Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս հանրաքվեն ՌԴ-ի գրպանից դուրս գալու հնարավորությունն է և ամենաարդյունավետ մեխանիզմներից մեկը»․ Արամ Սարգսյան

Հունիս 14,2024 16:46

«Չորս կուսակցություն՝ մասնավորապես «Հանրապետություն», Հայաստանի եվրոպական կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը և «Հանուն Հանրապետության» կուսակցությունը համատեղ առաջարկում են առաջիկա երեք-չորս ամիսների ընթացքում ՀՀ-ում անցկացնել հանրաքվե՝ ԵՄ-ին ՀՀ-ի լիիրավ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։

Հարցին՝ ինչպե՞ս եք տեսնում ՌԴ-ի հետ հետագա հարաբերություններն այս պարագայում, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը պատասխանեց․ «ՌԴ-ն իր վերաբերմունքն այս ամենին արտահայտել էր վաղուց։ Եթե չլիներ ՌԴ-ի՝ շատ հստակ դիրքորոշումը, որը դեռ չի ստացել իր քաղաքական գնահատականը, երևի չէր էլ առաջանա նաև այս խնդիրը։ 90-ականների սկզբին կար պատրանք, որ մեր պատմական ճակատագրերը շարունակելու են զուգահեռ զարգանալ, որ ՌԴ-ն նույնպես ընտրել է եվրոպական ճանապարհ։ Որոշ ժամանակ ես էլ էի այդ պատրանքի զոհը։ Արդեն 2005-2007-ին որոշ հայտարարությունները շատերի աչքերը բացեցին։ 1999-ին՝ հատկապես հոկտեմբերի 27-ին, մենք պետք է հասկանայինք դա։ ՌԴ-ն այս օրը հայտարարեց ի լուր աշխարհի, որ ՀՀ-ի պետականությունը չի մտնում ՌԴ-ի ծրագրերի մեջ, մեր անկախ պետական զարգացումը ընդհատվեց հենց այդ օրը, հիմա մենք մի կողմից դեռևս գտնվում ենք հոկտեմբերի 27-ի հետևանքների ներքո՝ դրա վկայությունն է եկեղեցական սպասավորի կողմից առաջնորդվող շարժումը, մյուս կողմից հավաքվել ենք, որ հաղթահարենք այդ մռայլ ժառանգությունը։ Մենք չպետք է մեր քայլերը որոշենք որևէ այլ երկրի՝ հատկապես ՌԴ-ի ցանկություններով»։

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ եվրոպական ինտեգրացիայի հարցը մեր ներազգային հարցն է․ «Հետևաբար դա որևէ երկրի որոշելիք հարցը չէ։ Ռուսաստանը կամ որևէ այլ երկիր, թե ինչ վերաբերմունք կունենան, իրենց գործն է։ Դժվարություններ, անշուշտ, կլինեն, բայց ենթադրում ենք, որ հաջողություններն ավելի շատ կլինեն։ Եթե հիպոթեզ կա ՌԴ-ի՝ բացասական վերաբերմունքի մասով, ապա կլինի նաև ոչռուսաստանների դրական վերաբերմունքը։ Առհասարակ, այն տեսակետին եմ, որ մենք մեր հարցերը պիտի լուծենք առանց ուրիշի կամքը հարցնելու»։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով՝ ԵՄ-ին ՀՀ-ի լիիրավ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվեի առաջարկը ՌԴ-ի գրպանից դուրս գալու հնարավորությունն է և ամենաարդյունավետ մեխանիզմներից մեկն է․ «Պիտի խոստովանեմ, որ այսօրվա հավաքն, այն ասելիքը, որ ունենք, գոնե ինձ համար, իմ քաղաքական կյանքի ամենակարևոր ասելիքն է։ ՀՀ երրորդ հանրապետության ողջ կենսագրության ընթացքում ապագային միտված որևէ ռեալ ու լուրջ առաջարկ չի եղել։ Եվրոպային ինտեգրվելու՝ մեր առաջարկը միակն է, որը երկարաժամկետ ապագային միտված մղումներ ու համատեքստ ունի՝ ոչ 10, ոչ 20 տարվա, այլ հարյուրամյակի մղում ունի»։

Ըստ Արամ Սարգսյանի՝ 2020-ի պարտության խայտառակությունից հետո ինքն ու իր սերունդը մեր զավակների, թոռների առաջ արդարանալու մի բան կարող են ունենալ, եթե այսօր ճիշտ ընտրություն կատարենք․ «Միայն այս տարբերակով է, որ մենք ապագայում ապահովելու ենք մեր զավակների, մեր պետության ինքնիշխան, լիարժեք իրավական, մեր քաղաքակրթությանը համահունչ քաղաքակրթական ընտանիքում ապրելու ու զարգանալու առումով։ ՀՀ-ի ապագան Եվրոպան է, ՀՀ-ն ԵՄ ընտանիքի անդամ է։ Սա հասկանում են բոլորը, և բացատրել է պետք բոլորին, իսկ դրա մեխանիզմը ճիշտ ժամանակին՝ հիմա ԵՄ անդամակցելու հանրաքվե անցկացնելն է։ 100 օրը մի բան էլ ավել է նման հանրաքվե անցկացնելու համար»։

Նա նշեց, որ այս առաջարկով դիմում են ՀՀ իշխանություններին և ակնկալում, որ կքննարկեն ու խնդիրը կդնեն համաժողովրդական քննարկման ու կգնան հանրաքվեի։

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը վստահեցրեց՝ հայ ժողովուրդն իր քաղաքակրթական ընտրությունը կատարել է հօգուտ եվրոպական իրականության․ «Մեր ամբողջ պատմությունը և պայքարը եղել է այդ քաղաքակրթության օգտին, ի շահ, և մեր ինքնությունն ենք մենք նաև պայմանավորել այդ միջավայրով։ Այն, ինչին վերջին շաբաթներին ականատես էինք, նաև քաղաքական դեֆորմացիայի և դեգրադացիայի հետևանք էր։ Կարծում եմ՝ մեր բերած օրակարգը, առաջարկը շուռ է տալիս սեղանն այն գաղջության, որ բերվել էր մեր ժողովրդին հետադիմական ուժերի կողմից։ ՀՀ-ն պիտի նայի առաջ, ՀՀ-ն իր զարգացման հեռանկարների հետևից պիտի գնա, և սա ուղղակի այլընտրանք չունեցող օրակարգ է, սրա այլընտրանքը ՀՀ-ի չգոյությունն է։ ՀՀ-ն լինելու այլ հասցե չունի, քան Եվրոպական Միությունն է։ Այս առաջարկով այդ հասցեն ամրագրելու, հանրաքվեով հասցե ունենալու խնդիր ենք լուծում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930