Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանն այսօր կավարտի 5-օրյա հացադուլը

Հունիս 14,2024 11:44

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր կավարտի իր 5 օրյա հացադուլը:

«5 օր ասել եմ, 5 օր պահել: Հենց սկզբից ասել էի, որ այս հացադուլը բողոքի ցույց է ընդդեմ Նիկոլի ու իր մերձավորների, որ Հայաստանը դարձրել են ոչ իրավական պետություն: Եթե բողոքի ցույց է, ցույցն ունի իր նպատակները: Եթե ես ասեի, հացադուլ եմ անում, մինչեւ Նիկոլը խելքի գա ու ուղղի իր սխալները կամ ներողություն խնդրի, այլ բան: Բայց նրանցից որեւէ բան չեմ սպասում, ինչպես բանական ցանկացած մարդ: Հետեւաբար, մնում է պատմականորեն արձանագրել բացասական երեւույթը: Հատուկ ակնկալիքներ այս գործողությամբ չունեի, մանավանդ որ սա զուգահեռ ուներ մյուս կողմը: Հիմա 5-օրյա պահքի շրջան է, ես պահքի փոխարեն ծոմ պահեցի: Այսինքն՝ Աստծունը՝ Աստծուն, կեսարինը՝ կեսարին»,-Aravot.am-ին ասաց Պարույր Հայրիկյանը:

Թե ինչ նկատի ունի, երբ ասում է՝ Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավորները ՀՀ-ն դարձրին ոչ իրավական պետություն, Հայրիկյանը հիշեցրեց նախապատմությունը. «Մասնավորապես՝ հիմնական օրենքի՝ Սահմանադրության հետ կապված իրենք ոչ միայն խոստացան, քայլեր արեցին, հսկայական գումարներ հատկացրին, այլեւ ի վերջո ձախողեցին: Սկսել են 2020 թվականի փետրվարի 12-ին, նույն տարին փոփոխություն են արել, նույն տարեվերջին պետք է լիներ նախագիծ, չեն արել, հետո նոր նախարար են նշանակել՝ Անդրեասյանին, սա էլ օյինբազություններ, թե ամեն ինչ լավ է, շարունակվում է… » :

Հայրիկյանը Սահմանադրական բարեփոխումներին վերաբերող խախտումները առանձնացրել ու երկու դիմումով ուղարկել է Սահմանադրական բարեփոխումների հանրային խորհրդի անդամ 10 կուսակցության անունից դատախազություն: Սակայն, ըստ Հայրիկյանի՝ դատախազությունը բողոքը ստացել ու ուղարկել է քննչական կոմիտե, այստեղ էլ, ըստ ԱԻՄ առաջնորդի՝ պարտակել են. «Այդ երեւույթը շեշտելու համար արեցի այս հացադուլը: Ընդգծելով, որ ՀՀ իրավականությունն այլեւս խախտված է: Կոռուպցիոն հանցախումբ, այն էլ այսպիսի բարձր մակարդակով իրեն թույլ է տալիս իրավական հարցերն անտեսել , արհամարհել: Վերջում էլ իրավապահներն են միանում իրենց, դառնում է կոռուպցիոն լուրջ հանցախումբ: Ուզում եմ, որ այս ապիկարների երեխաները հետագայում իմանան, որ 75 ամյա Հայրիկյանը՝ իրենց ժողովրդի անկախության պայքարի առաջնորդը, ստիպված է լինում բողոքի հացադուլ անել: Ասելով, որ դուք ՀՀ-ն դարձրիք ոչ իրավական պետություն ու հանցագործներ եք»:

Մեր զրուցակցի խոսքով, իր հացադուլին շատերն են ցանկացել միանալ, բայց քանի որ կարճատեւ էր հացադուլը, բոլոր իրեն միանալու ցանկություն հայտնածներին ուղարկել է Բագրատ սրբազանի մոտ:

Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանը 1987-88թթ եղել է ԱԻՄ անդամ ու մի օր Էջմիածնում թռուցիկներ բաժանելիս՝ մտել է Մայր Տաճար, տեսել Գևորգյան ճեմարանի ընդունելության հայտարարությունը և որոշում կայացրել՝ դիմելու։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթերի ժամանակ մշտապես հնչում է 1974 թվականին ԿԳԲ-ի բանտում Պարույր Հայրիկյանի գրած «Դե եկեք եղբայրներ, մենք միանանք» երգը, որը հունիսի 13-ի հանրահավաքում Բագրատ սրբազանն անձամբ կատարեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930