքի հետ կապված հակասական տեղեկություններ են տարածվում:

Վարչապետ Փաշինյանը ԱԺ ամբիոնից վստահեցնում էր, թե ոստիկանները գործել են իրավաչափ ու պրոֆեսիոնալ եւ հավելեց. «Երեկ այս դահլիճում ինձ նկար էին ցույց տալիս եւ փորձում էին համոզել, որ քաղաքացու ձեռք է պոկվել։ Մինչդեռ, ակնհայտ է, որ նման բան չկա։ Քաղաքացին վիրահատվել է, եւ նրա ձեռքերի մատներից երեքը հեռացվել են, ինչի համար ցավում եմ։ Բայց նաեւ տեսանյութերից պարզ դարձավ, որ քաղաքացին ինքը վերցրել է ոստիկանների նետած հատուկ միջոցը, որը կյանքի համար վտանգավոր է եւ պայթել է նրա ձեռքի մեջ»։


Գագիկ Հարությունյանը նոր է հիվանդանոցում այցելել Եսայի Քարամյանին: Aravot.am-ի հետ զրույցում նա հետեւյալը պատմեց. «Ձախ ձեռքի մատները, որոնք վնասվել են, հնարավոր է եղել վերականգնել, այսինքն, ձախ ձեռքը կաշխատի կգործի, իսկ աջ ձեռքի մասով ինձ ասացին, որ այդ կտորը թաթի հատվածից, որ ինձ տվել են, ուղարկել եմ իրենց, այդ հատվածը էլ պետք չեկավ, որովհետեւ բժիշկներն ասել են, որ հնարավոր չի, անիմաստ է այդ կտորը կպցնել ու ես ասում եմ Եսայիի պատմածը՝ կաշին, ոնց կարողացել են, այդպես էլ կպցրել են, էնքան որ փակել են ձեռքի բաց հատվածը: Ու ըստ հիվանդի ասելու, դաստակից ներքեւ ինքը ձեռք չի ունենալու: Ցուցամատը բթախառով, թաթի կեսը, ես այդպես հասկացա, որ կտրվել է, պոկվել է ու երեք մատի կեսն է, դաստակը կիսատ ինչ-որ բան է մնացել, որը որպես ձեռք չի ծառայելու»:

Թե ինչպես է դեպքի օրը գտել ձեռքի մասը, Գագիկ Հարությունյանն ասաց. «Ինձ բերեց մեկը հավաքի մասնակիցներից, որին չեմ ճանաչում: Ամենայն հավանականությամբ, քանի որ սառույցի մեջ դրած էր, նա կամ բժիշկ էր, կամ բժիշկներն էին տվել, որ փոխանցի: Ինձ ասացին, որ սա ուղարկեմ 1-ին հիվանդանոց, տերն այնտեղ է: Ես վերցրեցի սառույցով մարդու մարմնի այդ հատվածը ու գնացի ոստիկանապետի մոտ, ասացի՝ կարիք ունենք, որ սա շուտ հասնի Առաջին հիվանդանոց, խնդրեցի, որ հրահանգեն պարեկներին շուտ հասցնել հիվանդանոց, որովհետեւ այդ պահին ամենակազմակերպված մեքենա ունեցողները պարեկներն էին: Ոստիկանապետը, քանի որ այդ պահին կողքիս էր, իր միջոցով փորձեցի հարցը կարգավորել: Ու ինքը ուղարկեց: Ես հաջորդ օրը որ գնացի Առաջին հիվանդանոց՝ տեսակցության, պարզվեց, որ ինքը այնտեղ չի եղել, այլ՝ Հանրապետական հիվանդանոցում, այսինքն, ինձ այդ մարմնի մասը տվողները սխալ ինֆո էին տվել: Ես գնացի Հանրապետական հիվանդանոց, գտա այդ մարդուն, պարզվեց՝ պարեկները գնացել են Առաջին հիվանդանոց, տեսել են՝ այնտեղ չի, հետո տարել էին Հանրապետական»:

Հարցին՝ ո՞ւշ է եղել արդեն՝ նա պատասխանեց. «Ոչ թե ուշ է եղել, այլ մենակ ձեռքի այդ կտորը դնելը արդեն նպատակահարմար չեն գտել դնել»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հատվածի մասին է խոսքը, նա բացել, տեսե՞լ է, թե՞ սառույցով փակ ուղարկել է՝ Գագիկ Հարությունյանը պատասխանեց. «Ես իրականում փոքր հայացք գցեցի տակից, բայց ամբողջը չտեսա, որովհետեւ կողքիս կանայք ու երեխաներ էին, չուզեցի, որ իրենց ուշադրությունը գրավեմ, համ էլ չգիտեի՝ բացելով արդյոք կվնասվի՞, թե՞ չէ: Ինչքանով ինձ հիվանդանոցում ասեցին՝ երբ որ ափդ բացես դեպի քեզ, բութը, որ կպնում է թաթին, թաթի ու բութի հատվածն է եղել»:

Հարցին՝ այսինքն, ըստ էության, Փաշինյանի ասածը չի՞ համապատասխանում իրականությանը, խոսքը հենց ձեռքը կտրվելու մասին է, որովհետեւ մարդը չի կարողանալու աշխատեցնել ձեռքը՝ նա պատասխանեց. «Կտրվելը կարող է կողքից հասկանան, որ դաստակից կտրվել, ընկել է, բայց քանի որ դաստակից ներքեւ համարյա աղացած վիճակ է, կեսը տարբեր կտորներով տեղանքում ցրիվ է եկել, չգիտեմ Փաշինյանը ինչ նկատի ունի՝ ասելով կտրվել, երբ մարդը փաստացի ասում է՝ դաստակից ներքեւ էլ ձեռք չեմ ունենալու, էլ կտրվելը ո՞նց է լինում: Չգիտեմ ինչ է ասում Փաշինյանը, բայց երեւի ինքը լավ գիտի, կարող է ինքը նաեւ բժիշկ է»,- հեգնեց Գագիկ Հարությունյանը:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930