Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պուտինը գոհ է իր ընկերոջից` Էրդողանից, բայցեւ լարվածության հիմքեր են նշմարվում

Հունիս 14,2024 12:00

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրն ու բանակցային գործընթացը` ռուս-թուրքական բանակցությունների օրակարգում

Ֆիդանը Ռուսաստանում էր

Հունիսի 11-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ժամանեց Ռուսաստան` մասնակցելու BRICS-ի արտգործնախարարների հանդիպմանը: Ֆիդանը հանդիպեց ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ: Հիշեցնենք, որ մինչ 2023թ. արտգործնախարար նշանակվելը, Ֆիդանը երկար ժամանակ գլխավորել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը:

Շոյգուն Ֆիդանին առաջարկել է 2024թ. երրորդ եռամսյակում անվտանգության հարցերի շուրջ լայնամասշտաբ երկկողմ խորհրդակցություններ անցկացնել։ Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով անվտանգության ոլորտում ռուս-թուրքական համագործակցության հարցեր։ «Հաստատվել է ռազմավարական հավասար երկկողմ գործընկերությունը զարգացնելու մտադրությունը, այդ թվում՝ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ», – հաղորդում է ռուսական կողմը։

Ֆիդան-Նարիշկին հանդիպման վերաբերյալ թուրքական Sabah թերթն էր հայտնել, հղում անելով դիվանագիտական աղբյուրների։ Իսկ ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ Ֆիդանը ՌԴ պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկել է Ուկրաինայի կարգավորմանը, Գազայում, Սիրիայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները։

Նիժնի Նովգորոդում BRICS-ի ԱԳ նախարարների խորհրդակցության շրջանակում Ֆիդանը հանդիպեց նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Լավրով-Ֆիդանի բանակցությունները օգտակար են եղել, նշել է ՌԴ արտգործնախարարը: Հայտնի է, որ այս բանակցությունների ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտնեց. «Կողմերն անդրադարձել են միջազգային օրակարգի հիմնական խնդիրներին, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում եւ Անդրկովկասում տիրող իրավիճակին»։

Ռուս մի շարք պաշտոնյաների հետ հանդիպումից հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ազդարարեց, թե «ռուս-թուրքական օրակարգը ավանդաբար շատ մեծ է, քննարկման բազմաթիվ թեմաներ կան» եւ Ֆիդանը «պետության ղեկավարին կպատմի դրանց մասին»:

Հունիսի 11-ի երեկոյան կայացավ Պուտին-Ֆիդան հանդիպումը: «Մենք գոհունակությամբ ենք հետեւում Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմանը, իհարկե, մեր ընկերոջ՝ Թուրքիայի Հանրապետության նախագահի ղեկավարությամբ եւ անմիջական աջակցությամբ», – ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը։

Սակայն ուշագրավ էր Պուտինի խոսքի տողատակերում թաքնված ակնկալիք-պահանջը պաշտոնական Անկարայից, որը լրատվամիջոցների ուշադրությունից վրիպել էր. «…Իրավիճակը պահանջում է առավել մանրակրկիտ քննարկում, սերտ համագործակցություն տարածաշրջանային հարցերով, անվտանգային հարցերի շուրջ»:

Ըստ երեւույթին, Պուտինն այնքան էլ գոհ չէ Անկարայի հետ շփումների ներկայիս մակարդակից, ինտենսիվությունից, եւ ձեռքբերված երբեմն պայմանավորվածությունների կատարման ընթացքից:

Ակնհայտ է, որ Ֆիդանի ռուսաստանյան բանակցություններում Հայաստանի հետ խնդրի թեման առաջնահերթություններից մեկն է եղել: Բացի այդ, Սերգեյ Շոյգուի, Սերգեյ Նարիշկինի եւ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումներից հետո Կրեմլի խոսնակը հայտարարեց, որ հանդիպում կլինի ՌԴ նախագահի հետ: Ըստ ամենայնի, Պուտինի հետ հանդիպում նախատեսված չի եղել, եւ միայն ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում ձեռք են բերվել կողմերի համար դրական պայմանավորվածություններ, ինչի արդյունքում էլ որոշում է կայացվել նաեւ դրանք քննարկել ՌԴ նախագահի հետ:

Ինչեւէ, այնուհետեւ ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Անկարային ուկրաինական հակամարտության կարգավորմանը նպաստելու ցանկության համար։ «Մենք երախտագիտությամբ ենք ընդգծում մեր թուրք ընկերների կամքը` նպաստելու ճգնաժամային իրավիճակների լուծմանն, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված»: Պուտինը շնորհակալություն է հայտնել նաեւ Ֆիդանին բանակցային գործընթացին աջակցելու, ուկրաինական բանակցությունների հարցով ստամբուլյան հարթակը տրամադրելու համար։

Վլադիմիր Պուտինն ակնկալում է հուլիսին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Պուտինն այս մասին բարձրաձայնեց Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը։ Հուլիսի 3-4-ը Աստանայում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։

Տեւական ժամանակ է ինչ ռուսական եւ թուրքական մամուլը գրում է Պուտին-Էրդողան հանդիպման մասին, որը պարբերաբար հետաձգվում է: Բազմիցս հայտնել են Պուտինի՝ Թուրքիա այցի հնարավորության մասին, սակայն պաշտոնական Անկարան չի հաստատել այդ տեղեկությունը։

Թուրքիայում Պուտինին սպասում են մարտի 31-ից հետո: Պուտինի այցի հնարավորության մասին մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո խոսել էր նաեւ նախագահ Էրդողանը: Ավելի վաղ Reuters-ն էլ հաղորդել էր, թե Պուտինը Թուրքիա պետք է մեկնի փետրվարի 12-ին եւ դա կլինի նրա առաջին այցը ՆԱՏՕ-ի անդամ պետություն՝ 2022թ. փետրվարին Ուկրաինա ներխուժումից ի վեր։

Պուտինի վերջին օրերի մի քանի հայտարարություններում Թուրքիայի վերաբերյալ որոշակի անհանգստության նոտաներ են հնչում: ՌԴ նախագահը նաեւ արտասահմանցի լրագրողների հետ հարցազրույցում օրեր առաջ Թուրքայի հետ տնտեսական համագործակցությանը հավատարիմ մնալու վերաբերյալ որոշակի ակնարկներ արեց, կարծես, հույս հայտնելով, որ Թուրքիան չի շեղվի Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցությունից:

Իսկ օրերս ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարեց Թուրքիայի F-16 կործանիչների գնման եւ արդիականացման գործընթացում գրանցված առաջընթացի մասին։ Սա եւս մի քայլ է, որը Մոսկվայի համար, մեղմ ասած, այնքան էլ դուրեկան չէ:

Ըստ Ermenihaber-ի` ամերիկյան կործանիչների վաճառքը հաստատվում է այն բանից հետո, երբ անցյալ ամիս ԱՄՆ Կոնգրեսը որոշեց չարգելափակել վաճառքը: «Միացյալ Նահանգները հպարտ է հայտարարելու Թուրքիայի կողմից նոր F-16 Block 70 կործանիչների ձեռքբերման հարցում գրանցված առաջընթացի մասին։ Երբեւէ ստեղծված ամենաառաջադեմ F-16-ները հասանելի են միայն մեր ամենամերձավոր դաշնակիցներին եւ գործընկերներին»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ռազմաքաղաքական հարցերով բյուրոն։ X-ում հրապարակված հաղորդագրությունում գերատեսչությունը նաեւ ընդգծել է. «Սա Թուրքիայի հետ անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների հավատարմության հերթական օրինակն է»։ Հիշեցնենք, որ Թուրքիան այդ կործանիչների համար դիմում էր ներկայացրել երեք տարի առաջ, սակայն ԱՄՆ-ը հետաձգեց իրագործումը, քանի որ Անկարան հրաժարվում էր հաստատել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Ալիեւն Անկարայում էր

Ռուս-թուրքական բանակցություններից մեկ օր առաջ, հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահն էլ Թուրքիա մեկնեց:

Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով էր աշխատանքային այցով մեկնել Թուրքիա: Թուրքական լրատվականները հայտնում էին, որ Էրդողանի եւ Ալիեւի օրակարգում տարածաշրջանային զարգացումների եւ միջազգային թեմաներն են, երկկողմ հարաբերությունների վիճակը եւ թուրք-ադրբեջանական համագործակցության հետագա խորացման հեռանկարը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը, ռուս-թուրքական բանակցություններից մեկ օր առաջ, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, թե` Թուրքիան հետեւում է Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների հեռանալու գործընթացին…

Նա այսպիսով ընդգծեց, որ ավարտված է համարում խաղաղապահ առաքելությունը: Հիշեցնենք, որ ապրիլի կեսերից մեկնարկեց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը նախատեսված ժամկետից շուտ Ղարաբաղից դուրս բերելու գործընթացը։

Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ըստ թուրքական լրատվամիջոցների, Էրդողանը նաեւ նշել է, որ հետեւում է իր խոսքով՝ «ազատագրված» տարածքներում «շինարարական աշխատանքներին»։

Հայտնի է, որ Էրդողան-Ալիեւ հանդիպմանը ի թիվս այլ հարցերի` քննարկվել է համագործակցությունը պաշտպանական եւ ռազմարդյունաբերական ոլորտներում։ Էրդողանը նաեւ հայտարարել է, որ մասնակցելու է Շուշիում հուլիսին կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Ալիեւը Էրդողանին կրկին հրավիրել է Ադրբեջան COP29-ին մասնակցելու համար։ Էրդողանը շնորհավորել է Ալիեւին Ադրբեջանում COP29-ի անցկացման կապակցությամբ եւ ընդունել միջոցառմանը մասնակցելու հրավերը։

Էրդողանն ու Ալիեւն, այսպիսով, եւս մեկ անգամ ընդգծեցին Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ եղբայրական, բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացումը։ Նրանք քննարկել էին երկու երկրի միջեւ էներգետիկ, տրանսպորտային, տնտեսական, առեւտրային կապերի ընդլայնումը, պաշտպանական, ռազմարդյունաբերական եւ այլ ոլորտներում համագործակցության հարցեր։ Նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հնարավորությունների ընդլայնումը, երկու երկրի համատեղ գործունեության կարեւորությունը Միջին միջանցքի զարգացման գործում։

Բայրամովը եւ Ֆիդանը քննարկել էին տարածաշրջանային հարցեր

Մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն աշխատանքային այցով գտնվում էր Թուրքիայում, Էրդողան-Ալիեւ բանակցությունների ֆոնին նույն օրը կայացել էր հանդիպում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ, որի ընթացքում քննարկվել էր երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր։ Ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Բաքվի եւ Անկարայի միջեւ երկկողմ դաշնակցային հարաբերությունների տարբեր ասպեկտներ եւ տարածաշրջանային խնդիրների հետ կատարված հարցեր։

Այսինքն, պաշտոնական Անկարան` Էրդողանի ու Ֆիդանի մակարդակով մինչեւ Թուրքիայի ԱԳ նախարարի Մոսկվա մեկնելը, ադրբեջանցի պաշտոնյաների հետ բանակցություններ է վարել:

Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման հարցն, ակնհայտորեն, Անկարա-Բաքու-Մոսկվա բանակցություններում այս փուլում նշանակալի տեղ է զբաղեցնում: Թե ինչ ետնաբեմային պայմանավորվածություններ են ձեռքբերվել, ինչ զարգացումներ կհետեւեն վերջին օրերի բանակցություններին, պարզ կլինի մոտ ապագայում:

Նկատենք, որ չնայած Հայաստանի իշխանությունների հարմարվողական կեցվածքին, իրականացրած մի շարք զիջումներին Ադրբեջանի հետ խնդիրներում, Երեւան-Անկարա շփումները այդպես էլ չեն վերսկսվում, իսկ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացում հնարավորությունը չի էլ նշմարվում:

Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է եւ արդեն պատրաստ է, օրերս ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի հատուկ բանագնացն է: «Խոսքը 2022թ. հուլիսին ձեռք բերված պայմանավորվածության մասին է, ըստ որի՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային սահմանը պետք է բացվի 3-րդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար: Հայկական կողմից մենք բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել ենք եւ ավարտել, անցակետը պատրաստ է գործունեության համար: Թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ, բայց հույս ունենք, որ այդ քայլերը կիրականացվեն»,-նշեց նա:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 13.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930