Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում՝ Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, լսվել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի բանտային կալանքը երկամսյա տնային կալանքով փոխելու միջնորդությունը։
Հիշեցնենք՝ Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ։
Նրա պաշտպան Ռոման Երիցյանը որոշակի մանրամասներ հայտնեց դատական նիստից։
Նա ասաց․ «Նախևառաջ մեզ շատ գրավեց այն հանգամանքը, որ դատարանը ի սկզբանե՝ նիստը սկսելուց առաջ, քննության առնելով մեր բացարկի միջնորդությունը, հայտարարեց, որ այս գործով ցուցաբերելու է անկողմնակալություն, քանի որ հավատարիմ է դատավորի երդմանը։
Կարդացեք նաև
Դա շատ մեծ վստահություն է ներշնչում, կտեսնենք՝ այդ արտահայտությունը կկրի ձևական, թե իրական բնույթ։ Իսկ ինչ վերաբերում է նիստին, նիստի ընթացքում վերստին համոզվեցինք այն հանգամանքում, որ քաղաքապետին ներկայացված մեղադրանքը կրում է քաղաքական բնույթ, այն որևէ կերպով հիմնավոր կասկածի նվազագույն շեմը չի հաղթահարում։
Ինչ է նշում քննիչը միջնորդության ներկայացման ժամանակ․ նշում է, որ այս ամենի՝ ավտոմեքենաների օտարման հետևանքով տուժել են Ստեփանակերտի բնակիչները։
Ինչպես տեսնում եք, Ստեփանակերտի բնակիչները՝ հարյուրավոր մարդիկ, այստեղ հավաքված են, այն բնակիչները, որոնք բնակվում են Երևան քաղաքում, այստեղ են։ Համացանցում ևս մեծ ակտիվություն կա՝ ինչպես են մարդիկ իրենց աջակցությունը հայտնում Ստեփանակերտի քաղաքապետին։ Եվ չենք հասկանում՝ ինչպե՞ս կարող են Ստեփանակերտի բնակիչները տուժել քաղաքապետի այս կամ այն գործողության հետևանքով, սակայն այդ մասին չբարձրաձայնել։
Եվ քննիչը չի կարող ասել, ցուցադրել անգամ մեկ բնակչի տվյալ, ով բողոք կներկայացնի կամ կասի՝ քաղաքապետի այս գործողության հետևանքով ես տուժել եմ։
Փորձում են դատարանին այնպես ներկայացնել, իբր Ստեփանակերտի քաղաքային համայնքի ղեկավարն, այսպես ասած, հափշտակել է ավտոմեքենաները, այնինչ այդ ավտոմեքենաները տրվել են շահագործող անձանց կողմից, ովքեր դուրս են բերել դրանք Ստեփանակերտից։
Այսինքն՝ քննիչի դիրքորոշումից հետևում է այն, որ եթե այդ ավտոմեքենաները մնային թշնամու տիրապետության տակ, այսինքն՝ հասանելի լինեին ոչ թե հայերին, այլ ադրբեջանցիներին, ապա քաղաքապետին մեղադրանք չէր առաջադրվի»։
Փաստաբանն ասաց, որ դատական նիստի ընթացքից բավական գոհ են, դատարանը ունկնդրել է իրենց, տվել է հարցեր, հնչել են սպառիչ պատասխաններ։
Թե ինչո՞վ կխոչընդոտի Դավիթ Սարգսյանը վարույթն իրականացնող մարմնին, եթե ազատ արձակվի, փաստաբանը մեջբերեց քաղաքապետի խոսքերը, որոնք նա հնչեցրել է դատարանում։
«Ըստ վարույթն իրականացնող մարմնի, Դավիթ Սարգսյանը, մնալով ազատության մեջ, կարող է դիմել փախուստի, Դավիթ Սարգսյանը շատ հետաքրքիր արտահայտություն կատարեց դատական նիստերի դահլիճում, ասաց․ «Ես անգամ ադրբեջանցիներից չեմ փախել, ինչու պիտի քննչական կոմիտեից փորձեմ դիմել փախուստի: Ընդ որում՝ նա առաջին անգամ կալանավորվել է 20 օրով, դատարանը դիտարկել է ոչ ռեալ, այսինքն գտել է, որ փախուստի հիմք չկա։
Երկրորդ հիմքը Քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելն է, սակայն սա ընդամենը հիմք է, որ վկայակոչվում է քննիչի կողմից, անհրաժեշտ որևէ հիմնավորում չի ներկայացվում։ Թե ինչու քննիչն ունի նման կարծիք, հրաժարվում է հարցերին պատասխանելուց, ասում է՝ ամեն ինչ կա միջնորդության մեջ, այն դեպքում, երբ միջնորդության մեջ որևէ բան չկա շարադրված։
Քննիչն ամեն դեպքում տնային կալանքի տակ պահելու իր դիրքորոշումը հիմնավորում է գոյություն չունեցող փաստարկներով, սակայն բոլորիս հասկանալի է, որ նրանց հիմնական նպատակը քաղաքապետին անազատության մեջ պահելն է։
Պատճառը հասկանալի է, 70 տոկոսից ավելի ձայն հավաքած քաղաքապետը իր հանրային հեղինակությունը չօգտագործի Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար»։
Փաստաբանը, ցույց տալով դատարանի բակում հավաքված մեծ թվով մարդկանց, ասաց, որ նրանք կգտնվեն այնտեղ, որտեղ իրենց քաղաքապետն է։ Իսկ քաղաքապետը դատարանի դահլիճում անգամ չի թաքցրել, որ ինքն աջակցում է Բագրատ Սրբազանին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ