Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտային կալանքը կփոխարինվի տնային կալանքով․ ինչ է սպասվում Ստեփանակերտի քաղաքապետին

Հունիս 13,2024 22:55

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում՝ Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, լսվեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը։

Հիշեցնենք, Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ։

Նրա փաստաբան Դավիթ Երիցյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ « Դավիթ Սարգսյանը մեղադրվում է արցախցի լինելու, Բագրատ Սրբազանին հանդիպելու, Նիկոլ Փաշինյանին չաջակցելու և Ստեփանակերտի քաղաքապետարանի տրանսպորտային միջոցները թուրքերին չթողնելու «հանցավոր» արարքների կատարման մեջ»։

Ինչևէ, մի քանի րոպեից դատարանը կհրապարակի իր որոշումը, իսկ մինչ այդ նրա շահերը պաշտպանող փաստաբան Ռուբեն Մելիքյանը որոշակի մանրամասներ ներկայացրեց՝ ասելով, որ նիստն անցել է բարեհաճ մթնոլորտում և որ խոսք է գնում ոչ թե նրա բանտային կալանքի, այլ տնային կալանքի մասին։ Նախաքննական մարմինը երկու ամիս ժամկետով տնային կալանքի միջնորդություն է ներկայացրել։

«Մինչ միջնորդությունը մենք ունենք դրական բան, որը ողջունում եմ, վարույթն իրականացնող մարմինը բերել է դատարան ոչ թե բանտային կալանքի, այլ տնային կալանքի միջնորդություն։ Դա մենք շատ կարևորում ենք, ես ուզում եմ դա հատուկ նշել։ Մենք չենք ընդունում որևէ կերպ, որ այստեղ առհասարակ հանցագործության նշույլ անգամ կա, չենք ընդունում, որովհետև մարդիկ մազապուրծ, եկել են մեքենաներով, և մեքենաները տրվել են նրանց, ովքեր որ բերել են այդ մեքենաները։

Եվ առհասարակ Հայաստանի Հանրապետության կողմից որևէ գույքի հետ կապված հարց բարձրացնելը համարում եմ մեղմ ասած անօրինական։ Ես ուրիշ բառ ունեմ, բայց ես դատարանի բակում չեմ ուզում այդ բառն օգտագործել։ Իրավունք չունեն ընկած մարդու գրպանը մտնել և տեսնել՝  այնտեղ ինչ կա, դրան է շատ նման, բայց եկեք վերադառնանք իրականության դաշտ։

Մենք բոլորս էլ տեսնում ենք, որ մեկ էլ հոպ հունվար, փետրվար ամիսներին իրականացված գործարքների հետ կապված մայիսին ոստիկանությունը, որևէ ստեփանակերտցի չէ, այլ ոստիկանությունը հաղորդում է ներկայացնում քննչական մարմնին, թե պարզեք, տեսեք, այստեղ կեղծիք կա՞։ Որևէ ստեփանակերտցի չի եղել, ոստիկանությունն է, անցյալ անգամ հարցնում, ասում ենք ՝ լավ ո՞վ է եղել տուժողը, պատասխան է հնչում՝  նաև Ստեփանակերտի քաղաքացիներ։

Մենք էլ ասում ենք՝ մի հատ Ստեփանակերտի քաղաքացի գտեք, ով իրեն համարում է Դավիթ Սարգսյանի գործունեությունից տուժած։

Ես ինքս չեմ ճանաչել Դավիթ Սարգսյանին, երբ աշխատել եմ Արցախում, բայց շատ քիչ մարդ կա, որոնց մասին այդքան դրական բան ես լսում։ Այդ խայտառակ բլոկադայի օրերին ոնց էր աշխատում, ոնց էր անում, որ մարդիկ կարողանային դիմանալ։

Ամեն դեպքում իմանանք, որ միջնորդությունը չի վերաբերում բանտային կալանքին, այլ տնային կալանքին, ամեն դեպքում գնահատեք, թեև քաղաքական է ամեն ինչ»։

Փաստաբանը մանրամասնեց, որ դատարանին ներկայացրել են բացարկ, քանի որ վստահություն չունեն դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ։

«Բայց ուզում եմ ասեմ, որ մարդը հղում արեց իր երդմանը, ասաց՝ ես երդում եմ տվել և ես որևէ կաշկանդվածություն չունեմ իմ նախորդ գործունեությամբ։ Մենք ասացինք՝  եթե դուք հղում եք անում ձեր երդմանը, մենք այս անգամ հավատով կվերաբերվենք․ և նիստը բարեհաճ մթնոլորտում անցավ, և մենք որևէ քայլ չարեցինք, որ դատական նիստը որևէ այլ ուղղությամբ գնա։

22․30-ին պարզ կդառնա, երկար չունենք սպասելու»,-ասաց փաստաբանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930