Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի բանտային կալանքը փոխարինելով երկամսյա տնային կալանքով։ Փաստորեն երկարացվեց նաև նրա կալանքի ժամկետը․ նա 20 օր է՝ ինչ անազատության մեջ էր։
Վաղվանից նա քրեակատարողական հիմնարկից կտեղափոխվի տուն։
Դավիթ Սարգսյանի փաստաբան Ռոման Երիցյանն ասաց, որ նա երկու ամիս ժամկետով մնալու է անազատության մեջ՝ զրկված լինելով մարդկանց հյուրընկալելու, շփվելու, նույնիսկ հեռավար հաղորդակցվելու հնարավորությունից։ Քաղաքապետը կարող է շփվել միայն իր երկու փաստաբանների հետ։
«Որոշումը բողոքարկելու ենք, որոշումը պատրաստ է, ինձ համար զարմանալի է, 20 էջից բաղկացած որոշումը ինչպես են հասցրել պատրաստել»,-ասաց փաստաբանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ։
Փաստաբան Ռոման Երիցյանը քաղաքապետին կալանավորելը համարում է քաղաքական։
«Փորձում են դատարանին այնպես ներկայացնել, իբր Ստեփանակերտի քաղաքային համայնքի ղեկավարն այսպես ասած հափշտակել է ավտոմեքենաները, այնինչ այդ ավտոմեքենաները տրվել են շահագործող անձանց կողմից, ովքեր դուրս են բերել դրանք Ստեփանակերտից։
Այսինքն՝ քննիչի դիրքորոշումից հետևում է այն, որ եթե այդ ավտոմեքենաները մնային թշնամու տիրապետության տակ, այսինքն՝ հասանելի լինեին ոչ թե հայերին, այլ ադրբեջանցիներին, ապա քաղաքապետին մեղադրանք չէր առաջադրվի»,ասել էր փաստաբանը։
Ավելի վաղ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Դավիթ Սարգսյանը մեղադրվում է արցախցի լինելու, Բագրատ Սրբազանին հանդիպելու, Նիկոլ Փաշինյանին չաջակցելու և Ստեփանակերտի քաղաքապետարանի տրանսպորտային միջոցները թուրքերին չթողնելու «հանցավոր» արարքների կատարման մեջ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ