Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա շինությունն այսօր էլ է այստեղ, ինչո՞ւ չեն պաշտպանում, պարզվեց անձին էին պաշտպանում». Իրավապաշտպանը՝ ոստիկանության մասին

Հունիս 13,2024 22:44

«Նայում եմ այսօր ու հիշում եմ երեկը, երբ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ խոսում էինք, բանակցում էինք, թե ինչու են փակել ճանապարհը, բացեն, ասում էին՝ շինությունն ենք պաշտպանում։ Այս շինությունն այսօր էլ է այստեղ․ ի՞նչ փոխվեց։ Պարզվեց շինությունը չէին պաշտպանում․ անձի էին պաշտպանում։ Շինությունները մնալու են, անձինք գնալու են»,- Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը։

Անդրադառնալով Հաթերքի գյուղապետի ձերբակալությանը՝ հայտարարեց․ «Բռնի կերպով ազատությունից զրկել էին․ 7, 9, 13 տարեկան երեխաներին թողել էին մայրուղու վրա։ Երեխաները ժամերով սպասել էին՝ մինչև այլ մարդ կմոտենա, նրանց կտանի։ Ինձ մոտ տպավորություն է, որ մի ուժ մրցույթ է հայտարարել՝ ամենավատ կամ ստոր ոստիկան անվանակարգով, և ինչ-որ անձինք մասնակցում են»։

Իրավապաշտպանը, կրկին խոսելով երեկվա մասին, ասաց․ «Ոստիկաններին խնդրել ենք, որ ժամանակ տան, որ լարվածությունն անցնի․ երբ զրուցում էինք, կարծես ամեն ինչ լավ էր, հետո տեղի ունեցավ սադրանքը, որի հետևանքով համոզվեցինք, որ ոստիկանության համակարգում եղած անձանց անկման ձնագունդը սահման չունի։ Երեկ անհամաչափ ուժ կիրառվեց խաղաղ բնակչության նկատմամբ, բազմաթիվ փոքրիկ երեխաներ, սայլակներում երեխաներ։ Վստահ եմ, որ մարդիկ վաղ թե ուշ այդ արարքի համար պատասխանատվություն են կրելու։ Այսօր գրված էր, որ «Զարյա 3» են օգտագործել։ Դա օգտագործում են ահաբեկչական խմբավորումների դեմ՝ հանցագործությունները մեկուսացնելու ժամանակ։ Ստացվում է՝ այստեղ հանցագործնե՞ր էին՝ խաղաղ բնակչությունը, կանայք, փոքրահասակ երեխաները։ Պարզ է, չէ՞, որ տղայի ձեռքը կտրվեց, նույն հաջողությամբ կարող էր այդ նռնակը ընկնել սալյակի մեջ, երեխայի կպչել կամ ինչ-որ մարդու գլխի։ Հողերը հանձնեցին, բայց այլ մարդու ձեռք կտրվեց»։

Իրավապաշտպանը հայտարարեց բոլոր ձերբակալված անձանց անունները և հայտնեց, որ բոլոր ձերբակալված տղաները դիմել են, որ իրենց հանրային պաշտպան տրամադրեն։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930