Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը կդիմի ՀՀ նախագահին, ՄԻՊ-ին, պատգամավորներին՝ սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար

Հունիս 14,2024 17:37

2024 թվականի հունիսի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ՝ Պալատ) խորհրդի նիստ:

Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման փաստը, Պալատի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Նախագիծն իր խնդրահարույց դրույթներով առաջին իսկ օրերից անընդունելի էր փաստաբանական համայնքի համար:

Այդ առնչությամբ, ՀՀ փաստաբանների պալատը գրավոր դիտողություններ էր ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմ, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

Ի դեպ, Նախագիծը խնդրահարույց էին համարել և դիտողություններ ներկայացրել ինչպես Մարդու իրավունքների պաշտպանը (մարդու իրավունքների վրա հնարավոր բացասական ազդեցության և ռիսկերը չգնահատելու մասով), այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարությունը (նոտարական ծառայությունների իրականացման մասով՝ նույն հարկային քաղաքականության որդեգրման տեսանկյունից):

Ավելին, ՀՀ փաստաբանների պալատը նախաձեռնել և հանդիպում-քննարկումներ է ունեցել Ազգային ժողովի պետաիրավական և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների մասնակից պատգամավորների հետ, որի նիստերին մասնակցել է նաև Նախագծի հեղինակ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, ուր հանգամանորեն ներկայացվել են Նախագծի վիճահարույց ասպեկտները:

Նախագծի ընդունման դեպքում բացասական հետևանքների մասին ՀՀ փաստաբանների պալատը բազմիցս բարձրաձայնել է տարբեր լրատվականներով, իրականացրել նաև մամուլի ասուլիսներ:

Հիշեցնենք, որ Օրենքի կենսագործման արդյունքում առնվազն.

  Շեշտակի բարձրանալու է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար և գները՝ սահմանափակելով իրավաբանական օգնության հասանելիության մատչելիությունը.

– Հանրային պաշտպանի գրասենյակի տիրույթից դուրս բացառվելու է անվճար իրավաբանական օգնության տրամադրման (pro bono) հնարավորությունը, քանի որ այն նույնպես ենթակա է լինելու հարկման.

– Էականորեն նվազելու է քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու մատչելիությունը և դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը.

–  Անհամեմատ ավելանալու է Հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը, ինչը ծանրաբեռնելու է առանց այն էլ գերծանրաբեռնված հանրային պաշտպանների աշխատանքը՝ հանգեցնելով մատուցվող ծառայության որակի անկման:

Ի թիվս բազմիցս մատնանշված վիճահարույց դրույթների, անշուշտ, առկա է նաև ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարց, քանի որ խոսքը առաջին հերթին վերաբերում է յուրաքանչյուրի՝ միջազգային պայմանագրերով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված որակյալ իրավաբանական օգնություն ստանալու  իրավունքի ոտնահարմանը, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի խաթարմանը, տարբերվող և խտրական վերաբերմունքի դրսևորմանը, հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցների պիտանիության և անհրաժեշտության բացակայությանը:

Այս առումով, Պալատի խորհուրդը հանգամանորեն ներկայացրել է հիմնավորումներ, որոնք ներկայացված են հաղորդագրությանը կից:

Ամփոփելով փաստերը և հիմք ընդունելով «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի, ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 2.2. կետի պահանջները,

                                              ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է

Դիմել ՀՀ Նախագահին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային Ժողովի պատգամավորներին՝

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար:

ՀՀ փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930