«Երբ արդեն ոստիկանությունը չէր տիրապետում իրավիճակին, ենթադրում եմ, որ դրանից որոշեցին լուսաձայնային նռնակ կիրառել․իրենք տեսան, որ իրենց ղեկավար կազմից, փոխոստիկանապետին գետնին են գցել, կադրերը կան, հասկացան, որ իրենց վիճակը շատ վատ է, հասկացան, որ ժողովրդի ցասումն ավելին է, քան իրենք փորձում են ներկայացնել, թե իբր շարժումը գնալով մարում է։ Երեկվա ոչ իրավաչափ ուժի կիրառումից հետո նույնիսկ չեզոք մարդիկ են սկսել միանալ շարժմանը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է «Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանը, որը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներից է եւ երեկ ներկա է գտնվել Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում տեղի ունեցած ոստիկանական գործողություններին՝ բիրտ ուժի կիրառմանը։
Նա էլ շատերի նման պնդում է՝ լուսաձայնային նռնակներ կիրառելուց առաջ ոստիկանությունը հայտարարություն չի արել, որ հատուկ միջոցներ է կիրառելու։
Մնացականյանը պատմում է․«Առաջին հրմշտոցը, դավկան Դեմիրճյան փողոցի վրա եղավ, երբ պատգամավորները ուզեցին գնալ հասնել իրեն գործընկերներին ԱԺ-ում, ենթադրում եմ, որ իրենց ասացին, որ ԱԺ-ում Սեյրան Օհանյանին խփել են, անհանգստացան, ու սկսվեց դավկան։ Հաջորդ դավկան տեղի ունեցավ, երբ որոշ քաղաքացիներ էլ ցանկացան գնալ ԱԺ, որպեսզի օգնեն ընկերներին։ Այդտեղից սկսվեց անկառավարելի իրավիճակ, ոստիկանությունը կորցրեց կառավարումը, չէին տիրապետում իրավիճակին։ Մենք կանգնած էինք ոստիկանների եւ ժողովրդի արանքում, որպեսզի խժդժություններ չլինեն։ Այս ընթացքում, երբ ժողովուրդը նկատեց, որ այգում կարմիր բերետավորներն ինչ որ մարդկանց նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելով, խուլիգանական ձեւերով ծեծում էին, գոռոցներ սկսվեցին, ասացին՝ այգում ծեծում են խաղաղ ցուցարարներին, շատերը գնացին դեպի այդ կողմ, քաղաքացիները Բաղրամյանից, որոշները Դեմիրճյան փողոցից մոտեցան, որպեսզի ոստիկանների ձեռքից փրկեն ծեծվող խաղաղ ցուցարարներին, կադրերը կան, էդտեղ պարզ երեւում է, թե ինչու ժողովուրդը միանգամից ագրեսիվացավ։
Ոստիկանները լկտիաբար ծեծում էին ցուցարարներին, ոչ թե ուզում էին մեկուսացնել, բերման ենթարկել, կարգի հրավիրել, այլ փողոցային կռվի մակարդակի ծեծում էին՝ քացով, վիրավորական արտահայտություններով, նվաստացնող ձեւերով։ Ես երբ փորձում էի այնպես անել, որ մատղաշ ծառերը չվնասեին, պահեի, չստացվեց, գնացինք այգի ու հասկացա, որ իրավիճակն արդեն ոստիկանության ձեռքում չէր։
Կարդացեք նաև
Ոստիկանության որոշ բարձրաստիճան սպաներ իրենց ոչ վայել էին պահում, ենթադրում եմ, որ հասկացան, որ իրավիճակին չեն տիրապետում, էլ չեն կարողանում կառավարել, որոշեցին նետել լուսաձայնային նռնակները։ Մարդիկ կային՝ վախեցան, որոշները հակառակը՝ ավելի ագրեսիվացան դրանից։ Ես փորձում էին հանգստացնել, որ բիրտ ուժ չկիրառեն, քանի որ կանայք, երեխաներ, տարեցներ կային, նրանց զայրույթը տեղին էր, քանի որ տեսել են, թե ոնց են ոստիկանները ծեծում մի քանի տասնյակ ցուցարարներին ոստիկանությանը ոչ վայել, ոչ դեմոկրատական մեթոդներով»։
Մնացականյանի խոսքով՝ այնպիսի տպավորություն էր, որ ոստիկանությունը հատուկ էր այդպես անում, որպեսզի ժողովրդին «գազազացնեն»։
«Անհամաչափ եւ ոչ իրավաչափ ուժ կիրառեցին, մեր քաղխորհրդի անդամ Արման Ավետիսյանն ծանր վնասվածքներ ունի, ոտքն են վնասել»,-ասում է Մնացականյանը։
Նրա ներկայությամբ՝ շտապ օգնությունն էլ պատշաճ չէր պատրաստվել, ասում է սկզբում շտապ օգնության մեկ մեքենա մոտեցավ, ու մի քանի քաղաքացու նստացրեցին այդ մեքենան՝ օգնություն ստանալու համար․«Մյուս մեքենան եկավ մոտ քսան րոպե հետո, այն դեպքում, երբ մի կիլոմետրից էլ քիչ տարածության վրա է գտնվում կենտրոնի եւ հիմնական շտապ օգնության կայանը, Նաիրի ԲԿ-ի մոտ է, երեք րոպեում կարող էր հասնել։ ԱԻՆ, ՆԳՆ, քաղաքապետարանի առողջապահության վարչություն, պետք է ցրել։ Գիտեն, որ հազարավոր մարդիկ կան ցույցի տեղը, սրված իրավիճակ է, տեսնում են, ոստիկանական տարբեր ուժեր կան, այդտեղ պետք է 20 մեքենա լիներ»։
Մնացականյանի պատմելով՝ երբ փորձել է պարեկներից օգնություն խնդրել, 20-30 պարեկից որեւէ մեկը չի արձագանքել․«Պռոշյան փողոցի մոտի պարեկները, որոնք որեւէ կապ չունեին ցույցը հսկելու հետ, մոտեցա նրանց ու խնդրեցի շտապ օգնություն կանչեն, որեւէ մեկը չզանգեց, չէին պատասխանում, շրջվում էին մեջքով։ Հարգանքով ասում էի՝ տասնյակ վիրավորներ կան, շտապ օգնություն կանչեք, ասում էին՝ մեզ ասել են, որ արդեն կանչել են։ Իրենց բարեփոխումները կարող են աղբամանը նետեն, պատասխանատու կառույցները վատ աշխատեցին, կարծես դիտավորյալ էին անում»։
Ոստիկանության երեկվա գործողություններից տուժել են լրագրողներ, օպերատորներ։
Պաշտոնական տվյալներով՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ եւ 1 ոստիկան։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ