Հայաստանի ազգային արխիվի տնօրենի տեղակալ Արտակ Սիմոնյանի դիտարկումները
ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային արխիվն արդեն 100 տարեկան է: Հայաստանի ազգային արխիվի ստեղծումը նշանակալից իրադարձություն էր: Այն կարեւոր դերակատարություն ունի հայ ժողովրդի պատմության, գիտության զարգացման ու պատմամշակութային ժառանգության պահպանման գործում: «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի տնօրենի տեղակալ Արտակ Սիմոնյանը նշեց, որ արխիվը բազմաֆունկցիոնալ կառույց է՝ մշակույթի, ժառանգության ու փաստաթղթերի պահպանության առումով, այնտեղ պահպանվում են ինչպես թղթային, այնպես էլ միկրոժապավենային ու տարբեր կրիչներով փաստաթղթեր, վավերագրեր: Փոխտնօրենի խոսքով՝ Հայաստանի ազգային արխիվը ներկայումս թվայնացման գործընթաց է սկսել, դրան կնպաստի նաեւ ստացված դրամաշնորհը:
Նշենք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), համագործակցելով Creative Armenia-ի հետ եւ ԵՄ ֆինանսավորմամբ, նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար արդյունաբերությունը։ Եվ Հայաստանի ազգային արխիվը մեկն է այն հաստատություններից, որին այդ նպատակով դրամաշնորհ էր տրվել:
«Մեր միկրոֆիլմերը կարդացող սարքը բավականին հնամաշ էր, մեծ կարիք կար նման սարքավորումներ ձեռք բերելու, եւ լավ է, որ այդ ամենը համընկավ «Կատապուլտ» ծրագրի հետ: Բարեբախտաբար, մենք եւս դարձանք դրամաշնորհառու: Մրցույթ ենք հայտարարել, կա հաղթող կազմակերպություն: Ցանկանում ենք ձեռք բերել արդիական տեխնիկա՝ միկրոֆիլմ կարդացող, սկանավորող, արտաքին հիշողության սարքեր, համակարգիչ: Այդ ամենը հնարավորություն կտա իրականացնել արխիվում տեւական ժամանակ պահպանվող միկրոֆիլմերի թվայնացումը եւ նպաստել տեղեկատվության հանրահռչակմանը:
Կարդացեք նաև
Ինչպես արդեն նշեցի, սարքավորումների ձեռքբերման փուլում ենք, ծրագրի ավարտը մինչեւ 2025թ. ավարտն է, կթվայնացնեք միկրոֆիլմերը, փաստաթղթերը, տեղեկատվությունը կհրապարակվի մեր նորացված կայքէջում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀԲԸՄ-ին, որ նման ծրագրեր է իրականցնում, որովհետեւ պետական կառույցները սովորաբար քիչ են ընդգրկվում նման ծրագրերում»,-ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրենի տեղակալ, ծրագրի պատասխանատու Արտակ Սիմոնյանը:
Նա տեղեկացրեց, որ մեկ այլ դրամաշնորհով իրականացվել է «Երեւան քաղաքի պատմամշակութային նշանակության կառույցներին վերաբերող արխիվային նյութերի գիտատեղեկատու շտեմարանի կազմում եւ թվայնացում» ծրագիրը՝ ԵՀՀ-ի եւ Շվեդական կառավարության ֆինանսական աջակցությամբ:
Մեր զրույցի ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ եղավ Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակի միջոցառումներին: Ամիսներ առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային համաժողովի հետ համագործակցությամբ կազմակերպվել էր «Արխիվներ՝ մարդկության հիշողությունը» միջազգային ու բավականին ներկայացուցչական գիտաժողովը: Հայաստանի ազգային արխիվը ներկայացրել էր արխիվային բացառիկ փաստաթղթերի ցուցադրություն, հրատարակվել էր նաեւ Հայաստանի ազգային արխիվում պահվող արժեքավոր փաստաթղթերի պատկերագիրք։
Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրենը մեկ այլ կարեւոր ցուցադրության մասին էլ հիշեցրեց. Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ՝ ներկայացվել էր կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն։ Ներկայացված էին բացառապես Հայաստանի ազգային արխիվում պահպանվող հանրությանը քիչ հայտնի արխիվային նյութեր ու փաստաթղթեր՝ Արամ Խաչատրյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ, ընտանեկան լուսանկարներ, Հայաստանի, ինչպես նաեւ տարբեր երկրների կառավարություններից եւ մշակութային օջախներից ստացված փաստաթղթեր՝ մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական հաջողությունների եւ գնահատականների մասին, ինչպես նաեւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում պահպանվող նյութերից՝ կոմպոզիտորի կենսագործունեության վերաբերյալ փաստաթղթեր, անձնական իրեր, ինչպես նաեւ նրա դիրիժորական փայտիկը:
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առիթով Հայաստանի ազգային արխիվի կայքէջում հրապարակվել էին Ցեղասպանությունից փրկված կարինցի կանանց վկայությունները՝ Կարինի բնակչության տեղահանության, տղամարդկանց կոտորածի եւ իրենց տանջանքների մասին: Հավելենք, որ Հայաստանի ազգային արխիվում պահպանվում են Հայոց ցեղասպանությանը վերաբերող հազարավոր փաստեր, նյութեր, լուսանկարներ, վավերագրություններ, տեսաֆիլմեր, հուշագրություններ, նամակներ եւ վիճակագրական աղյուսակներ։
Արտակ Սիմոնյանն ասում է, որ Հայաստանի ազգային արխիվը գործում է իր հնարավորությունների սահմաններում՝ իր ռազմավարությանը համահունչ. «Արխիվային աշխարհը գնում է թվայնացման, մենք եւս գնում ենք այդ ճանապարհով, մեր բոլոր արժեքավոր փաստաթղթերը թվայնացվելու են, որպեսզի կարեւոր տեղեկատվությունը հասու լինի ուսումնասիրողներին, իսկ բնօրինակները պահպանվեն հավուր պատշաճի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Լուսանկարները՝ Հայաստանի ազգային արխիվի ֆեյսբուքյան էջից: