Այս պահին բուժհաստատություններում գտնվում է ութ քաղաքացի, որոնք հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանական գործողություններից տուժել են։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Լուսաձայնային նռնակից տուժած՝ դաստակն ամպուտացված քաղաքացու մասին էլ նախարարն ասաց՝ վիրահատվել է, վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս բուժառուներն, ըստ Ավանեսյանի, մեկ-երկու օրվա ընթացքում դուրս կգրվեն։
Նախարարն ասաց, որ դեռ չի այցելել հիվանդանոցներում գտնվող տուժած քաղաքացիներին, բայց պատրաստվում է։ Հարցին՝ ինչպե՞ս կընդունեն նրան՝ հաշվի առնելով, որ քաղաքական բախումների հետեւանքով են նման իրավիճակում հայտնվել, նախարարը պատասխանեց՝ այս երեք տարիների ընթացքում միշտ լավ են ընդունել բոլորը։
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության անդամ նախարարի կարծիքով՝ հունիսի 12-ին ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ եւ իրականացրել է իր պարտքը՝ պաշտպանելու ՀՀ-ում հասարակական կարգը։
Հարցին՝ իրավաչափ ուժի հետեւանքով լրագրողներ են տուժել, քաղաքացու գլուխ է կոտրվել, նախարարը պատասխանեց՝ մենք կոտրված գլխով պացիենտ չունենք․ « Բոլորը թեթեւ եւ միջին ծանրության վնասվածքներ են, նրանք առաջիկայում դուրս կգրվեն»։
Եթե համաչափ ուժի դեպքում նման վնասվածքներ կան, անհամաչափի դեպքում ի՞նչ կլինի՝ զոհե՞ր, լրագրողի այս հարցին նախարարը չպատասխանեց, ասաց՝ ձեր հարցը տեղին չէ։
«Երբ ցուցարարները չեն պահպանում հասարակական կարգը, օրինապահ չեն, այո, ոստիկանությունը ուժ կիրառող կառույց է»,-ասաց նախարարը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ