«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը դատապարտում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրերին ՀՀ դե-ֆակտո իշխանությունների քաղաքական հրահանգավորմամբ գործող ուժային համակարգի գործողությունները, որ սպառնում են և վնասում են քաղաքացիների կյանքին, առողջությանը և գույքին։ Այդօրինակ երևույթներն իրենց գագաթնակետին են հասել ս․ թ․ հունիսի 12-ին ԱԺ հարակից տարածքում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների դեմ անհամաչափ, բռնի և առերևույթ անօրինական գործողություններով, այդ թվում՝ քաղաքացիների առողջության և կյանքի համար էական վնաս պարունակող լուսաձայնային նռնակների կիրառմամբ։
«Հայկական նախագիծը» կոչ է անում ուժային համակարգի ծառայողներին՝ ցուցաբերելու առավելագույն զսպվածություն և հիշելու, որ Հայաստանի քաղաքացիների շրջանում իրենք թշնամիներ չունեն։
Մեր զորակցությունն ենք հայտնում իշխանական բռնությունների հետևանքով վնաս կրած քաղաքացիներին։ Գնահատանքի է արժանի խաղաղ անհնազանդության ակցիաների բոլոր մասնակիցների քաղաքացիական խիզախությունը, ինչպես նաև նրանց բժշկական և իրավաբանական աջակցություն ցուցաբերող մասնագետների պատրաստակամությունն ու արհեստավարժությունը։