Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ով այս պահին սպասում է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի՝ կալանքը երկարացնելու միջնորդության քննությանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն հասցեագրված մի քանի մեղադրանքների։
«Առաջիկայում հանրային ձևով կանդրադառնամ Ազգային Ժողովում հնչած բոլոր հայտարարություններին և հանրությունը կտեղեկանա ճշմարտությանը։
Այն հայտարարությունները, որոնք այսօր հնչել են Ազգային ժողովում, որևիցե կապ չունեն իրականության հետ, դա հերթական մանիպուլյացիան է՝ ժողովրդի կարծիքով։
Մի քանի հարցի կուզենայի անդրադառնալ, առաջինը նրան, որ արցախցիները և Արցախի կառավարությունը դիմացել են երկու ժամ, որից հետո խնդրել ենք դուրս գալ այդտեղից։ Դա այդպես չէ, արցախցիները դիմացել են 32 տարի, 7 տարեկանից բարձր ցանկացած արցախցի երեխա տեսել է 3 լայնածավալ պատերազմներ։
Կարդացեք նաև
Ինչ կապված է վերջին գործողությունների հետ՝ ես իմ ելույթներում նշել եմ՝ ժամեր անց մենք հասկացել ենք, որ մենք մենակ ենք և դիմադրել 1-ը 12 հարաբերությամբ՝ զինված ուժերին Ադրբեջանի հնարավոր չէր և պետք էր փրկել կյանքեր։
Պետք էր ամեն քայլի գնալ և փրկել կյանքեր, ինչը Արցախի կառավարությունն արել է։
Ինչ վերաբերում է, թե մենք այնտեղ միլիարդավոր զենքեր ենք թողել՝ սարքին-կարգին, յուղած, ուզում եմ տեղեկացնել՝ Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա սպառազինությունը ում հաշվեկշռում էր գտնվում և ով էր պատասխանատու այդ սպառազինության համար, ում էր ենթարկվում պաշտպանության բանակը։
Ուզում եմ նշել, որ վերջերս նաև Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն անդրադարձել է իր ելույթում այդ հարցին, նշել է, որ մինչև վերջին օրը պաշտպանության բանակը ենթարկվում էր Հայաստանի կառավարությանը և հանդիսանում էր Պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանում։ Սա այն ճշմարտությունն է, որ մեր ժողովուրդը պետք է իմանա և չփորձեն մեղավորներ գտնել այդ հարցում»։
Անդրադառնալով Բաքվում գերեվարության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնց Նիկոլ Փաշինյանը դասալիքներ է կոչել, Սամվել Շահրամանյանն ասաց․ «Ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը գտնվում է Բաքվում, կենդանի պատանդ է մնացել և ապահովել մեր բնակչության դուրս բերումը։ Ավելի մանրամասն կանդրադառնամ մոտ ապագայում»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ