Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ խոսքի ազատությամբ պաշտպանված են ավելի շատ շարքային քաղաքացիները, քան իշխանության ներկայացուցիչները. Հայկ Ալումյան

Հունիս 14,2024 15:37

«Համարում եմ՝ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Անժելա Թովմասյանի անհիմն է»,- անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդեմ «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի քաղաքացիական գործին՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։

Նշենք, որ Ալեն Սիմոնյանն Անժելա Թովմասյանից պահանջում է ավելի քան 3,5 միլիոն դրամ: ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրի վարչական շենքում այսօր հրավիրված դատական նիստը հետաձգվեց։

Հայկ Ալումյանն այս գործի մասին մանրամասնեց․ «Խնդիրն այն է, որ Անժելա Թովմասյանն իր եթերներից մեկում հայտարարել է, որ Ալեն Սիմոնյանը մեր գործարարներից մեկի ոտքի տակ էր վազվզում։ Նման արտահայտություն է արել, և Ալեն Սիմոնյանին դա դուր չի եկել։ Մի բան է դուր չգալը, մի բան է, երբ ՀՀ-ում երկրորդ մարդը իշխանական հիերարխիայի մեջ էդ կարգի արտահայտության համար դատի է տալիս։ ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ խոսքի ազատությամբ պաշտպանված են ավելի շատ շարքային քաղաքացիները, քան իշխանության ներկայացուցիչները, և ինչքան ավելի բարձրաստիճան պաշտոնյա է, այնքան ավելի քիչ է պաշտպանված ուրիշի խոսքից։ Մեզ մոտ հակառակ միտումն է նկատվում։ Նույն բանը շարքային քաղաքացու դեպքում չի գնահատվում՝ որպես վիրավորանք, կամ եթե գնահատվում է՝ որպես վիրավորանք, չնչին հատուցում է տրամադրվում»։

Հայկ Ալումյանը շեշտեց՝ լրագրողների ասած խոսքն ավելի պաշտպանված պիտի լինի։ Հարցին՝ Անժելա Թովմասյանից այդքան մեծ գումար պահանջելը նպատակ չի՞ հետապնդում ճնշելու «Հայելի» ակումբին, Հայկ Ալումյանը պատասխանեց․ «Հայելի» ակումբի նկատմամբ ճնշումները հո միայն սրա՞նք չեն։ Հիշում ենք՝ էլ ինչ ձևի ճնշումներ են եղել։ Մարդիկ իրենց հետ ցանկացած անհամաձայնություն ծանր են ընդունում։ Երևի նպատակը մեկն է՝ ընդհանրապես ազատ խոսքն արմատախիլ անելը։ Հուսով եմ՝ դա իրենց չի հաջողվի»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այդ գործարարին նպատակահարմա՞ր չէ հրավիրել դատարան՝ որպես վկա, Հայկ Ալումյանը պատասխանեց․ «Ես դեռ չեմ տեսնում պատճառ տվյալ գործարարին դատարան բերելու»։

Խոսելով դատական նախադեպերից՝ Հայկ Ալումյանն ասաց, որ բառացիորեն այսպիսի արտահայտություն հենց դատական վեճի առարկա չի դարձել, քանի որ ոչ թե նման բան ասող չի եղել, այլ այն անձինք, որոնց հասցեին ասվել է, հասկացել են, որ դատարան դիմելու պատճառ չկա․ «Դրա համար նման նախադեպ չեմ հիշի։ Մի ուրիշ օրինակ բերեմ։ Եվրոպական դատարանը մի գործ էր քննում՝ մի անձ դիմել էր Գերմանիայի դեմ, անձը Գերմանիայում պատգամավորներից մեկին ասել էր՝ իդիոտ։ Իրենց լեզվով այդպես էլ հնչում է։ Պատգամավորը ներպետական դատարաններում դատի էր տվել, ու գործը շահել էր, իսկ այդ քաղաքացին Եվրոպական դատարանում էր շահել գործը։ Դատարանը գտել էր, որ թույլ քննադատության շրջանում է գտնվում իդիոտ բառը, եթե ուղղված է պատգամավորին, քանի որ ընտրողներից կամ պոտենցյալ ընտրողներից մեկի գնահատականն է նրա՝ ով լինելուն։ Եթե իդիոտ բառը նորմալ ենք ընդունում, ապա նայեք՝ ինչի համար է Ալեն Սիմոնյանը Անժելա Թովմասյանին դատի տվել, համեմատեք»։

Հայկ Ալումյանը վստահեցրեց՝ եթե հանկարծ ներպետական դատարաններում Անժելա Թովմասյանի դեմ վճիռ եղավ, գնալու են Եվրոպական դատարան․ չեն հապաղելու։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930