«Ինչ վերաբերում է ձևակերպմանը` որպես Ադրբեջանի նախագահի կողմից պահանջ Հայաստանի իշխանությունների նկատմամբ, նման բան գոյություն չունի, չի էլ կարող ունենալ: Ադրբեջանի նախագահը չի կարող նման պահանջներ ձեւակերպել։ Այն, որ նա իր հարցազրույցում որոշակի մտքեր է արտահայտում, դեռ չի նշանակում, որ հայկական տիրույթում պետք է ձեւավորվի, որպես պահանջ Հայաստանի իշխանությունների նկատմամբ, մի բան էլ ընդդիմության կողմից ներկայացվի որպես հակապետական գործունեություն։ Ադրբեջանի նախագահը իր ոճի մեջ ապակառուցողական հռետորաբանություն է օգտագործել, ինչի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել, մենք մեկնաբանություններ ենք տվել»,- իշխող ուժը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի պատասխանն է հարցին՝ Ադրբեջանը վերջին շրջանում երեք հստակ պահանջ է դնում ՀՀ-ի առջեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, այսպես կոչված՝ Խոջալուի ցեղասպանության ճանաչում, Սահմանադրության փոփոխություն։
Արթուր Հովհաննիսյանը նաեւ հավելեց՝ երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում էր, Ադրբեջանը նույն հռետորաբանությունն էր կիրառում։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հարցը հնչել է խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ։
Ադրբեջանի վարքագծին վերաբերվող մեկ այլ հարց էլ իշխող ուժը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանին տրվեց։ Այն վերաբերում էր սահմանային սադրանքներին։
«Պաշտպանության նախարարությունը հերքել է, վերջ, իսկ Ադրբեջանն ագրեսիայի հիմք կարո՞ղ է ստեղծել։ Կարծում եմ՝ ոչ»,- պատասխանեց նա։
Հստակեցնող հարցին՝ Ադրբեջանի կողմից վերջին օրերին տարածվող ապատեղեկատվությունը ագրեսիայի հիմք չի՞ ստեղծում, ինչո՞վ եք վստահ, որ չի կարող կրկնվել, նա պատասխանեց. «Գործընթացներով, ինչը հիմա տեղի է ունենում։ Խաղաղությանը միտված գործընթացներով։ Հերքումը հիմք է տալիս, որպեսզի ադրբեջանական կողմն էլ ճշտի, թե կրակոցները ի՞նչ բնույթի են, որտեղի՞ց են եղել։ Մենք էլ պետք է ճշտենք, եթե եղել է։ Համոզված եմ՝ կրակոցներ չեն եղել։
Կրակոցներ կարող են լինել միշտ, նույնիսկ լիակատար խաղաղության պայմաններում, կրակոցներ, որոնք հրահրված չեն։ Զինվորական է, կարող է խմել է, մի հատ կրակել է, բայց ոչ մեր կողմից, կարող է իրենց կողմից է։ Կրակոցը ձայն է, բայց կրակոցների գործընթացը … Ոչ մեկը չի ասել, որ նման բան գոյություն ունի։ Ինչ-որ կրակոց, որը հերքվել է, հիմք ընդունել ՊՆ հաղորդագությունը։ Դա շարունակություն չի ունեցել, նշանակում է՝ հակառակ կողմին բավարար է հերքման փաստը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ