Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր բերետավորները վազելով եկան, մենք ձեռքներս վերեւ պարզած կանգնած էինք, սկսեցին մահակներով խփել։ Էդտեղից լարումը մեծացավ»․ Արտավազդ Ալավերդյան

Հունիս 13,2024 18:35

«Կարմիր բերետավորները վազելով գալիս էին՝ մեզ խփում, փախչում, խփում՝ փախչում, բայց մենք հանգիստ կանգնած էինք, ոչինչ չէինք անում»,-Aravot.am-ի հետ զրույցում Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում տեղի ունեցած երեկվա ոստիկանական բռնությունների մասին պատմում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներից Արտավազդ Ալավերդյանը, որը Վանաձորի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարն է։

Ալավերդյանը տուժել է կարմիր բերետավորների հարվածներից, վնասվածք է ստացել, բայց ասում է․ «Մարդիկ էնպիսի լուրջ վնասվածքներ են ստացել, որ ես ամաչում եմ իմի մասին խոսել»։

Նրա պատմելով ինքն առաջին շարքերում է եղել, Սիրահարների այգուն մոտ տեղադրված ճաղերի մոտ՝ ոստիկանների եւ քաղաքացիների արանքում․ «Սրբազանն էր խոսում, սպասում էինք, թե ինչ է կատարվելու։ Հանկարծ ծեծուջարդ սկսվեց եւ  մարդիկ սկսեցին շարժվել առաջ։ Կարմիր բերետավորները վազելով եկան, մենք ձեռքներս վերեւ պարզած կանգնած էինք առաջին գծում, հանգստացնում էինք, որպեսզի լարվածությունը թուլանա,  բերետավորներն ուղղակի վազելով եկան ու սկսեցին մահակներով խփել, էդտեղից լարումը մեծացավ, կատարվեց այն, ինչ կատարվեց ու լուսաձայնային նռնակներ արձակեցին»։

Ալավերդյանն ասում է՝ լուսաձայնային նռնակներ նետելու մասին նախազգուշացում չի եղել․ «Հորդորում էին զերծ մնալ պրովոկացիաներից, իսկ պրովակացիան որն է,  նույն խոսքերն էին, որ իշխանությանը ասում էին, դրա համար էլ ժողովուրդը հավաքվել է, երբեմն սուր նաեւ ոստիկանության հասցեին՝ ո՞ւմ եք ծառայում, ինչի՞ եք ծառայում։ Ես պրովոկացիոն բան չեմ տեսել։ Սրբազանն ու մենք միշտ կոչ էինք անում, որ մարդիկ հանկարծ պրովոկացիոն բաներ չանեն, ով էլ անի՝ շարժումը կապ չունի։ Ամեն դեպքում՝ այդ ժամանակ պրովոկացիա չի եղել»։

Ալավերդյանի կարծիքով՝ ոստիկանությունը շատ սխալ ձեւով է կիրառել հատուկ միջոցները։ Ասում է՝ այդ նռնակները նետեցին հավաքված մարդկանց խորքը, որտեղ կային երեխաներ, մարդիկ, որոնք կենտրոնական մասից էլ հեռու էին, բախումներին չէին մասնակցում, հեռվից նայողներն էին․ «Ընդ որում՝ շատ խիտ օգտագործեցին, մեկ-երկու հատ չէր, շատ օգտագործեցին, կրակն էլ շատ օգտագործեցին։ Նույնիսկ եթե իրենց ռեգլամենտով պետք է օգտագործեին, նման խտությամբ օգտագործելու դեպքում ռիսկերը մեծանում են։ Լուսաձայնային նռնակները երբ օգտագործեցին, խուճապ առաջացավ, մարդիկ սկսեցին փախչել՝ իրար տրորելով, հնարավորություն չկար հետ գնալու»։

Ալավերդյանի խոսքով՝ նռնակների արձակումից առաջ էլ հրմշտոց, իր խոսքով՝ «դավկա» սկսվեց․ «Սրացում չկար, հետեւեց մարդիկ խիտ էին կանգնած, դիմացը՝ ոստիկանական պատ էր, օդը չէր հերիքում, դավկա սկսվեց, ամեն կողմից հրում էին ու դրանից էլ շատ մարդ տուժեց։ Տպավորություն էր, որ տարբեր հրահանգներ էին ստանում ու տարբեր մոտեցումներով էին գործում՝  ըստ գլխարկի գույնի»։

Ոստիկանության երեկվա գործողություններից տուժել են լրագրողներօպերատորներ,։

Պաշտոնական տվյալներով՝ Բաղրամյան պողոտայում  տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով  բուժօգնության է դիմել  101 քաղաքացիական անձ եւ 1 ոստիկան։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930