«Հրապարակի» զրուցակիցը ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանն է:
– 2008 թվականի մարտի 1-ին ու դրանից հետո զոհի կարգավիճակում հանդես եկող Նիկոլ Փաշինյանը, մոռանալով ոչ հեռավոր անցյալը, այսօր հրամայում է ցուցարարների ուղղությամբ նռնակներ նետել եւ արդարացնում է ոստիկանությանը` ասելով, որ նրանք սահմանադրական կարգն են պաշտպանել: Այն, ինչ ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին ասում: Բաղրամյան փողոցում տեղի ունեցածից հետո 100-ից ավելի մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոններ, ունենք բազմաթիվ վիրավոր քաղաքացիներ, ցավոք, քաղաքացիներից մեկն ամբողջությամբ կորցրել է ձեռքը` դաստակից, մյուսները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Եկեք զուգահեռներ անցկացնենք այսօրվա եւ մարտի 1-ի միջեւ:
– Իշխանության անթույլատրելիության հետ գործ ունենք, սա հերթական կարմիր գիծն էր, որ հատեց Նիկոլ Փաշինյանը: Ես դեռ պատերազմից առաջ, ՔՊ-ականների հետ բանավեճի ժամանակ կանխատեսել էի, որ այս իշխանությունը գնալու է նոր մարտի 1-եր կազմակերպելու ճանապարհով: Թե ինչու դատական ռեֆորմներ չեն իրականացվում, ինչու մարտի 1-ի դերակատարները` դատավորներ, քննիչներ, դատախազներ, համակարգից չեն հեռացվել, ես այն կարծիքին եմ, որ եթե ինչ-որ մեկը գնում է ապօրինի զենք եւ այդ զենքը չի հանձնում ոստիկաններին, ապա դա անում է, որպեսզի մի օր էլ ինքն այդ զենքը օգտագործի: Այնպես որ, չորեքշաբթի օրը տեղի ունեցած իշխանության հանցավոր դրսեւորումը նոր չէ, որ այս իշխանության մտքով անցել է: Դա եղել է գործիք, որի օգտագործումն այս իշխանությունները վերջին տարիներին առնվազն չեն բացառել:
-ՔՊ-ի շարքերում այսօր կան մարդիկ, ովքեր ՀԱԿ-ից են եղել կամ հարել են ՀԱԿ-ին: Ինչպե՞ս է ստացվում, որ այդ մարդկանց համար նորմալ են այս երեւույթները:
Կարդացեք նաև
– Դե, Ռոբերտ Քոչարյանն էլ էր մի ժամանակ ՀՀՇ վարչության անդամ: Ի՞նչ կարող ենք հիմա անել: Ենթադրվում էր, որ Նիկոլ Փաշինյանը չի անելու մի բան, ինչից ինքը տուժել է ժամանակին, սակայն այսօր տեսնում ենք, որ ամեն ինչ էլ հնարավոր է: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կա մարտի 1-ի զոհի հարազատ: Թվում է, թե նա պետք է հայտարարեր, որ իր եղբայրը զոհվել է, ու ինքը չի ցանկանում, որ այլոց եղբայրներն էլ զոհվեն: Ինչ արած, ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխանատու:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: