Արդյոք կառավարությունը նախատեսում է աջակցության ծրագրեր Արցախի գործարարների համար։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ, ի պատասխան այս հարցին, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ասաց՝ բիզնեսի համար կան բազմաթիվ ծրագրեր, օրինակ՝ տեքստիլ արդյունաբերության ոլորտում, եթե գործարարն ունի մեկ տարվա փորձառություն եւ նոր է ներգրավվում մշակվող արդյունաբերության ոլորտ, ապա պետությունը փոխհատուցում է բիզնեսի եկամտային հարկը։ Իսկ արցախցիների դեպքում այդ մեկ տարվա փորձառության պահանջը չկա։
«Ցավոք, մեր պետության հնարավորությունները սուղ են, եւ հավասար մրցակցության եւ հնարավորությունների քաղաքականությունների համադրության արդյունքում, թերեւս, մեր առաջարկն է ԼՂ-ից եկած գործարարներին՝ օգտվեն առկա առաջարկներից։ Եթե կան բիզնես գաղափարներ՝ պատրաստ եմ ընդունել, քննարկել, թե ավելի կոնկրետ ինչ կարող ենք անել, եւ մեր գործող ծրագրերից օգտվեն»,- ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը՝ բայց արդեն գործող բիզնեսները մեր երկրի ոչ բարվոք պայմաններում կարող են մեռնել, Պապոյանը պատասխանեց՝ ՀՀ-ն տնտեսական աճով 2022 թվականին աշխարհում եղել է 9-րդը, 2023-ին 4-րդը, հիմա էլ 2023-ից էլ բարձր աճի տեմպ ունենք․ «Աշխարհի զարգացած երկրներում, երբ 100 000 փախստական հայտնվեր, միշտ հայտնվում են վրանային քաղաքներ, ճամբարներ, բայց մեր երկրում նման ոչ մի իրավիճակ չի եղել։ Այո, մարդը կորցրել է ինչ-որ բան, հյուրանոց է կորցրել, բայց եթե հիմա ձեր առաջարկն է պետբյուջեով հյուրանոց կառուցենք, իրենց տանք՝ դա դժվար եւ խնդրահարույց բան է։ Պետական միջոցները ձեր միջոցներն են, եթե դուք համաձայն եք նման առաջարկին, պետք է ասեք, որ տվյալ թունելը, ջրամբարը չպետք է կառուցենք, կենսաթոշակը․․․ մեր տնտեսական քաղաքականությունները պետք է լինեն մեր հնարավորությունների շրջանակում եւ չխաթարեն մրցակցային իրավիճակը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ