Լրահոս
Օրվա լրահոսը

Օրեր առաջ հաստատում են մեղադրական եզրակացությունը, ուղարկում դատարան, հետո մեղադրողը չի առարկում գործը կարճելուն

Հունիս 14,2024 13:30

Մայիսի 29-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական դատարանը (դատավոր Սամվել Յուզբաշյան) որոշել է. «Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնում» բնակիչ Գ.Մ-ի նկատմամբ 2023 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով (2 դրվագ) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 137 -րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու «վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով» (ձեւակերպումը դատարանինն է-Ռ.Մ. ): Վերացվել է նրա նկատմամբ ընտրված բացակայելու արգելքը, իրեղեն ապացույց ճանաչված դանակն էլ, որը ավագ փորձագետ Վ.Ոսկանյանի եզրակացության համաձայն, «սառը զենք չի հանդիսանում», ոչնչացվել է:

Երեխայի բարձրախոսը գողանալու հարցի շուրջ վեճ էր ծագել «Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնում»: Դատարան ուղարկված գործի նյութերի համաձայն, պարզաբանումներ կատարելու նպատակով մեղադրյալ Գ.Մ.-ն վերելակով ցանկացել է իջնել առաջին հարկ, որտեղ լսվել է կնոջ, եւ տուժողների ձայները: Սակայն ընթացքում վերելակը կանգ է առել եւ վերելակ է մտել տուժողի ամուսինը՝ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, ձեռնափայտերով քայլող Գրիգոր Գյուլփանոսյանը: Հարեւանը ձեռքերով սեղմել Գրիգորի պարանոցն ու բռունցքով 3-4 հարված հասցրել նրա գլխի շրջանին՝ պատճաոելով «առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող՝ գլխի ձախից հետնա-ճակատային շրջանի քերծվածքի ձեւով արտահայտված մարմնական վնասվածք»: Իսկ երկրորդ դրվագով, այդքանով չբավարարվելով, նա ձեռքի խոհանոցային դանակն ուղղելով տուժող Ջամիլա Ուսուբյանի ուղղությամբ՝ վերջինիս հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ, հայհոյանքներ: Տուժողը վազել-մտել է տնօրենի աշխատասենյակ եւ փակելով մուտքի դուռը՝ ահագանգել է ոստիկանություն: Այս տարվա մայիսի 29-ին, ըստ դատավճռի, Գ.Մ-ն ընդունել է իր մեղքը, միջնորդություն ներկայացրել դատարան քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ, ինչին չի առարկել մեղադրանքը դատարանում պաշտպանելու կոչված հանրային մեղադրող Ա.Բաղդասարյանը: Սա այն դեպքում, երբ կողմերը փաստաբան ներկայացուցիչներ չունեին, տուժողների շահերը ըստ էության ներկայացնում է հանրային մեղադրողը…

Դատարանն անդրադառձել է նախկին եւ նոր քրեական օրենսգրքերում վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտի սկզբունքային տարբերությանը: Համաձայն նոր քրեական օրենսգրքի վաղեմության ժամկետները հաշվարկվում են մինչեւ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը, իսկ նախկին քրեական օրենսգրքով՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: Ըստ դատարանի իրավական գնահատականների. «Ակնառու է, որ նոր քրեական օրենսգրքով ժամկետների հաշվարկն ընդգրկում է առավել կարճ ժամանակահատված, այլ կերպ՝ քրեական հետապնդում հարուցված լինելու պայմաններում անձը չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից նոր քրեական օրենսգրքով նախատեսված վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: Հետեւաբար, նշված կարգավորումը անձի վիճակն այլ կերպ վատթարացնող է, հետեւաբար, կիրառելի է նախկին քրեական օրենսգրքի համանուն նորմը»:

Դատարանը, հաշվի առնելով նաեւ հանրային մեղադրողի դիրքորոշումը, նաեւ այն, որ Գ.Մ-ին մեղսագրված արարքները ոչ մեծ ծանրության են եւ դրանց ավարտման պահից փաստացի անցել է երկու տարուց ավելի ժամանակ, եւ այդ ժամկետն ընդհատված չի եղել նոր՝ միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքով, գտնում է, որ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել:

Տուժող կողմը մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,
13.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930