Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւան բալետ ֆեստ»-ից մինչեւ Երեւանի Խորեոգրաֆիայի պետական թատրոն

Հունիս 14,2024 12:30

Լավին` լավ ասենք… եւ… այս շնչով շարունակենք, որ լավը` լավ մնա եւ ինչը որ լավ չի`լավ դառնա: Երեւանյան բալետը մի հաճելի «երկրորդ շնչառություն» է ապրում` ի դեմս ժամանակակից համաշխարհային բալետային ներկայացումների երեւանյան հյուրախաղերի, ի թիվս ռուսական եւ վրացական բալետային ներկայացումների, շեշտենք վերջերս Անգլիայի ազգային բալետի Ակրամ Խանի բեմադրությամբ «Ժիզել» բալետային ներկայացման հյուրախաղը եւ հատուկ ուշադրություն հրավիրենք օրեր առաջ՝ հունիսի 3-ից 5–ը Երեւանի Թումանյանի անվան այգում կազմակերպական փայլուն կերպով իրականացված «Երեւանի բալետ ֆեստ» եռօրյա միջազգային ներկայացուցչական երեւանյան բալետային փառատոնին(լուսանկարներում):

Երեւանյան միջազգային բալետային փառատոնի «առաջին շունչը» դարձել է դեռեւս 1964թ. Երեւանի Օպերային թատրոնի կողմից իրականացված անմոռանալի հիշողություն, որի ընթացքում բալետային նույն ներկայացման տարբեր արարներում հանդես էին գալիս միջազգային տարբեր թատրոնների գլխավոր դերապարողներ` դրանով յուրահատուկ անկրկնելի շունչ հաղորդելով անսովոր փառատոնին: Կարծում ենք լավ կլինի այդ ձեւաչափը նույնպես ներառվի փառատոնի հետագա ծրագրերում:

Ճիշտ այնպես, ինչպես 2023-ի հունիսին Արամ Խաչատրյանի 120-ամյակի կապակցությամբ մեկնարկած բալետային եռօրյայի առթիվ մեր հրապարակումներում մենք շեշտեցինք, որ ցանկալի կլինի բալետային հրաշալի տոնախմբությունը Երեւանում դառնա ավանդական եւ միջազգային մշակութային մեծ տոն, ինչը ուրախությամբ արձանագրում ենք, որ երկրորդ տարին նույն բարձր կազմակերպվածությամբ փառատոնի անցկացումը առաջին մեծ երաշխիքն է, որ այն դառնում է ավանդական, սիրված եւ խիստ սպասված ծրագիր ոչ միայն հայ արտիստների եւ հանդիսականի համար, այլեւ պարարվեստի աշխարհի եւ աշխարհի պարարվեստի բոլոր մասնակիցների` արտիստների եւ հանդիսատեսի եւ, իհարկե, այդ առիթով Երեւան ժամանած հատկապես մեծաթիվ ու հիացած զբոսաշրջիկների համար: Անկասկած է, որ ամեն ինչ պիտի արվի հաջողությամբ հիմնադրված փառատոնը ավելի զարգացնելու եւ միջազգային ամենասպասված հարթակ դարձնելու համար: Հենց այստեղ տեղին է հայտնել, որ պետք է նույն «երկրորդ շնչառությունը» հաղորդել 1997-ից «հատուկ» խոշորագույն խորեոգրաֆ Մաքսիմ Մարտիրոսյանի ղեկավարությամբ գործելու համար Երեւանում հիմնադրված Խորեոգրաֆիայի պետական թատրոնին, որը մեծ պարուսույցի հեռանալուց հետո դարձավ «ադմինիստրատիվ» քաշքշուկների զոհ, բայց իր կիսված գոյությունը դեռ պահպանում է եւ Երեւանի նման բալետային քաղաք-մայրաքաղաքում, պարզապես պետք է դարձյալ թատրոնը հանձնել ստեղծագործողներին, մանավանդ որ մեզանում պարարվեստի բնագավառում փայլուն արտիստ-բեմադրողներ կան, ովքեր կարող են միջազգային մակարդակի ամենապատասխանատու ծրագրեր հանձն առնել, միայն թե ներկայիս «գործող», բայց չգործող թատրոնը ազատել «ֆինանսական» ճիրաններից եւ միջոց ստեղծել ստեղծագործական կազմի աշխատանքի համար: Ինչպես ասում են «Անունը կա, ամանում չկա»: Կասկածից վեր է, որ օրինակ՝ խորեոգրաֆներ Ռիմա Պիպոյանը, Արա Ասատուրյանը եւ այլ երիտասարդ պարուսույցներ, միջազգային հարթակում գործող բազմաթիվ մրցանակակիր պարողներ կարող են «երկրորդ շնչառություն» տալ «Երեւանի Բալետի ժամանակակից թատրոնին»: Այս մասին մեր առանձին զրույցների ընթացքում պարող-պարուսուսույցները տարբեր պատկերացումներ են ասել ու հայտնել, որից մի քանի միտք-պատառիկներ կուզեինք ներկայացնել:

«Երեւան բալետ ֆեստ» ֆոնի վրա Երեւանի քաղաքապետարանին խնդրենք օգնեն Խորեոգրաֆիայի պետական թատրոնին` թատրոնը ստեղծագործող ուժերին հանձնելու բարդ գործում, որի արդյունքում, վստահ ենք Երեւանը կունենա գերժամանակակից, ինքնուրույն գործող, Երեւանի ժամանակակից բալետի թատրոն: Ահա մի քանի զուտ լրագրողական միտք` Բալետի թատրոնի գործունեության սկզբունքների մասին, բնականաբար ավելի մանրամասն կասեն հենց բալետի մասնագետները` իհարկե, հոգատար տնօրեններին:

Ահա, մի քանի պատկերացում.

Բալետի թատրոնն անկասկած`փայլուն գաղափար է: Հայաստանյան պայմաններում մեր ժամանակներում դժվար է պատկերացնել Բալետի թատրոնի առանձին լինելիությունը, բայց մտքում դժվար չի պատկերացնել միայն բալետի ու պարային ներկայացումների համար նախատեսված թատրոն, որտեղ տեսանող միտքը մտապատկերում տեսնում է, ոչ միայն դասական ակադեմիական բալետային ներկայացումներ, այլեւ երեւում են գերազանցապես ժամանակակից, ազգային, ջազային, ռոք, ուլտրա ու անվերջանալի ամենատարբեր ժանրերի ներկայացումներ, որոնք կարող են հանդես գալ ինչպես կենդանի նվագակցությամբ, այնպես էլ մեր ժամանակներում հեշտ իրականանալի բարձրակարգ, գերազանց հնչողությամբ ձայնագրություններով, որով ի դեպ պարը բացահայտորեն կհայտնվի ավելի առաջին պլանում, քան ակադեմիական բալետի դեպքում, երբ ինչ որ տեղ պարը ենթակա է թեկուզեւ ամենաբարձրակարգ սիմֆոնիկ երաժշտությանը: Նաեւ սիմֆոնիկ նվագախմբի համար նախատեսված «փոսի» առկայությունը պարտադիր չի լինի եւ բեմը կառուցված ու «կահավորված» կլինի հատկապես պարի համար: Այդ «ինքնուրույնությունը» թույլ կտա, որ որքան էլ անսովոր է հնչում, ի վերջո կարող են լինել նաեւ լուռ բալետներ, որտեղ պարտադիր չի երաժշտության առկայությունը, որտեղ պարարվեստն ինքը կարող է «լցնել» ցանկացած կարգի լռություն:

Մի քիչ շատ երեւակայեցինք, բայց միանշանակ կուզեինք Երեւանում լիներ առանձին գործող Բալետի թատրոն, սակայն միանգամից ավելացնենք, որ ոչ երբեք օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հաշվին, որը անձեռնմխելի ազգային արժեք է:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,
13.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930