Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր խնդիրն է նախ օգնել, որ ջրհեղեղից տուժած բնակիչները հնարավորինս արագ իրենց բնակարանները վերադառնան. Փաշինյան

Հունիս 14,2024 15:42

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը: Ըստ այդմ՝ սահմանվում է 2020 թ. սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ ծրագրի պահանջներին բավարարող շահառուներին հավաստագրերի տրամադրման, հիփոթեքային վարկերի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանն ուղղված աջակցության գումարների տրամադրման և օգտագործման հետ կապված գործընթացները, ինչպես նաև աջակցության դադարեցման հիմքերը և ընթացակարգը: Արդյունքում՝ կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 25,000 ընտանիքների համար բնակարանային հասանելիությունը: Հունիսի 15-ից շահառուները արդեն կարող են առցանց դիմումներ ներկայացնել: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը, բնակարանի ձեռքբերման համար հավաստագիրը ևս ուղարկվելու է էլեկտրոնային եղանակով, այն կուղարկվի էլեկտրոնային փոստի հասցեներին: Ըստ փոխնախարարի՝ հավաստագրի վրա լինելու է QR կոդ, որով կարող են մոտենալ ծրագրի շրջանակում պետության հետ համագործակցող իրենց նախընտրելի բանկը և սկսել գործընթացը: Իսկ մինչ այդ, քաղաքացիները պետք է ընտրեն տունը կամ բնակարանը, որը կհամապատասխանի ծրագրի աջակցության չափին և պայմաններին: «Վաղվանից կընդունվեն դիմումներն այն դեպքերի համար, երբ շահառուները ցանկանում են գնել բնակարան կամ բնակելի տուն: Հուլիսի 15-ից կբացվի բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցողների համար հարթակը: Օգոստոսի 1-ից արդեն կկարողանանք դիմումներ ընդունել այն ընտանիքներից, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ»,–ասել է Դավիթ Խաչատրյանը:

Փոխնախարարը նշել է նաև, որ առաջին փուլով աջակցություն են ստանալու 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, ինչպես նաև զոհվածների ընտանիքները և այն ընտանիքները, որոնք ունեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամ:

Վարչապետը կարևորել է ծրագրի մանրամասների վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու անհրաժեշտությունը՝ առկա բոլոր միջոցներն օգտագործելու միջոցով: Կարևորվել է նաև իրազեկման արշավին մարզպետարանների, համայնքապետարանների մասնակցությունը: «Սրանով մենք արձանագրում ենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակավորման ծրագիրը մեկնարկում է, այսինքն՝ մտնում է գործնական փուլ: Որոշման շատ կարևոր և անբաժանելի մաս է, որ այս ծրագրի շահառու դառնալու համար պետք է դիմեն այն անձինք, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, այս ընթացքում դիմել և ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Այս հարցը մի քանի անգամ քննարկել ենք և եկել ենք եզրակացության, որ սա ճիշտ մոտեցում է: Մենք պետք է գնանք այս ճանապարհով, և այս որդեգրած սկզբունքը պետք է շարունակի գործել, որպեսզի մեր նպատակներից և նպատակադրումներից չշեղվենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը հավելել է, որ նախագիծն ահռելի մեծ ծավալի է և, ցավոք, հնարավոր չէ այդ հարցը 1-2 ամսում լուծել. «Սա երկարաժամկետ նախագիծ է, որը մենք պետք է ռազմավարական մոտեցմամբ, հետևողական, պլանավորված, քայլ-քայլ իրականացնենք: Այն շատ կարևոր է, իհարկե, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների կարիքները հասցեագրելու առումով: Սա ուղղակի տուն կառուցելու նախագիծ չէ, որովհետև զուգահեռ պետք է փորձենք հոգալ, նաև աջակցել, որ մարդիկ իրենց կյանքը պլանավորեն, որովհետև տունը եղավ՝ մարդը որտե՞ղ է աշխատելու, գործունեության ի՞նչ տեսակով է զբաղվելու: Մենք նաև ծրագրերի արդյունավետությունն անընդհատ բարձրացնելու խնդիր ունենք: Ես նկատի ունեմ մասնագիտական վերապատրաստումների ծրագիրը, աշխատանքի շուկայում ավելի մրցունակ լինելու ծրագիրը, ձեռներեցության հմտությունների զարգացման ծրագիրը, ունենք ծրագիր կանանց գործարար ակտիվության աջակցելու վերաբերյալ և այլն: Մենք պետք է հնարավորինս անցում կատարենք ավելի բովանդակային, այսինքն՝ մարդկանց կյանքը կազմակերպելու, բարեկեցություն կառուցելու հնարավորություն ստեղծող ծրագրի: Մեծ աշխատանք է սպասվում, որը, հույս ունեմ, հետևողական կանենք»:

Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանի կառավարությունը, ինչպես նախորդած ողջ շրջանում, լինելու է և աջակցելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին իրենց սոցիալական խնդիրները հասցեագրելու հարցում. «Բայց նաև ուզում եմ ընդգծել կառավարության քաղաքական կամքը՝ մենք թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փորձի օգտագործել իր պլանային նպատակների համար: Կրկնում եմ՝ մենք շատ համբերատար ենք, շատ հանդուրժող ենք, մեր սերը չենք թաքցնում, բայց որևէ մեկը սա իշխանության թուլություն չպետք է ընկալի և գնահատի: Ես երեկ Ազգային ժողովի ամբիոնից էլ առիթ ունեցա ասելու՝ հույս ունեմ, որ այս ուղերձի հասցեատերերը կընդունեն այս ուղերձները և չեն հասցնի նրան, որ մենք, ինչպես ասում են, առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով»:

Չզեկուցվող մեկ այլ որոշմամբ էլ փոփոխություններ և լրացումներ է կատարվել վերոնշյալ ծրագրում՝ հիփոթեքային վարկավորման պայմանները, Լեռնային Ղարաբաղից տեղահանվելուց հետո ծնված երեխաների վերաբերյալ կարգավորումները և այլն հարցեր հստակեցնելու նպատակով: Ըստ այդմ` առաջարկվում է սահմանել, որ մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաները հանդիսանում են շահառու ընտանիքի անդամ, աջակցության չափը վարկի տոկոսագումարների սուբսիդավորման համար հաշվարկվում է 10 տարվա հաշվարկով ամսական անուիտետային մարման եղանակով հաշվարկված ամսական վճարման գումարներին համապատասխան և բանկի սեփական ռեսուրսով վարկավորման դեպքում կազմում է՝ հաստատուն տոկոսադրույքով վարկավորման դեպքում մինչև 13%, լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք + 3% չափով՝ վարկի տրամադրման պահին։ Միաժամանակ, առաջարկվում է հստակեցնել, որ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունը ևս իրականացվելու է հավաստագրերի տրամադրման ձևաչափով, իսկ սահմանված 3, 4, և 5 մլն դրամ աջակցությունները վերաբերվում են հիփոթեքային վարկի մայր գումարի սուբսիդավորմանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պահանջվող 1 տոկոս կանխավճարը ևս ֆինանսավորվելու է պետության կողմից, առաջարկվում է հետագա գործընթացների պարզեցման նպատակով, կանխավճարի պահանջը հանել և ամբողջ գումարը ներառել վարկի մարման ժամանակացույցի մեջ։

Հայաստանում ամպային լուծումների քաղաքականության ներդրումը կնպաստի տեխնոլոգիական ենթակառուցվածքի արդիականացմանն ու առաջխաղացմանը

Գործադիրն ընդունել է «Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ամպային լուծումների քաղաքականության ներդրման իրավական հիմքերի ստեղծման նպատակով սահմանվել են գործողություններ և դրանց կատարման ժամկետները: Ամպային ծառայությունները թույլ են տալիս պահանջարկից կախված հեշտությամբ ավելացնել կամ նվազեցնել ռեսուրսները՝ ապահովելով ճկունություն և ծախսարդյունավետություն: Ամպային ծառայությունների առաջատար մատակարարներն առաջարկում են հուսալիության և հասանելիության բարձր մակարդակ՝ նվազեցնելով խափանումների ռիսկը և ապահովելով ծառայության շարունակական և հեռավար հասանելիությունը: Արդյունքում՝ տեղեկատվական համակարգերի, տվյալների և տեղեկատվության պահպանման նպատակով ավանդական սերվերների փոխարեն կկիրառվեն ամպային լուծումներ, ինչը կապահովի պահուստավորման (back up) և վերականգնման վստահելի մեխանիզմներ՝ տվյալների կորստից պաշտպանվելու համար և կնպաստի ՀՀ տեխնոլոգիական ենթակառուցվածքի արդիականացմանն ու առաջխաղացմանը:

Ինչպես նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, Հայաստանում նախատեսվում է, որ հանրային իշխանության մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող պետական գաղտնիք չհանդիսացող, գաղտնիության, ամբողջականության և հասանելիության չափորոշիչներով ցածր ռիսկայնությամբ դասակարգված հանրային տեղեկությունը կտեղադրեն ամպային տիրույթում: «Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի, դրանցում առկա տվյալների և տեղեկատվության պահպանման նպատակով ավանդական սերվերների փոխարեն պետք է կիրառվեն ամպային լուծումներ, ինչը կապահովի պահուստավորման և վերականգնման վստահելի մեխանիզմներ՝ տվյալների կորստից պաշտպանվելու համար»,- ասել է փոխնախարարը:

Ներկայում պետական իշխանության մարմինները Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ իրականացնում են տվյալների քարտեզագրում: «Տվյալների դասակարգման արդյունքները նպաստելու են, որ կառավարությունը հնարավորություն ունենա գնահատել տվյալների առկա պաշարն ու կառուցվածքը, նույնականացնել տվյալների պաշտպանության ու պահպանության մոտեցումները: Նախագծով առաջարկվում է, որ հանրային իշխանության մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող պետական գաղտնիք չհանդիսացող, գաղտնիության, ամբողջականության և հասանելիության չափորոշիչներով ցածր ռիսկայնությամբ դասակարգված հանրային տեղեկությունը տեղադրեն ամպային տիրույթում»,-նշել է Ռուբեն Սիմոնյանը:

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանը նշել է՝ որոշմամբ կառավարությունը հայտարարում է, որ ՀՀ-ն որդեգրում է Cloud first, այսինքն՝ «Ամպայինն առաջինը» քաղաքականություն: «Սա նշանակում է, որ մենք մեր պետական տվյալները պիտի պահենք վիրտուալ տիրույթում: Եթե չունենք հիմնավորում, թե ինչու այդ տվյալը չպետք է պահենք վիրտուալ տարածքում, այդ տվյալը մենք չենք պահելու, այսպես ասած, ֆիզիկական տարածքում: Առաջինը՝ ֆիզիկական տարածքում պահելը շատ մեծ ծախսերի հետ է կապված: Նախկինում մեր տվյալները բազմաթիվ պահեստներում թղթապանակներով էին պահվում, հետագայում, երբ համակարգչային տեխնոլոգիաները մեզ հասանելի դարձան, սկսեցին համակարգիչների մեջ պահվել, սակայն հետո այդ համակարգիչների կրիչ սարքերի և այլնի թիվը սկսեց մեծանալ: Եվ դա կապված է մեծ ծախսերի հետ»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ դա հիմա աշխարհում ընդունված ծառայություն է, վիրտուալ տարածքում առաջարկվում են տիրույթներ, որտեղ այդ տվյալները կարող են պահվել. «Իհարկե, այստեղ, մեր ընկալմամբ, կան նաև որոշակի կիբեռ ռիսկեր, բայց նաև աշխարհն այդ կիբեռ ռիսկերն է այսօր հասցեագրում: Հիմա մեր ամբողջ հաշվարկն այն է, որ այդ տվյալներն ամպային տիրույթում պահելով, մենք առաջինը՝ ավելի քիչ պետական միջոցներ կծախսենք, երկրորդը՝ այդ տեղեկությունների վնասվելու, կորելու, ոչնչանալու հավանականությունը կնվազեցնենք, այդ տվյալների օգտագործելիության օպերատիվությունը, մատչելիությունը կմեծացնենք և ավելի տեխնոլոգիական մոտեցում կցուցաբերենք մեր տվյալների կառավարմանը: Իրականում այս պրոցեսի հեռահար նպատակներից մեկը տվյալների անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենալն է, որովհետև նման պարագայում, օրինակ՝ ֆիզիկապես վնասելուց այդ տվյալը, ըստ էության, պաշտպանված է, որովհետև այդ տվյալները հասկանալիորեն ամպային տիրույթում չեն կարող վնասվել»:

Գործադիրը շարունակում է ապահովել ՀՀ ճանապարհների վիճակի բարելավման ուղղված աշխատանքների իրականացումը. հատկացվել է 2.83 մլրդ դրամ

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառումների կատարումը: Ըստ այդմ՝ նախատեսվում ՀՀ կառավարության ներքո նախատեսված միջոցներից ՏԿԵ նախարարությանը հատկացնել 2.83 մլրդ դրամ, դրանք ուղղելով ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև միջին նորոգման ծրագրերով նախատեսված աշխատանքների դիմաց չվճարված պայմանագրի ընդհանուր գնի 5 տոկոսի վճարման համար: Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 22 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 10 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 12 կմ:

Այսպիսով՝ ավելի քան 2 մլրդ դրամ կհատկացվի Սարդարապատի հուշահամալիրից դեպի ՀՀ սահման (Վանանդ գյուղի մոտակայք) 4.7 կմ, Գեղամասարից դեպի Արեգունի 5.3 կմ, Նավուրից Չինչին ընդհանուր 10 կմ-ից 6.9 կմ, Հացաշեն Սորիկ 5.1 կմ հատվածների հիմնանորոգման համար: Այս ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում են մեկնարկել և ավարտել 2024 թ.-ին: Մոտ 50 մլն դրամ կհատկացվի ավարտված հետևյալ աշխատանքների համար՝ Սիսիան Տոլորս 7.3 կմ, Արտաշատ Արարատ 11.278 կմ (ձախ գոտի) հատվածների միջին նորոգման համար:

Աղետի գոտում առկա բոլոր խնդիրներին անհրաժեշտ է արագ արձագանքել. վարչապետն անդրադարձել է հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին

Կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է աղետի գոտում՝ հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին և նշել. «Մեր խնդիրն է առաջին փուլով նախ օգնել, որպեսզի ջրհեղեղից տուժած այն բնակիչները, որոնք տարհանվել են, հնարավորինս արագ իրենց բնակարանները վերադառնան: Մենք նրանց պետք է աջակցենք բնակարանների վերանորոգման և նվազագույն կահավորման հարցում: Երկրորդ՝ պետք է տնտեսվարողներին օգնենք, աջակցենք: Այստեղ էլ խոսել ենք, որ տնտեսվարողներին աջակցելու համար մեր ուղենիշներից մեկն առնվազն լինելու են այն ապրանքային մնացորդները և այն շրջանառությունը, որը մենք տեսնում ենք պետական եկամուտների կոմիտեի համակարգերով: Հաջորդը, որ կրկին հրատապ է, մեքենաների հետ կապված խնդիրն է, որը մենք պետք է փորձենք լուծել»:

Անդրադառնալով աղետի գոտում ենթակառուցվածքների, մասնավորապես՝ կամուրջների վերականգնմանը, վարչապետն ընդգծել է, որ այս փուլում դրանց կտրվի ժամանակավոր լուծում: Իսկ երկարաժամկետ առումով՝ վնասված բոլոր կամուրջները պետք է վերականգնվեն և՛ ինժեներական, և՛ գեղագիտական լուծումներ առաջարկող նախագծերով: Արդյունքում՝ դրանք կլինեն ոչ միայն տրանսպորտային ամուր ենթակառուցվածքներ, այլև տեսարժան վայրեր, ինչն էլ կնպաստի տվյալ տարածքներում զբոսաշրջության զարգացմանը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ տեղեկացրել է, որ աղետի գոտում աշխատանքները խմբավորել են երկու ուղղությամբ։ Առաջինը՝ ֆիզիկական անձանց կամ տնային տնտեսությունների կորուստները չափագրելու և նրանց աջակցություն ցուցաբերելու ուղղությունն է, իսկ երկրորդը՝ իրավաբանական անձանց: Ըստ փոխվարչապետի՝ իրավաբանական անձանց հետ կապված խնդիրների արագ լուծումը կախված կլինի նրանից, թե որքան թափանցիկ են վերջիններս եղել հարկային հարաբերությունների հարցում:

Անդրադառնալով գրանցում ունեցող և ինքնակամ կառույցներին՝ Տիգրան Խաչատրյանը նշել է. «Եկել ենք նախնական եզրակացության, որ մեր մոտեցումը պետք է լինի տարբերակված: Մեր աջակցության հիմքում առաջին հերթին պետք է լինեն այն սուբյեկտները, որոնք օրինական, գրանցված իրավունքներ են ունեցել այդ կառույցների նկատմամբ, հետևողական են եղել օրենքի պահանջները կատարելու հարցում»:

Փոխվարչապետը հայտնել է, որ հաջորդ շաբաթ աղետի գոտի կգործուղվեն աշխատանքային խմբեր․ «Կան իրավաբանական շուրջ 100 անձինք, որոնք տարբեր աստիճանի վնասներ են կրել: Բայց, իհարկե, գործունեության տեսակներն էլ են առանձնահատուկ: Եվ ելակետային տվյալները, որոնք պետք է հստակեցվեն, որոշակի ազդեցություն կունենան մեր որոշումների վրա: Ունենք 250 տնային տնտեսությունների վերաբերյալ տվյալներ, որոնք իրենք իրենց անձնական գույքային վնասներն են արձանագրել: Իհարկե, համայնքային և մարզային հանձնաժողովները բավականաչափ լրացված տվյալներ փոխանցել են մեզ, սակայն առկա է որոշակի լրացման կարիք»։

Տիգրան Խաչատրյանը նշել է նաև, որ օբյեկտիվ պատճառներով մարդիկ չեն վերադարձել իրենց բնակարաններ և ոչ միշտ են այնտեղ, որ անհրաժեշտ չափագրման աշխատանքները հնարավոր լինեն: Բացի այդ, դեռ ամբողջությամբ չեն չորացել այդ տարածքները և որոշակի շենքերի վերջնական վիճակի վերաբերյալ հնարավոր չէ արագ գնահատելու եզրակացության տալ: Փոխվարչապետը շեշտել է, որ բոլոր այդ ուղղություններով աշխատանքներ տարվում են և հաջորդ շաբաթվա ավարտին նախնական որոշակի պատկեր կլինի:

Արձագանքելով՝ վարչապետն ընդգծել է բոլոր խնդիրներին արագ արձագանքելու կարևորությունը. «Դա կարևոր է և՛ մեզ համար, և՛ մարդկանց, և գործընթացի, որ ժամանակ չկորցնենք: Իհարկե, պարզ է նաև, որ ցանկացած աշխատանք որոշակի ժամանակ է պահանջելու, բայց պետք է հնարավորինս արագ լուծումներ տանք: Պետք է բանաձևեր դնենք և գնանք այդ բանաձևերով մարդկանց աջակցելու ճանապարհով»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ նշել է, որ հեղեղումների հետևանքով Լոռիում վնասված երկաթուղու վերականգնման աշխատանքները բավականին լավ տեմպով առաջ են գնում, հնարավոր է՝ շահագործումը հնարավոր լինի նախատեսվածից ավելի շուտ: «Հունիսի 5-ից երկաթուղին աշխատում էր մինչև Այրում կայարան, բայց առաջիկա օրերին արդեն նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի ամբողջությամբ օգտագործենք՝ որոշ սահմանափակումներով»,- ասել է նախարարը:

Գնել Սանոսյանը նշել է, որ տարբեր երկրների գործընկերների հետ աշխատում են վնասված և փլուզված կամուրջների վերականգնման ուղղությամբ. «Ունենք գործուղված գործընկերներ, որոնք հիմա դիտարկում են որոշ կամուրջներ, նաև տեղում առկա հնարավորություններն ենք դիտարկում,: Հիմա մեզ համար հատկապես չափազանց կարևոր է Ախթալայում գտնել տարբերակ, որ բեռնատարները նույնպես անցնեն: Ժամանակավոր կամուրջը հիմա մարդատար ու միջին ծանրության մեքենաների համար է ծառայում: Երեկ որոշակի քննարկում ենք ունեցել, թե ինչպես անենք, որ բոլոր տեսակի մեքենաներն անցնեն, որ հանքավայրի հետ կապված աշխատանքներն ամբողջությամբ բնականոն հունի մեջ մտնեն»:

Նախարարը տեղեկացրել է, որ Հոբարձի կամրջի հետ կապված ժամանակավոր լուծում է նախատեսվել. հունիսի 15-ից կմեկնարկեն աշխատանքներն այս ուղղությամբ, ժամանակավոր լուծում կտրվի նաև Խաշթառակի կամրջի հետ կապված խնդրին: Նշվել է նաև, որ աղետի գոտում գազամատակարարումը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը մոտ 98-99 տոկոսով վերականգնված են, որոշ տեղերում միացված չեն՝ տեխնիկական կամ անվտանգային հարցերով պայմանավորված։

Կվերականգնվի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին, կտեղադրվի զանգաշտարակ-ռոտոնդան

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին իրականացնել կատարել վերաբաշխում՝ 66,127.3 հազար դրամ գումարի չափով՝ Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքների ձեռքբերման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման նպատակով: Ըստ հիմնավորման՝ Կիրանց գյուղում գտնվող նորահայտ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ստացած 19-րդ դարի Սբ. Երրորդություն եկեղեցին խորհրդային տարիներին երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ, այժմ ամբողջությամբ ավերված է եկեղեցու տանիքը, պատերի որոշ հատվածներում առկա են ճաքեր, քանդված է սալահատակը, կարիք կա նաև եկեղեցու տարածքի բարեկարգման։ Խորհրդային տարիների միջամտության արդյունքում որոշ տեղերում փակվել են նաև եկեղեցու մուտքերը կամ պատուհանները, կատարվել են այլ միջամտություններ, որոնք նախատեսվում է վերացնել վերականգնման նախագծով։

Պետական աջակցության միջոցով կխթանվի գյուղատնտեսական նշանակության հողերի միավորումը

Կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թթ. ծրագրում: Պետական աջակցության ձևի, միավորվող հողամասի չափի փոփոխությունը կհանգեցնի ծրագրի շահառուների թվի ավելացմանը, կնպաստի ծրագրի իրականացման ռիսկերի մեղմմանը: Ելնելով գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ներկայիս անբավարար վիճակից՝ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում հողերի չօգտագործման խնդրի լուծման ուղղությամբ և փորձում է գտնել ուղիներ գյուղացիական տնտեսությունների կառուցվածքի ու հողօգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով։ Այս առումով հողերի խոշորացմանը միտված 2 պետական օժանդակության ծրագրերի փորձը ցույց է տվել, որ առավել արդյունավետ է աջակցել հողամասերի միավորմանը՝ փոխհատուցելով ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30%-ը: Մասնավորապես, նախատեսվում է 5 հա և ավելի մակերեսով հողերի միավորման դեպքում՝ տրամադրել պետական աջակցություն փոխհատուցման պայմանագիրը կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ ծրագրի պահանջներին համապատասխան միավորում իրականացնելու դեպքում: Միաժամանակ միավորվող հողամասի չափից կախված փոխվել է միավորման անհնարինությամբ պայմանավորված չմիավորվող հողամասերի քանակը և հստակեցվել է ներկայացվող փաստաթղթերի ցանկը: Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի խթանել փոքրածավալ արտադրությունից դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսության անցումը: Ծրագրի իրագործումը կնպաստի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը, համախառն արտադրանքի ավելացմանը և ծախսերի կրճատմանը։ Ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվում է միավորել շուրջ 400 հա հողատարածք:

Կընդլայնվի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության շահառուների թիվը

Գործադիրի որոշմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն Անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման նպատակով: Միջոցառմամբ յուրաքանչյուր երեխայի խնամքը դայակի կամ հաստատության միջոցով կազմակերպելու համար շահառուին ամսական կտրվածքով վճարվում է գումար՝ ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված ամսական վարձատրության չափով, բայց ոչ ավելի, քան 104 000 դրամը։ Առաջարկվում է միջոցառման իրականացման համար հատկացնել 32,336.72 հազար դրամ՝ միջոցառման շրջանակում ևս 50 շահառուի աջակցություն տրամադրելու նպատակով։ Արդյունքում՝ աջակցություն կտրամադրվի ընդհանուր 100 շահառուի:

Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիս ամիսը ներառյալ 

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրման միջոցառման շարունակականությունը՝ մինչև 2024 թ. հունիս ամիսը ներառյալ։ Միջոցառման շրջանակում 2021 թ. փետրվար ամսից մինչև 2023 թ. դեկտեմբեր ամիսը՝ ներառյալ շահառուներին տրամադրվել է միանվագ 300,000.0 դրամ և ամենամսյա 68000 դրամ դրամական օգնություն։ Ըստ հիմնավորման՝ Շուռնուխ բնակավայրում կառուցվող բնակելի տների շինարարական աշխատանքները հիմնականում ավարտված են, ավարտվել են նաև արտաքին լուսավորության և բարեկարգման աշխատանքները: Անհրաժեշտություն է առաջացել թաղամասում կառուցել խմելու ջրի օրվա կարգավորման ջրավազան, ինչպես նաև կատարել բարձրավոլտ էլեկտրական հենասյուների ապամոնտաժման և բնակելի տների էլեկտրասնուցման աշխատանքներ, որի մասով «ՀԷՑ» ՓԲԸ հետ նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ կատարվել են: ՀՀ փոխվարչապետի գրասենյակի հետ համատեղ քննարկվել են բնակելի տների բաշխման և օբյեկտի ավարտական գործընթացը կազմակերպելու հարցերը, որոնք նախատեսված է ավարտել 2024 թ. մայիսին: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները երկարաձգել:

Կնվազեցվի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի իրացմամբ պայմանավորված սոցիալական բեռը

Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած (ունեցող) անձանց տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման գործողությունների կատարման բացառությունները: Արդյունքում ակնկալվում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի իրացման մասով ապահովել դրա իրականացման հնարավորությունը՝ նախատեսելով բացառություններ տրանսպորտային միջոցի պետական գրանցման և (կամ) հաշվառման գործողության ժամանակ՝ 1) փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունն ամբողջությամբ կատարելու մասին տեղեկանք ներկայացնելու և 2) հաշվառվող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը չփոխարինելու մասով։ Ըստ հիմնավորման՝ նախատեսված կարգավորումները միաժամանակ կնպաստեն բռնի տեղահանվածների՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի իրացմամբ պայմանավորված սոցիալական բեռի նվազեցմանը։

 Վեց ամսով արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ

Գործադիրն ընդունել է «ՀՀ-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Ըստ այդմ, ժամանակավոր՝ 6 ամսով, արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Հիմնավորման համաձայն՝ նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ-ից արտահանվող ապրանքների վրա։

Միջազգային համագործակցություն. կազատականացվի մուտքն իրանական շուկա նաև էլեկտրաէներգիայի, օգտագործված մարտկոցների համար

Կառավարությունը հավանություն է տվել 2023 թ. դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագիրը նախատեսում է ապրանքների արտահանման և ներմուծման գործընթացների ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն, ինչպես նաև առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում: Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում նաև կից ցանկերը, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների հանդեպ կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ: Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, մասնավորապես՝ հանքային և գազավորված ջրեր, ոչ ոգելից խմիչքներ, շոկոլադ, հրուշակեղեն, ծխախոտ, ոչխարի միս, որոնց նկատմամբ կիրառվելու է Իրան ներմուծման զրոյական մաքսատուրքեր։ Արդյունաբերական ապրանքների մասով` հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ծավալներում, մասնավորապես՝ հանքային հումք (պղնձի և ցինկի հանքաքար, մոլիբդենի հանքաքար), արծաթե իրեր, պղնձի անոդներ, գոլորշու գեներատորներ, էլեկտրոնային ծխախոտ, թերմոստատներ և այլն: Կազատականացվի մուտքն իրանական շուկա նաև էլեկտրաէներգիայի, օգտագործված մարտկոցների համար, կնվազեցվեն Իրան ներմուծման մաքսատուրքերը ոսկերչական իրերի և դեղամիջոցների համար։ Համաձայնագրի շրջանակում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ: Համաձայնագրի համաձայն, ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մատակարարումն Իրան ապահովվելու է առանց անցումային ժամանակաշրջանների։ Համաձայնագրի կնքմամբ կանխատեսվում է էապես բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունն իրանական շուկայում, դրա հաշվին ավելացնել ապրանքների արտահանումը Իրան, ակտիվացնել կոոպերացիոն և ներդրումային համագործակցությունը:

Հավանության է արժանացել «2023 թ. դեկտեմբերի 25-ին քաղաք Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թ. ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագիրը: Ըստ այդմ՝ նախատեսում է նոր իրավական ինստիտուտի և մաքսային կարգավորման ոլորտում նոր գործունեության տեսակի՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի ստեղծում, որը պետք է ապահովի ֆիզիկական անձանց կողմից ինտերնետ հարթակից ձեռք բերված ապրանքների գործառնությունների լոգիստիկան, ինչպես նաև փոխգործակցի ինտերնետ հարթակների և մաքսային մարմինների հետ՝ ապահովելով մաքսային հայտարարագրման գործընթացն ու էլեկտրոնային առևտրի ապրանքների պահպանումը: Նախագծով նախատեսվող փոփոխությունների իրականացման արդյունքում սահմանվում են էլեկտրոնային առևտրի օպերատորի համար նախատեսված պահանջները, էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանության, մաքսային հայտարարագրման և բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու կարգի և պայմանների, էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև մաքսային վճարների կիրառման առանձնահատկությունները:

Հավանություն է տրվել «Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին եվրոպական հանձնաժողովի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Հանձնաժողովը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հանձնաժողովներից մեկն է, որի ծրագրի առաջնային նպատակն է հակազդել դաբաղ և կենդանիների նմանատիպ անդրսահմանային հիվանդությունների (FAST) սպառնալիքներին, որոնք տարածաշրջանային առումով մեծ տնտեսական վտանգ են ներկայացնում երկրի համար և արդյունքում կարող են հանգեցնել մի շարք տնտեսական սահմանափակումների և խոչընդոտների։ Հիվանդության արձանագրման դեպքում հանձնաժողովին անդամակցող անդամ երկրներին տրամադրվում աջակցություն՝ ախտորոշիչ և կանխարգելիչ նյութերի ձեռք բերման, հիվանդության դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման և իրականացման ուղղություններով։

Գործադիրի հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

Երևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել՝ դասական աճուրդով

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Էրեբունի, Վ. Ավանեսովի փողոց 3/8 հասցեում գտնվող 1539.52 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.05276 հեկտար մակերեսով սեփականություն հանդիսացող և 0.2806 հեկտար մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 298 300 000 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 14 915 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է պետբյուջե։

Լրացուցիչ ֆինանսավորում՝ ՀՀ հավաքական թիմերի մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման համար

2024 թ. ընթացքում Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, միջազգային մարզական միջոցառումներին, տարբեր տարիքային խմբերի ՀՀ առաջնություններին և ուսումնամարզական հավաքներին ՀՀ հավաքական թիմերի մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման համար ՀՀ մարզական ֆեդերացիաներին լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները ՀՀ-ում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, լիարժեք կմասնակցեն Եվրոպայի, աշխարհի առաջնություններին և վարկանիշային մրցաշարերին, կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ: Ընդհանուր առմամբ 2024 թ.ընթացքում Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, միջազգային մարզական միջոցառումներին, տարբեր տարիքային խմբերի ՀՀ առաջնություններին և ուսումնամարզական հավաքներին ՀՀ հավաքական թիմերի մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցության ապահովման համար ՀՀ մարզական ֆեդերացիաներին անհրաժեշտ է 249,557.3 հազար դրամ լրացուցիչ գումար:

Կանցկացվի Համահայկական հայագիտական օլիմպիադա և մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Մանկապատանեկան և երիտասարդական կրթական ու կրթամշակութային միջոցառումների կազմակերպման համար: Միջոցառման շրջանակում իրականացվում է 2 ծրագիր՝ Համահայկական հայագիտական օլիմպիադա և մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն: 2024 թ. նախատեսվում է իրականացնել Համահայկական հայագիտական օլիմպիադա, որը կիրականացվի համաձայն ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող օլիմպիադաների անցկացման ընթացակարգի՝ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելով: Ծրագրի շրջանակում իրականացվող Համահայկական հայագիտական օլիմպիադային կմասնակցեն 70 հոգի (60 աշակերտ և 10 ղեկավար) սփյուռքի տարբեր կրթօջախներից: Միջոցառման առանձնահատկություններից է նաև այն, որ մասնակցության հնարավորություն է տրվում այն պատանիներին, որոնք չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթից: Դա հնարավորություն է տալիս միջոցառմանը մասնակից դարձնելու հայերենին չտիրապետող ավելի լայն` համայնքի հետ համեմատաբար թույլ կապ ունեցող հայկական շրջանակներին: 2024 թ.-ին իրականացվող մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը նվիրված կլինի Ս. Փարաջանովի և Շ. Ազնավուրի 100-ամյա հոբելյաններին: Մրցույթին կմասնակցեն մոտ 19 երկրի 500 աշակերտներ: Մրցույթ-փառատոնի կազմակերպման և իրականացման համար կանցկացվի դրամաշնորհային մրցույթ:

Կառավարությունն ընդունել է մեկ այլ որոշում՝ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների իրականացման նպատակով: Միջոցառումների նպատակն է՝ Պարույր Սևակի ստեղծագործական ժառանգության արժևորումը, հանրայնացումը, բանաստեղծի գրական ստեղծագործությունների և գիտական գործունեության ուսումնասիրությունների խթանումը, երիտասարդ սերնդի մեջ սևակյան գրականության ճանաչողության մեծացումը: Միջոցառումների շրջանակում նախատեսված են ներկայացումների, գովազդային արշավների, ֆիլմաշարերի պատրաստում, հրատարակչական աշխատանքների և մարզային մշակութային ու կրթական ծրագրերի իրականացում:

Այլ որոշումներ

Գործադիրն ընդունել է «Ոռոգման նպատակով 2024 թ. Սևանա լճից ջրառի մասին» որոշում՝ ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից ընթացիկ տարվա ոռոգման շրջանում, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 30.3 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման նպատակով գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմի շուրջ 516,5 մլն մ3:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 32,508.8 հազար դրամ վերաբաշխել և ուղղել Երևան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման աշխատանքների, մասնավորապես՝ Շենգավիթ վարչական շրջանի հ.140, Աջափնյակ վարչական շրջանի Գուրգեն Մարգարյանի անվան հ. 41 մանկապարտեզների հիմնանորոգման և բակի բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև Նոր Նորք վարչական շրջանի հ. 105 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները ավարտին հասցնելու համար:

Գործադիրի որոշմամբ սահմանվել են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման կազմակերպման և անցկացման պայմաններն ու դրանց արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը: Ըստ այդմ՝ հստակեցվել են նաև մարտական խնդիրների համապատասխան գործառույթներով պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ֆիզիկական պատրաստության աստիճանի գնահատումից ազատվելու պայմանները:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930