«Միայն Արթուր Հովհաննիսյանը կարող էր «Ազատությանը» մեղադրել ծայրագավառական քարոզի մեջ»,- խորհրդարանական ճեպազրույցներին նման հեգնական ակնարկով եկավ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կիրառած հատուկ միջոցները եղել են ժամկետանց՝ հայտարարեց պատգամավորը․ «Բազմաթիվ փորձագետներ նշել են այն մասին, որ խաղաղ ցուցարարների վնասվածքների պատճառներից մեկը հանդիսացել է հատուկ միջոցների սխալ կիրառումը և, ամենադժոխայինը՝ առկա են այնպիսի վերլուծություններ, որ կիրառված հատուկ միջոցները եղել են ժամկետանց, դրանով են պայմանավորված բեկորային վիրավումները։ Այդ հետազոտությանը, այդ փորձաքննությանը մենք հետամուտ ենք լինելու, որովհետև մեզ մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը հետաքրքրում է՝ ի տարբերություն նրանց, ովքեր հատուկ հրահրեցին այն, ինչ տեղի ունեցավ երկու օր առաջ, նկատի ունեմ իշխանություններին»։
Հիշեցնենք, հունիսի 12-ին ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում նաեւ բեկորային, կիրառեց «Տավուշը հանուն հայրենիքի» ցույցի ժամանակ։ Հատուկ միջոցները կիրառվեցին խաղաղ ցուցարարների դեմ․ կան տասնյակ վիրավորներ։
Պատասխանելով «Տավուշը հանուն հայրենիքի» գործողությունների եւ 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ եղած գործողությունների նմանությունների մասին հարցին էլ, ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Մեզ թղթով գրած տվող չկա, կարծում եմ, դա պիտի վստահություն ներշնչի»։ Նրա պնդմամբ՝ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին «թղթի վրա գրած տվել էին՝ կբարձրանաս փշալարի վրա, ձեռքդ կվնասվի, կարյունոտվի․․․»։
Կարդացեք նաև
Հայկ Մամիջանյանը հարց ունի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ ինչպե՞ս է ԱԺ փոխնախագահը վերաբերվում նրան, որ ՔՊ-ն կրոնական աղանդները օգտագործում է քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր ուժերին էր մեղադրել՝ Առաքելական եկեղեցին քաղաքական հարցեր լուծելու համար օգտագործելու մեջ։
Հարց հնչեց նաեւ Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարության մասին՝ Բելառուս չայցելելու եւ ՀԱՊԿ-ից դուրս գալը չբացառելու վերաբերյալ։
Հայկ Մամիջանյանը տարակուսեց՝ երբ մի քանի տարի առաջ Լուկաշենկոն արհամարհանքով խոսում էր ՀՀ-ի, ոչ թե Փաշինյանի մասին, չէին արձագանքում։ Նաեւ հավելեց․ «Այդ ամբողջը մի ամիս առաջ էր․ մի ամիս մտածո՞ւմ էիք՝ ինչ պատասխանել»։ Հայկ Մամիջանյանի կարծիքով, այդ աժիոտաժի պատճառն այն էր, որ փողոցային պայքարը իր «պիկի» վրա էր, ինքը որոշեց «ուժեղ տղու» կերպարով երեւալ:
«Պոլիտիկոն» հեղինակավոր պարբերականն այսօր հոդված է հրապարակել՝ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին։ Հայկ Մամիջանյանը պնդում է՝ հոդվածում հնչեցված հարցադրումները պետք է պատասխաններ ստանան։
«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հիշեցրեց, որ 2016 թվականին Սերժ Սարգսյանն ասում էր՝ ՀԱՊԿ-ում որեւէ մեկը հեռախոսը չի վերցնում՝ զանգի հարցնի՝ ձեզ մոտ ի՞նչ է կատարվում։
Հայկ Մամիջանյանը Սերժ Սարգսյանի մեկ այլ հայտարարություն էլ հիշեցրեց այն մասին, որ տարբեր երկրներ Ադրբեջանին զենք վաճառելը ներկայացնում են տնտեսական գործունեություն, բայց սահմանին կանգնած հայ զինվորը հասկանում է՝ իր վրա կրակում են այդ դաշնակից երկրի վաճառած զենքով եւ եզրահանգեց․ «Տարբերությունն այն է, որ մեր ժամանակ նման բաներն ասվում էին ՀԱՊԿ հավաքներում, ոչ թե բունկերից կամ ԱԺ-ում, 70 երեսփոխանով շրջապատված»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ