Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենայինք Երանոսյանի վերաբերյալ դատական ակտ, մնացած գեներալները 100 անգամ կմտածեին այդպիսի գործողությունների գնա՞լ, թե՞ ոչ. Իրավապաշտպան

Հունիս 14,2024 17:49

«Այս իրավիճակը կարող է հանգեցնել մինչեւ անգամ «Մարտի մեկին» շատ մոտիկ, ինչու ոչ «Մարտի մեկից» էլ ավելի վատ տարբերակի, եթե հիմա ե՛ւ քաղհասարակությունը, ե՛ւ միջազգային կառույցները խիստ թիրախային դատապարտող, հստակ թիրախներ նշելով՝ հայտարարությունների ու գործողությունների չանցնեն»,- Aravot.am-ին ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով հունիսի 12-ին ցուցարարների նկատմամբ ոստիկանների կիրառած բիրտ ուժին:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավարները ոստիկանական գործողությունների հենց հաջորդ օրը՝ հունիսի 13-ին, տեղեկություն տարածեցին, որ կիրառվել են ժամկետանց հատուկ միջոցներ:

Նինա Կարապետյանց

Այս մասին Նինա Կարապետյանցն ասաց. «Հաստատված նման տվյալներ չունեմ, որ ժամկետանց նռնակներ ու հատուկ միջոցներ են կիրառել: Բայց սա առաջին դեպքը չէ, «Մարտի մեկին» էլ ենք ունեցել նման խնդիր, «Մարտի մեկի» դեպքն էլ մարդկային զոհեր ու վնասվածքներ ենք ունեցել հենց ժամկետանց հատուկ միջոցների կիրառման արդյունքում: Ավանդույթ է դարձել, հավանաբար գումարները դուրս են գրել ու չեն գնել, եթե այդպիսի խնդիր կա»:

Իրավապաշտպանի համոզմամբ՝ ոստիկանական այդ գործողությունների հետեւում առանձին ոստիկանության սպայական կազմի որոշումը չէ: Ըստ նրա՝ նման լարված իրավիճակներում ո՛չ նախկինում, ո՛չ ներկայումս որոշումները չեն կայացվում ոստիկանության մակարդակով, կայացվում է քաղաքական որոշում. «Նույնիսկ աստիճանն էլ հրահանգավորվում է դրսից՝ գնալ մինչեւ վերջ, եթե անհրաժեշտ է կիրառել հատուկ միջոցներ, եթե անհրաժեշտ էլ չէ կիրառել, միեւնույն է կիրառել հատուկ միջոցներ»:

Անդրադառնալով Փաշինյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների՝ ոստիկանական գործողություններին տված գնահատականներին եւ իրավապաշտպան միջազգային կառույցների լռությանը՝ Նինա Կարապետյանցն ասաց. «Ես չէի ասի, որ արձագանք չկա: Արձագանքը կտեսնենք որոշ ժամանակ անց: Միշտ միջազգային մեծ խաղացողներին կամ իրավապաշտպան կառույցներին ժամանակ է անհրաժեշտ հերթական կամ արտահերթ զեկույց նախապատրաստելու համար: Չեն առաջնորդվում էմոցիոնալ, պահի տակ արված հայտարարություններով կամ դրանց հիման վրա երբեք զեկույց չեն գրել, ստուգելու են:

Համոզված եմ, որ լինելու են արձագանքներ. ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում չի կարող տեղ չգտնել, որովհետեւ ակնհայտորեն այստեղ խնդիր կար… իրենք ունեն բավարար տեղեկություն, որ երբեւէ ոստիկանության նման գործողությունները պատասխանատվության չեն հասել: Դրա վառ օրինակն է Լեւոն Երանոսյանի գործով, կարելի է ասել, արդարացումը, պատասխանատվության չենթարկվելը: Երանոսյանի՝ պատասխանատվության չենթարկվելն էր հիմնավորումներից մեկը, որ վստահություն էր իմ մեջ առաջացրել, որ անպայման գնալու են այն նույն ճանապարհով, որով գնացել էր Երանոսյանը: Ունենայինք Երանոսյանի վերաբերյալ դատական ակտ, մնացած գեներալները հարյուր անգամ կմտածեին այդպիսի գործողությունների գնա՞լ, թե՞ չէ: Այդպիսի ոչ իրավաչափ, անհամաչափ, անօրինական գործողությունների: Բայց երբ Երանոսյանն արդարացվում է եւ ոստիկանական տարբեր տիպի գործողություններ արդարացվում են եւ այդ թվում քաղհասարակության որոշ ներկայացուցիչների կողմից համարվում են դրական ու պրոֆեսիոնալ, սա հուշում է, որ, այո՛, ինչ-որ պահի ոստիկանությունը գնալու է այդ նույն տրամաբանությամբ: Եթե չեղավ հակադրություն ու համարժեք գնահատական»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930