Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր-վաղը վրանները կհավաքենք․ շարժումը վերակերպավորում է անելու»․ Բագրատ սրբազան

Հունիս 13,2024 22:11

«Չորս օրերի ժամանակը սպառել ենք հաղթանակով»,- Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Նա հիշեցնելով, որ այս չորս օրերի գագաթնակետը պիտի լիներ վերջնականապես այս մարդու հեռացումը, ապա վավերականության առումով՝ այս մարդն արդեն հեռացված է՝ անկախ նրանից՝ ինչ է ուզում անել․ «Տեսեք՝ հիմա այնտեղ ոստիկանություն էլ չկա, բացել են ճանապարհը։ Այս չորս օրերի շրջանը մենք սպառել ենք, բայց դիմացն ունենք ամսի 17-ը, որ պատգամավորական խմբակցությունները նիստ են հրավիրել, որ անվստահության գործընթաց սկսեն։ Այս մարդիկ, որ մինչև հիմա օրենք չեն կատարել, էլի չեն կատարելու։ Բայց վերջին միտքը մեր մտքի մեջ է, նաև այս պահին ընդունեք՝ որպես հորդոր, հանձնարարություն․ բոլոր այդ ՔՊ-ի պատգամավորների հետ, եթե կապ, առնչություն ունեք, ուղղակի զբաղվեք նրանցով, որպեսզի գան, իրենց օրինական գործառույթները կատարեն, քանի որ դուք եք նրանց վճարողը։ Ամսի 17-ին՝ ժամը 18։30-ին է այդ նիստը լինելու։

Վաղվանից այս ավանը չի լինելու, կամ այսօր գիշերը կամ վաղն առավոտից այս ավանը այլևս չի մնա, մեր 96-ժամյա գործընթացն ավարտված է։ Վաղը՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի տարբեր հանդիպումներ պիտի ունենաք նաև քաղաքական ուժերի հետ՝ ոչ բոլորի։ Կհանդիպենք քաղաքական մեր ուժերի հետ։ Ուզում եմ մեր շարժումը վերադասավորել, վերաձևակերպել և առաջիկա ժամանակներում դարձնել ավելի մեծ, ընդգրկուն, ավելի անգույն, ավելի չակնկալիքների մասին, և այս շարժումը հասցնել իր հաղթական ավարտին։

Թեպետ անկեղծորեն խոստովանեմ ձեզ՝ ես երկվություն ունեմ։ Բաց ասում եմ։ Չեմ էլ խաբելու ձեզ։ Մի բան իմացեք՝ ինչ կամ, ձեր դիմաց կանգնած եմ։ Ոչ մի վայրկյան հետին մտքի մասին չմտածեք, քաղաքական կամ այլ շահի մասին չմտածեք, չմտածեք որևէ բան ունենալու մասին։ Եթե նույնիսկ մենակ էլ լինեմ, փողոցում էլ մենակ մնամ, ես չեմ թողնելու սա, այս մարդկանց ստի դեմ ամեն ինչ անելու եմ՝ անկախ նրանից՝ մարդ կա, մարդ չկա, հինգ հոգի են, տասը հոգի են, կապ չունի, մենակ եմ, մենակ Գառնիկի հետ եմ»։

Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովրդի միջից գոչեցին՝ մենք քեզ մենակ չենք թողնի։

Կրկին անդրադառնալով երկվության թեմային՝ Բագրատ սրբազանն ասաց․ «Ի վերջո հոգևորական ծառայությունը, իմ կոչումը լրիվ ուրիշ աստիճանի վրա է, ուրիշ միջավայրում․ անսովոր է այս միջավայրը, անսովոր է այն բառապաշարը ինձ, որը գործածում եմ։ Այդ պատճառով մեր ամբողջ փափագն է եղել, որ այս ամբողջ ժամանակահատվածը ուղղակի քաղաքական առումով վերջնականապես այս մարդկանց հեռացման ժամանակահատվածը լինի։ Պետք է խոստովանեմ՝ մինչև այսօր չի ստացվել, բայց դա չի նշանակում, որ չի ստացվելու։ Բայց ստացվել է շատ ավելի մեծ բան․ ստացվել է այն, որ ամբողջ աշխարհը մտածում էր՝ էս մարդիկ էլ նույնը մտածում էին, որ հայ ժողովուրդը վերջնականապես անպատիվ գերեզման է մտել, և դուք ասել եք՝ ոչ, չի մտել, ոչ միայն չի մտել, այլև մտած էլ չէր»։

Բագրատ սրբազանը, նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասաց․ «Էդ թղթովը կգա, էս սարսափն ու տագնապը,  որ ունեցել են բոլոր այստեղ կանգնած մարդիկ, բոլորը մեկ մարդու պես վկայում են, որ այս շարժման բովանդակության էությունը, էներգետիկան լրիվ այլ է, քանի որ հանրության հաղթանակի տեսիլքով ոտքի կանգնած ժողովուրդը ոտքի է կանգնել մեկ բանի համար՝ հայրենիք ու պատիվ ունենալու»։

Անդրադառնալով իրենց սահմանած 4-օրյա ժամկետին՝ ասաց․ «Էս չորս օրը մենք սահմանել ենք մեր ժամկետը և իրականացրել։ Այն բիրտ ուժը, որ հարձակում է գործել մեզ վրա, ռումբ է նետել՝ կապ չունի, դու պիտի գնաս․ հաստատել ենք դա վերջնականապես։ Եթե մի պահ մեկը արանքով մի բան մտածում էր, էլ հիմա անգամ մտքով էլ չի անցնում։ Եվ դա երեկ հիվանդանոցում մեր ընկերներն են վկայել։ Մեր Գոհար աղջիկը և մնացած բոլորը»։

Բագրատ սրբազանն ասաց․ «Ինձ համար ամենաիդեալականը կլիներ այն, որ ավարտված լիներ այս ամենը, ես էլ վերադառնայի իմ տունը, որը չունեմ Իջևանում, իմ սովորական կյանքին, հարազատ միջավայրն ու մթնոլորտը, որի մեջ մեծացել եմ։ Այս միջավայրը էլ ավելի է հարազատ դարձել ինձ համար։ Բոլորիդ, եթե անունները չգիտեմ, ապա դեմքը հաստատ գիտեմ։ Շատ երկար եմ մտածել․ ես կարող էի գալ, ասել, բարի գիշեր, ինչ կարողացանք, արեցինք, թույլ տվեք՝ ես գնամ»։

Ժողովուրդը գոչեց՝ ոչ։

Բագրատ սրբազանը շարունակեց․ «Այդ պատասխանատվությունը վերցրել ենք, մինչև վերջ պիտի տանենք։ Ի վերջո հավատացել են, չէ՞, հավատացել եք, չէ՞, որ այդպես է եղել։ Եվ դավաճանություն կլինի, ուրացում կլինի հենց անձնական իմաստով էլ, էլ չեմ ասում հավաքական իմաստով՝ թողնել ու տուն գնալը։ Պարտված, ձախողված եղել եմ հազար ու մի բանի մեջ, բայց երբեք խրամատը չեմ լքել։ Սրանով նաև պատասխանատվություն ունեմ երկրի, ժողովրդի, մեր տղերքի առջև, իմ ընկերների, էն տղաների, որոնց էս ձեռքերով մեծացրել եմ, էս ձեռքերով էլ հուղարկավորել եմ, այն ընտանիքների, որոնք ինձ վստահել եմ, որ իրենց զավակներին ես հանձնեմ արքայությանը»։

Նա տեղեկացրեց՝ հունիսի 17-ին հենց այստեղ են հավաքվելու, այնուհետև նշեց՝ վրանները կհավաքեն․ «Կարիք չկա այստեղ մնալու, ոչ էլ հազար ու մի տեսակի հիշողությունների կարիք կա։ Ամսի 17-ին այդ նիստն է տեղի ունենալու՝ ժամը 18։30-ին։ Այստեղ կհավաքվենք հենց ժամը 18։30-ից։ Մինչ այդ զբաղվեք այդ մարդկանցով՝ ՔՊ-ից»։

Նա ասաց՝ շարժումը վերադասավորման կարիք ունի․ «Ավելի ընդգրկուն, ներառական, ավելի քաղաքացիական հզոր ճնշող, մեծացող և ավելի հաղթանակին պիտի լինի․ ոչ միայն ձգտող, այլև հաղթանակ կնքող։ Գիտեմ, որ մեզ համար անսովոր է, բայց հիշեք 1988-ը․ շուրջ 3 տարի է տևել մինչև ՀՀ-ի անկախության հռչակումը և 6 տարի է տևել արցախյան ազատամարտով ամփոփելու այդ փուլը։ Ոչ երեք տարվա մասին եմ խոսում, ոչ վեց․ խոսում եմ շատ կարճ ժամանակի մասին։ Վերադասավորման մասին էլ՝ ժամանակը ցույց տվեց, թե ինչ ձևավորումներ, ինչպես կարող են լինել, որտեղից կարող են հարվածներ լինել, ով ինչ խոստումներ է տվել, չի իրականացրել, ով ինչ խոստումներ է տվել էդ պահին մի տեղ եկել, նկարվել է, որ մեծավորներին ուղարկեն։ Բոլորը տեսել ենք։ Հետևաբար մեր առաջիկա հավաքը լինելու է ամսի 17-ին»։

Նա վստահեցրեց՝ չի սահմանափակվելու միայն Երևանի կենտրոնով այլ ողջ երկրով հարավից հյուսիս, նաև սփյուռքով․ «Տևական գործ է։ Եվ, ամենակարևորը, եթե կացինը չսրենք, ծառը չի կտրվելու։ Մենք ուզեցինք մեր կացինով ու սղոցով այդ ծառը կտրել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930