Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Լուկաշենկոյին պետք լինի՝ Նիկոլ Փաշինյանը շատ հեշտ ու արագ կգնա Բելառուս»․ քաղաքագետ

Հունիս 14,2024 17:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ Ազգային ժողովում խոսելով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններից, հայտարարել էր՝ Բելառուս երբեք չի այցելի, քանի դեռ Բելառուսի նախագահը Լուկաշենկոն է։

Լուկաշենկոն, ըստ ՀՀ վարչապետի, մասնակցել է 44 օրյա պատերազմի նախապատրաստմանը, քաջալերել, սատարել է Ադրբեջանին, ցանկացել այդ երկրի հաղթանակը։

«Բա դրանց հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ, բա դուք չեք խոսում արժանապատվությունից, սկզբունքայնությունից»,-ասել էր Փաշինյանը։

Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, մեկնաբանելով կառավարության ղեկավարի այս խոսքերը, ասաց՝ ինչո՞ւ Փաշինյանը չի անդրադառնում ՀԱՊԿ մեկ այլ անդամ երկրի՝ Ղազախստանի հակահայկական քաղաքականությանն ու գործունեությանը։

Ըստ քաղաքագետի, թեև Բելառուսը վերջին տարիներին չի թաքցրել իր հակահայկական կեցվածքը, բայց և այնպես Լուկաշենկոն, օգտագործելով ՀՀ իշխանական լրատվամիջոցներից մեջբերումներ, պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին՝ բացահայտ մեղադրելով ՀՀ նախկին ղեկավարներին արցախյան խնդիրը նրա վրա թողնելու համար։

«Նիկոլ Փաշինյանի հակաբելառուսական հարձակումը ՀԱՊԿ-ի դեմ ևս մեկ արշավ է՝ ցույց տալու, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ստեղծված ռազմաքաղաքական խմբավորումն ուղղակի գոյություն չունեցող մի կազմակերպություն է, որի անդամները գործում են մեկը մյուսի դեմ։

Ես կողջունեի Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը, եթե չլինեին բազմաթիվ «եթե»-ներ։ Կոշտ արձագանքելով Լուկաշենկոյին՝ Նիկոլ Փաշինյանը զարմանալիորեն չի անդրադառնում ՀԱՊԿ անդամ ևս մեկ երկրի հակահայկական գործունեությանը՝ դա Ղազախստանն է։

Ղազախստանը թյուրքալեզու պետություն է։ Այսինքն` Ղազախստանն Ադրբեջանի և Թուրքիայի ամենամոտ գործընկերներից մեկն է Միջին Ասիայում։ Ղազախստանը, բացի ՀԱՊԿ անդամ երկիր լինելուց, նաև թյուրքական պետությունների համագործակցության անդամ է, բավական ակտիվ է և բավական սերտ հարաբերություններ ունի նույն Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Թուրքիայի և Ղազախստանի միջև վիզային ռեժիմը բացակայում է, դա ցույց է տալիս նրանց սերտ կապերը։

Ղազախստանը վերջին 3 տարում ակտիվորեն շնորհավորում է Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ 44 օրյա պատերազմում հաղթանակ տանելու և պատմական արդարությունը վերականգնելու համար։

Դա մեկ, երկրորդը՝ Ղազախստանի նախագահն այցելում է Ադրբեջան, գնում է պատմական հայկական Շուշի, որը Նիկոլը նվիրել է Ադրբեջանին և խոստանում է Արցախում միլիոնավոր դոլարների ներդրումներ անել։

Դրանից հետո էլ Նիկոլ Փաշինյանը մեծ ուրախությամբ Երևանում բարձր մակարդակով ընդունելության է արժանացնում Ղազախստանի նախագահ Տոկաևին։

Ավելին ասեմ՝ Տոկաևի՝ Երևան այցից հետո Աստանան դարձել է հայ-ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման հարթակ։

Հետաքրքիր է՝ ինչի՞ համար է սա և ինչո՞ւ է նույն Նիկոլ Փաշինյանը տեսնում ՀԱՊԿ անդամ Բելառուսի հակահայկականությունը, բայց բացարձակ չի նկատում նույն ՀԱՊԿ անդամ թյուրքական պետություն համարվող Ղազախստանի հակահայկական գործունեությունը և նրա հակահայկական էությունը։

Ի դեպ, Ղազախստանը բավական ակտիվ հակահայկական կողմնորոշում ունի նաև միջազգային տարբեր հարթակներում՝ բացահայտ պաշտպանելով թուրքաադրբեջանական տանդեմի շահերը»։

Գագիկ Համբարյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ արժանապատվության և սկզբունքայնության մասին արած հայտարարությանը, հարցնում է՝ արժանապատվությունից խոսող ՀՀ կառավարության ղեկավարը, որը հիշում է, թե հայ ժողովուրդը Բելառուսի հետ հարաբերություններում պիտի ունենա արժանապատվություն և սկզբունքայնություն, բա Թուրքիայի հետ հարաբերություններում ինչո՞ւ է դա մոռանում։

«Նիկոլ Փաշինյանի արժանապատվությունը որտե՞ղ էր, երբ ինքն մեկնում էր Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի նախագահի երդմնակալությանը, Թուրքիայի նախագահի աշխատակազմը Հայաստանի Հանրապետությանը վիրավորելու և ստորացնելու համար դիտավորյալ այնպիսի լուսանկարներ էր հրապարակում, որոնք ուղղակիորեն խայտառակություն էին մեզ համար։ Տեսել եք շակալանման ժպիտը Փաշինյանի և Էրդողանի վագրանման հայացքը դեպի Նիկոլը։

Նիկոլը չի ամաչում, որ իրեն նստեցրել էին երրորդ շարքում՝դ իտավորյալ այնպիսի ռակուրսով էին նկարել, որ Ադրբեջանի նախագահի և նրա տիկնոջ շնորհավորելու ժամանակ Փաշինյանը հետնամասում գտնվեր, չասեմ այն լուսանկարը, որտեղ Նիկոլը ծիծաղեցնում է Իլհամ Ալևին և նրա կնոջը՝ Մեհրիբան Ալիևային։

Չասեմ, որ 44 օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան բացահայտ օգնել է Ադրբեջանին բոլոր ձևաչափերով և չգիտես ինչու այդ օգնությունը չի նկատվում Նիկոլ Փաշինյանի կողմից»։

Քաղաքագետը համոզված է՝ եթե Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին պետք լինի, որ Նիկոլ Փաշինյանն այցելի Բելառուս և խայտառակի նրան, այդ ամենը շատ արագ ու հեշտ կկազմակերպի Իլհամ Ալիևի պարտադրանքով։

«Չմոռանանք Բելառուսի և Ադրբեջանի նախագահների ընկերական հարաբերությունները, նա կարող է կես բերան Ալիևին ասել՝ Նիկոլ Փաշինյանին կպարտադրես գալ Բելառուս, համոզված եղեք՝ Փաշինյանը՝ գլուխը կախ, կգնա այնտեղ»,-ասում է քաղաքագետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930