Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային մամուլն անդրադարձել է ՀԱՊԿ-ը լքելու մասին Փաշինյանի խոսքին

Հունիս 14,2024 12:38

«Ամերիկայի ձայն». Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանի վարչապետի խոսքին, թե Երևանը կորոշի՝ երբ է լքելու ՀԱՊԿ-ը։

Հունիսի 12-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի արդյունքների քննարկման ժամանակ, ի պատասխան ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզորոշ ակնարկեց ՀԱՊԿ-ը լքելու մասին՝ հայտարարելով, թե Հայաստանի նախկին իշխանությունները «ձևավորել են մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը»։

«Դուրս կգանք, դրանով էք վախեցնո՞ւմ եք։ Լավ ենք անում…։ Մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք», – հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Միջազգային մամուլն անդրադարձել է Հայաստանի ղեկավարի խոսքերին: CNN-ը, օրինակ, հիշեցնում է, որ վարչապետ Փաշինյանն ամիսներ շարունակ «մեղադրել է Կրեմլի առաջնորդած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որ վերջինս չկարողացավ պաշտպանել Հայաստանը ադրբեջանական ագրեսիայից՝ սպառնալով լքել դաշինքը, եթե Մոսկվան երաշխիքներ չտրամադրի, ինչպես նաև [խոստանալով] սերտացնել կապերը Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ»։

CNN-ն ընդգծում է, որ «Ռուսաստանը Հայաստանի ավանդական դաշնակիցն է, սակայն նախորդ ամիսներին երկկողմ հարաբերությունները լարվել են, իսկ Մոսկվան ձգտում է խորացնել կապերն Ադրբեջանի հետ»։

Ամերիկյան ազդեցիկ լրատվամիջոցը մեջբերել է վարչապետ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքը, թե ՀԱՊԿ անդամ-երկրները դաշինքով նախատեսված պարտավորությունները կատարելու փոխարեն, «պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը», սակայն, CNN-ը ընդգծում է՝ Հայաստանի վարչապետը չի հստակեցրել, թե դաշինքի անդամ որ երկրների մասին է խոսքը։

ՀԱՊԿ-ը լքելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին գերմանական Deutsche Welle-ի հրապարակման մեջ կարծիք են հայտնում, որ նման խոսքերը ի ցույց են դնում տարածաշրջանում լարվածության աճը:

Հրապարակումը ներկայացնում է նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, ով որոշակիացրել է, թե Հայաստանի վարչապետը դեռ չի նշել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Նրանք, ովքեր պնդում են, թե վարչապետն ասել է, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում են»:

Հեղինակավոր Newsweek-ը ևս անդրադարձել է վարչապետ Փաշինյանի հայտարարությանը՝ «Ռուսաստանի հարևանը կասկածներ է սերմանում Պուտինի «մինի-ՆԱՏՕ»-ի վերաբերյալ» հրապարակմամբ: Ըստ պարբերականի, «Հայաստանը հերքել է լուրերն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե իր երկիրը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպությունից՝ մեծացնելով անորոշությունը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի պատասխանը համարվող անվտանգության այդ դաշինքում Երևանի ապագայի վերաբերյալ»։

Newsweek-ը հիշեցնում է, որ «փետրվարին Փաշինյանը հայտարարեց կազմակերպությունում իր երկրի մասնակցությունը սառեցնելու մասին, և պատճառը Երևանի դժգոհություններն են, որ Պուտինը որևէ աջակցություն չի ցուցաբերել վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտությունում»։

Reuters-ը ևս անդրադարձել է Հայաստանի վարչապետի հայտարարությանը՝ հիշեցնելով, թե «Փաշինյանը, ով փորձում է սերտացնել կապերը Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ, մարտին ասել էր, որ Ռուսաստանի ավանդական, մերձավոր դաշնակիցը՝ Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը, եթե այն ի կատար չածի իր երկրի՝ [Հայաստանի] անվտանգության ապահովման ուղղությամբ ստանձնած հանձնառությունը»։ Reuters-ի գնահատմամբ, խորհրդարանում Հայաստանի վարչապետի խոսքերը վկայում են, որ ՀԱՊԿ-ը մտադիր չէ կատարել իր պարտականությունները, ուստի՝ Երևանը «վճռական է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում»։

Արամ Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930